ՏՏՀ/Ապակեգործական աշխատանքներ
ԱՊԱԿԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, լուսամուտներից ջերմության կորուստը նվազեցնելու համար ամենից առաջ անհրաժեշտ է խնամքով տեղադրել ապակիները։
Գործիքները։ Աշխատանքի համար պահանջվում են ապակեկտրիչ, քանոն, անկյունաքանոն, դուր, դանակ, աքցան, մուրճ։ Ապակեկտրիչը կազմված է ալմաստե բյուրեղով կամ կարծր համահալվածքից հոլովակներով մրճիկից (ունի ապակու նեղ եզրերը փրցնելու արանքներ), բռնակից։ Առավել հարմար են ալմաստե ապակեկտրիչները, որոնք օգտագործվում են 3-10 մմ հաստության ապակի կտրելու հաճար։ Ալմաստի կտրող եզրի բթացման դեպքում պետք է կտրիչը մրճիկից հանել, շրջել 90°–ով և կրկին ամրացնել այնպես, որ բյուրեղը մրճիկի իրանից 1-3 մմ դուրս լինի։
Կարծր համահալվածքից եռահոլովակ ապակեկտրիչներն օգտագործում են 1-4 մմ հաստության ապակի կտրելու համար։ Յուրաքանչյուր հոլովակ նախատեսված է ավելի քան 350 մ ապակի կտրելու համար։ Մաշված հոլովակը փոխելու համար պետք է միացնող պտուտակը թուլացնել և թմբուկը 120°–ով շրջել։ Ապակին կտրելիս պետք է քանոնը (ցանկալի է փայտե) ամուր սեղմել ապակուն (կողասահքի դեպքում գործիքը փչանում է)։ Պետք է հաշվի առնել, որ կտրույթի գիծը խազն անցնում է քանոնից մոտ 4 մմ հեռավորությամբ։ Ալմաստե ապակեկտրիչով կտրելիս պետք է մրճիկը պահել բութ մատով և ցուցամատով, առանց ուժեղ սեղմելու (ինչպես մատիտը), մի քանի փորձնական գծեր անել մինչև ապակեկտրիչի լավագույն դիրքը և թեքությունն ընտրելը, որի դեպքում ստացվում է անգույն բարակ ուղիղ գիծ, իսկ ալմաստի շարժումն ուղեկցվում բնորոշ ճրթճրթոցով։ Լայն քերծվածքը և սպիտակ ապակեփոշին վկայում են գործիքի սխալ դիրքի և չափից ավելի ուժ գործադրելու մասին։ 3-5 մմ չհասած կտրույթի ծայրին սեղմման ուժը պետք է փոքրացնել։ Հոլովակավոր ապակեկտրիչը պետք է պահել ապակու հարթությանն ուղղահայաց՝ բթամատի և միջնամատի կամ բթամատի, միջնամատի և մատնեմատի արանքում վերևից ցուցամատով սեղմելով։ Ապակու վրա ստացվում է սպիտակ գիծ։ Առավել հարմար է ապակին կոտրել սեղանի կամ դազգահի եզրին, ապակու բարակ ժապավենները կարելի է փրցնել գործիքով։ Եթե ապակին դժվարությամբ է կոտրվում, ապա խորհուրդ է տրվում խազի տակից ապակեկտրիչի բռնակով կամ գլխիկով թեթևակի հարվածել մինչև ճաքն ի հայտ գա։
Նյութերը։ Ապակեպատելու համար սովորաբար օգտագործում են 2-6 մմ (հաճախ 3-4 մմ) հաստության թերթավոր ապակի։ Հաստ ապակին ավելի լավ է «պահում» ջերմությունը, ավելի դիմացկուն է, սակայն դժվար է մշակվում։
Ապակին անհրաժեշտ է կտրել շրջանակի ակոսատների հիմքերի հեռավորությունից 3-5 մմ պակաս չափով, որպեսզի այն ազատ տեղավորվի շրջանակում և ապակեկալներն ուռչելիս չկոտրվեն։
Գամասեղներն օգտագործվում են ապակին ակոսատներում ամրացնելու համար։ Առավել հարմար են 15-20 մմ երկարության բարակ գամասեղները։ Վերջիններս կարելի է փոխարինել նույն երկարության բարակ մեխերով։ Խորհուրդ է տրվում գամասեղները խփել դուրով։ Սանր մեխերը կամ պողպատալարե գամասեղները խփում են ապակուն զուգահեռ կամ գլխիկները մի փոքր դեպի վեր ուղղված։ Գամասեղների դեպի ներքև շեղվելու և ապակու եզրերի հետ շփվելու դեպքում ապակին կարող է կոտրվել։ Ապակին հուսալիորեն ամրացված կլինի, եթե գամասեղների միջև հեռավորությունը լինի առնվազն 30 սմ։
