ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿ, առանձնասենյակ, աշխատասենյակների հիմնական կահավորանքը աշխատասեղաններն ու բազկաթոռներն են, գրապահարաններն ու գրաղարակները։ Առանձնասենյակում աշխատասեղանի մակերեսի չափերը պետք է լինեն առնվազն 140x70 սմ։ Մեծ նշանակություն ունի աշխատանքային մակերեսի ճիշտ օգտագործումը։ Աշխատանքային տարածության հիմնական մասն անմիջականորեն նստողի առջևի մակերեսն է իրենից 50-60 սմ դեպի աջ ու ձախ և սեղանի առջևի եզրից 70 սմ հեռավորությամբ։ Այստեղ պետք է տեղավորվեն աշխատանքի ժամանակ օգտագործվող անհրաժեշտ նյութերը։ Սեղանի աջ և ձախ անկյուններում ավելի հարմար է տեղավորել կազմակերպական տեխնիկայի առարկաներ (օրինակ, դիկտոֆոն, քարտարան ևն), ինչպես նաև տեղեկատու գրականություն, սեղանի օրացույց։

Հեռախոսն ավելի լավ է դնել ոչ թե հենց սեղանի, այլ նրանից ձախ հատուկ պատվանդանի կամ կողասեղանի վրա։ Եթե սենյակի մակերեսը թույլ է տալիս, նպատակահարմար է հիմնական աշխատասեղանից ձախ տեղավորել ավելի փոքր չափի լրացուցիչ սեղան, որի վրա կարելի է դնել գրամեքենան (այդ սեղանի բարձրությունը պետք է 5-8 սմ-ով ցածր լինի հիմնական աշխատասեղանի բարձրությունից)։ Խորհուրդ է տրվում ունենալ պտտվող աթոռ կամ բազկաթոռ։ Արտադրվող աշխատանքային բազկաթոռներն ունեն նստելատեղի և թիկնակի բարձրությունը կարգավորելու հարմարանք, կարող են պտտվել առանցքի շուրջը, ունեն հոլովակավոր հենարաններ, որոնք թույլ են տալիս հեշտությամբ տեղաշարժել բազկաթոռները սենյակում։

Աշխատասեղանը պետք է ունենա թղթեր և մանր առարկաներ պահելու գզրոցներ։ Առավել հարմար են դուրսքաշովի (այսպես կոչված, գլորաշարժական) կողապահարաններով աշխատասեղանները։ Հարմար են նաև այնպիսի գզրոցներով սեղանները, որոնցում թղթերը կարելի է տեղավորել ուղղաձիգ դիրքով՝ կոշտ թղթապանակներում։

Մեծ նշանակություն ունի աշխատանքային մակերեսի ճիշտ լուսավորությունը։ Այն պետք է լինի բավարար, հնարավորին չափ հավասարաչափ և կտրուկ հակադրություն չստեղծի բուն աշխատանքային մասի և դրա շուրջը եղած տարածության լուսավորվածության միջև։ Նպատակահարմար է օգտագործել այնպիսի լուսամփոփներ, որոնց կառուցվածքը հնարավորություն է տալիս պետք եղած ժամանակ փոխել լուսային հոսքի ուղղությունը և լույսի աղբյուրից մինչև աշխատանքային մակերեսը եղած հեռավորությունը (տես Լուսավորություն): Ա-ում կարելի է ստեղծել հանգստի փոքրիկ անկյուն (ինչպես նաև զրուցելու, ընթերցանության տեղ)՝ տեղավորելով այնտեղ բազկաթոռներ, բազմոց, սեղանիկ։

Ա. օգտագործվում է հիմնականում տնային պայմաններում մասնագիտական աշխատանք կատարելիս (գրականությամբ զբաղվողներ, գիտաշխատողներ և ուրիշներ)։ Աշխատատեղը հազվադեպ օգտագործելու դեպքում Ա. կարող է ավելի լայն գործառություն ունենալ։ Այստեղ կարելի է կազմակերպել դպրոցականի աշխատատեղ, տնային ոչ մեծ արհեստանոց։