ՏՏՀ/Ավտոտրանսֆորմատոր
ԱՎՏՈՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐ, տրանսֆորմատորի տարատեսակ, ունի մեկ փաթույթ մեկ կամ մի քանի լարաճյուղով։ «Իջեցնող» Ա-ների մուտքային լարումը (էլեկտրական ցանցի լարումը) տրվում է ամբողջ փաթույթին, իսկ ելքային լարումը (բեռնվածքը) վերցվում է լարաճյուղի և փաթույթի ծայրային արտանցիչներից մեկի միջև ընկած գալարներից։ «Բարձրացնող» Ա-ներում ցանցն ու բեռնվածքը միացվում են համապատասխանաբար փաթույթի մի մասին և ամբողջ փաթույթին։ Պարզագույն չկարգավորվող Ա-ներին հաճախ միացնում են սառնարանները, փոշեծուծները ևն՝ լարումը 127 Վ-ից մինչև 220 Վ բարձրացնելու կամ, հակառակը, իջեցնելու համար։
Ռադիոընդունիչների և հեռուստացույցների սնման համար օգտագործում են ավելի բարդ, կարգավորելի Ա-ներ լարման աստիճանական կամ սահուն փոփոխումով։ Անհրաժեշտ լարման հաստատումը ստուգելու նպատակով կարգավորելի Ա-ները սովորաբար ունենում են վոլտաչափ կամ լարումների սանդղակ կարգավորող բռնակի ցուցիչով։
Ա. օգտագործելիս հարկավոր է հիշել, որ թե ամբողջ փաթույթը, թե նրա մասերը էլեկտրականապես միացած են ցանցին, ուստի Ա-ի հաղորդալարերին ու արտանցիչներին դիպչելը վտանգավոր է։
Չպետք է «ավտոտրանսֆորմատոր» հասկացությունը շփոթել «ավտոմատ տրանսֆորմատոր» ոչ ճիշտ արտահայտության հետ, ինչպես առօրյա գործածության մեջ սխալմամբ անվանում են լարման կայունարարը (տես Կայունարար լարման)։