ԱՑԵՏՈՆ, բնորոշ սուր հոտով թափանցիկ, անգույն դյուրավառ հեղուկ։ Լավ լուծիչ է մի շարք օրգանական նյութերի համար։ Կիրառվում է արծնաներկերի, լաքերի (նաև եղունգների) լուծման, պինդ մակերևույթներից յուղաներկերի, հագուստից ճարպաբծերի հեռացման համար (տես Կեղտաբծերի հանում): Քանի որ Ա. քայքայում է գործվածքների ացետատային թելքերը, հարկավոր է նախապես ստուգել նրա ներգործությունը գործվածքի փոքր կտորի վրա (ացետատային գործվածքը Ա-ի ազդեցությամբ դառնում է կպչուն, իսկ չորանալուց հետո կոշտանում է)։ Ա. հրդեհավտանգ է, ուստի այն հարկավոր է գործածել և պահել կրակից հեռու։