ՏՏՀ/Արծաթե իրեր (մաքրումը)

ԱՐԾԱԹԵ ԻՐԵՐ (մաքրումը), արծաթե և մելքիորե իրերի մաքրման համար թողարկում են հատուկ միջոցներ, որոնք ունեն ոչ միայն մաքրող, այլև ողորկող հատկություններ։ Դրանց բաղադրության մեջ մտնում են փափուկ հղկանյութեր (կավիճ, դիատոմիտ), մոմ, ամոնիակ, բենզին և այլ նյութեր։ Մաքրող միջոցը լցնում են փափուկ լաթի (մահուդե կամ ֆլանելի) վրա և մաքրում կեղտոտված մակերևույթը, որից հետո իրը լվանում են ջրով և փայլեցնում փափուկ լաթով։ Ճաշի սպասքը և խոշոր իրերը նույնպես մաքրում են այդ եղանակով, իսկ մանրերը 1-2 րոպեով ընկղմում են մաքրող հեղուկի մեջ, այնուհետև լվանում ջրով և փայլեցնում փափուկ լաթով։

Քերծվածքների առաջացումից և ոսկու շերտի մաշումից խուսափելու նպատակով արծաթե և մելքիորե ոսկեզօծ իրերը խորհուրդ չի տրվում մաքրել կոշտ հղկանյութեր (օրինակ, պեմզա) պարունակող միջոցներով։

Ա. ի. թարմացնելու համար լվանում են գոլ օճառաջրով (50 գ օճառ 1 լիտր ջրում), կամ անուշադրի սպիրտի լուծույթով (1 թեյի գդալ 1 լիտր ջրում), որից հետո մաքրաջրում և չորացնում փափուկ լաթով։ Խոնավությունից առաջացած բծերը խորհուրդ է տրվում մաքրել 8 %-անոց գոլ քացախով թրջած լաթով, այնուհետև լվանալ ջրով։ Ա. ի. կարելի է մաքրել նաև անուշադրի սպիրտի հետ խառնած կավիճով, որից հետո լավ լվանալ ջրով և չորացնել։