Մածիկն անհրաժեշտ է ջերմամեկուսացման նպատակով ակոսատները ծեփելու և ճեղքերը լցափակելու համար։ Այն կարելի է պատրաստել և տնային պայմաններում՝ մաղած չոր կավճից և օլիֆից (նախընտրելի է բնականը)։ Մածիկը պատրաստում են հետևյալ կերպ. կավճի փոշու կույտի մեջ ձագարաձև փոս են անում, լցնում օլիֆը և խառնում մինչև թանձր խմոր ստանալը, ապա, կավիճ ավելացնելով, զանգվածը ձեռքով տրորում են այնքան, մինչև այն դադարի ձեռքերին կպչելուց։ Մածիկը կարելի է գունավորել՝ ավելացնելով չոր կամ թանձրալեսած շպար կամ սուսր։ Մածիկը պետք է պատրաստել 1-2 օրվա աշխատանքի համար և պահել ամուր կապած պոլիէթիլենային տոպրակում։ Պնդացած մածիկը կարելի է փափկացնել ձեռքով տրորելով կամ էլ մի քիչ օլիֆ ավելացնելով։ 10 կգ մածիկ պատրաստելու համար միջին հաշվով պահանջվում է (կգ-ներով). կավիճ 8, օլիֆ՝ 2 (կավճային), կամ կավիճ 6, օլիֆ՝ 1,8, կապարի չոր շպար 2,2 (շպարային), կամ կավիճ 6,8, օլիֆ 1,6, կապարի չոր սուսր՝ 2,0 (կապարասուսրային), կամ կավիճ՝ 6,8, օլիֆ 1,4, երկաթի չոր սուսր՝ 1,8 (երկաթասուսրային)։
Ապակու տեղադրումը։ Առավել տարածված է ապակու տեղադրման երեք եղանակ. միտակ և երկտակ մածկաշերտով ու ճեղքակալներով։ Ամեն դեպքում անհրաժեշտ է ակոսատներին նախապես օլիֆ, նույնիսկ յուղաներկ քսել։ Հին ապակեկալների ակոսատները պետք է մաքրել հին մածիկի և գամասեղների հետքերից։ Առավել պարզը միտակ մածկաշերտով տեղադրման եղանակն է։ Ապակին պետք է տեղավորել ակոսատներում, ամրացնել գամասեղներով, այնուհետև ակոսատները ծեփել մածիկով։ Եթե ակոսատներն ապակեկալներում չեն գտնվում միևնույն հարթության մեջ (օրինակ, փայտանյութի կորացման պատճառով) ապակին ամուր չի նստում, և նշված եղանակով ծածկապատելու դեպքում ի հայտ են գալիս մի շարք թերություններ (ջրի ներթափանցում, փայտանյութի ուռչում և կորացում, վատ ջերմամեկուսացում ևն)։ Նշված եղանակով սովորաբար ապակեպատվում են ժամանակավոր շինությունները, չտաքացվող պատշգամբները։
Երկտակ մածկաշերտով տեղադրման եղանակն ավելի բարդ է, սակայն հուսալի։ Այս դեպքում ապակին պետք է տեղադրել փայտե ակոսատները մածիկով լցնելուց հետո (մածիկը պետք է ավելի փափուկ լինի, որպեսզի ապակին հեշտությամբ տեղավորվի)։ Տեղավորված ապակին պետք է ակոսատներին սեղմել այնքան, մինչև մածիկի ավելցուկը դուրս մղվի և ապակին կիպ նստի։ Տեղավորված ապակին պետք է ամրացնել գամասեղներով և ակոսատները ծեփել մածիկով։ Նշված եղանակով ապակին տեղադրելու դեպքում ապահովվում է մեծ հերմետիկություն և լավ ջերմամեկուսացում։
Ճեղքակալներով (տարբեր ձևի ձողեր) տեղադրելու դեպքում դրանք միաժամանակ լրացնում են ակոսատները և սեղմում ապակին։ Ճեղքակալներով ապակու տեղադրումը կարող է կատարվել առանց մածիկի, ապակին մածիկի մեջ տեղավորելով, ապակին և ճեղքակալները մածիկով ամրացնելով, ապակին ճկուն միջադիրներով ամրացնելով։ Ճեղքակալները ակոսատներին են ամրացվում մոտավորապես 30 սմ հեռավորությամբ խփած մեխերով (կամ պտուտակներով)։ Մեխերը (պտուտակները) պետք է ապակուց 3-5 մմ հեռու լինեն, որպեսզի այն չկոտրվի։ Առանց մածիկի տեղադրելիս ապակին տեղավորում են ակոսատներում և ամրացնում ճեղքակալներով։
Ամբողջական ապակի չունենալու դեպքում կարելի է տեղադրել 2 կամ ավելի կտորից բաղկացած ապակի՝ կիրառելով նկարագրված եղանակներից որևէ մեկը։ Կտորները կարելի է դնել եզրը եզրին կամ եզրածածկումով։
Ձմեռնամուտին խորհուրդ է տրվում լցափակել լուսամուտների ճեղքերը։ Այդ նպատակով կարելի է օգտագործել պլաստիլին կամ պլաստոլային հիմքով մածիկ։ Մածիկը կարելի է պատրաստել ալյուրից և ավազից (1:3 ծավալային հարաբերությամբ) խառնուրդին եռման ջուր ավելացնելով և տրորելով այնքան, մինչև ստացվի թանձր զանգված։ Գարնանը ապակեկալը գոլ ջրով թրջելուց հետո մածիկը հեշտությամբ կարելի է հեռացնել։