ՏՏՀ/Ֆիզկուլտուրա և սպորտ
ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱ ԵՎ ՍՊՈՐՏ, նպաստում են առողջության ամրապնդմանը, ներդաշնակ ֆիզիկական զարգացմանը, բարձրացնում աշխատունակությունը, բազմազան են դարձնում ժամանցը։ Ֆ. և ս-ով զբաղվելիս հարկավոր է հաշվի առնել առողջական վիճակը, տարիքը, մասնագիտության առանձնահատկությունները, հակումները։ Տանը ֆիզկուլտուրայով պարապելը հարկավոր է սկսել մարզանքից. այն կարելի է կատարել ինքնուրույն կամ հետևելով ռադիոյով ու հեռուստատեսությամբ հաղորդվող վարժություններին։ Առողջության ամրապնդման առավել տարածված միջոցներն են մաքուր օդում քայլելը, վազելը (տես Վազք), լողը, չմուշկներով ու դահուկներով սահելը, տուրիստական արշավները (տես Զբոսաշրջություն) ևն։ Կարելի է կազմել վարժությունների այնպիսի համալիր, որը հարմար է կատարել սեղանի մոտ նստած, պառկած կամ կանգնած՝ առանց տեղից շարժվելու։ Համալիրի մեջ հարկավոր է մտցնել, այսպես կոչված, իզոմետրիկ վարժություններ՝ ակտիվ «ինքնադիմադրողականությամբ», այսինքն մկանների լարումով հոդերի շարժումների փորձեր կատարելու ժամանակ (առավելագույն ուժով 5 վայրկյանի ընթացքում)։ Վարժությունը պետք է կրկնել մի քանի անգամ (յուրաքանչյուր 15-20 վայրկյանը մեկ)՝ լարելով միաժամանակ ծալող և բացող մկանների խմբերը։
Ֆիզկուլտուրայով զբաղվելը հատկապես կարևոր է երեխաների համար (տես Կրծքի երեխա)։ Երեխաներին ֆիզկուլտուրայի վարժեցնելու լավագույն միջոցը ծնողների անձնական օրինակն է։
Նախադպրոցական տարիքի և ցածր դասարանների երեխաների համար հատկապես օգտակար են խաղերը։ Գնդակով սպորտային խաղերից բացի մանուկների համար կան մատչելի աշխույժ խաղեր։
Ֆիզիկական վարժություններ կատարելիս պետք է ծանրաբեռնել ոչ թե մկանների որոշակի խումբ, այլ բոլոր մկանները։ Մեծ ծանրաբեռնվածությամբ վարժությունները պետք է կատարել, հաշվի առնելով ինքնազգացողությունը։ Վարժությունները պիտի կատարվեն արագ, որոշակի ինտենսիվությամբ և ուժով։ Զարկերակի հարվածների հաճախությունը վարժությունները կատարելուց անմիջապես հետո պիտի լինի րոպեում առնվազն 130 հարված։ Ավելի ցածր հաճախության դեպքում վարժությունների արդյունավետությունը նվազում է։ Սակայն, չի կարելի մշտապես վարժություններ կատարել, րոպեում զարկերակի 170-ից ավելի հաճախության դեպքում։ Այդպիսի պարապմունքները թույլատրվում է անցկացնել առողջ, երիտասարդ մարդկանց շաբաթական մեկ անգամից ոչ հաճախ։ Պետք է մարզվել այնպիսի ծանրաբեռնվածությամբ, որ գերհոգնածություն չառաջանա։