ԱՐԴՈՒԿ, ըստ կառուցվածքի և տաքացման եղանակի տարբերում են տաքացվող և էլեկտրական Ա-ներ։ Տաքացվող Ա-ները, որոնք ունեն ամրացված կամ հանովի բռնակներ, տաքացնում են գազօջախների, էլեկտրասալիկների և ջեռուցիչ այլ սարքերի վրա։ Էլեկտրական Ա-ները տաքացվում են Ա-ի իրանի ներսում տեղավորված էլեկտրաջեռուցիչ տարրերով։

Թողարկում են ջերմակարգավորիչով (ավտոմատ պահպանում է անհրաժեշտ ջերմաստիճանը), ինչպես նաև ջերմակարգավորիչով ու շոգեխոնավարարով էլեկտրական Ա-ներ։ Համապատասխան նշագծի դիմաց ջերմակարգավորիչի ցուցիչը տեղակայելու դեպքում (բռնակը պտտելով) Ա-ի «հատակի» կենտրոնում տաքացման ջերմաստիճանը հասնում է 60-90 °C, 100– 130 °C և 160-200°C։ Առավելագույն ջերմաստիճանը (185-225 °C) ստացվում է բռնակը սահմանային դիրքում դնելով։ Ջերմակարգավորիչով և շոգեխոնավարարով էլեկտրական Ա-ներն իրանի ներսում կամ դրսում ունեն ջրանոթ (սովորաբար 180-200 սմ³ տարողությամբ)։ Անոթից ջուրը լցվում է իրանի ներսում տեղակայված շոգեխցիկը, փոխակերպվում գոլորշու, որն էլ, «հատակի» անցքերից դուրս գալով, խոնավացնում է գործվածքը։ Մեկ լցավորումը նախատեսված է շուրջ 20 րոպե անընդհատ խոնավացումով ար դուկելու համար։ Այդպիսի Ա-ով կարելի է արդուկել և առանց շոգեարկման։ Ա-ի անցքերում և անոթում դիրտի գոյացումը կանխելու համար խորհուրդ է տրվում այն լցավորել եռացրած ջրով։ Արդուկելուց հետո պետք է անոթում մնացած ջուրը թափել։

Ջերմակարգավորիչով Ա-ների հզորությունը սովորաբար 1000 Վտ է, զանգվածը՝ 1,2-1,8 կգ։ Թողարկում են նաև մինչև 400 Վտ հզորության, 0,4-0,8 կգ զանգվածով փոքր չափի էլեկտրական Ա-ներ։ Էլեկտրական որոշ Ա-ներ ունեն ազդանշանային լամպիկ։