ԲԱՐՁՐԱԽՈՍ, ցածր հաճախության էլեկտրական ազդանշանները ձայնայինի կերպափոխող սարք, ծառայում է ռադիոընդունիչներում, մագնիտոֆոններում, էլեկտրոֆոններում, ձայնի ուժեղացման համակարգերում և խոսքը, երաժշտությունը և այլ հնչյուններ բարձրաձայն վերարտադրելու համար։ Ըստ կերպափոխման եղանակի, տարբերում են էլեկտրադինամիկական, էլեկտրաստատիկական և այլ Բ-ներ։ Առավել տարածված են էլեկտրադինամիկական Բ-ները (դինամիկներ), որոնցում ազդանշանների կերպափոխման համար օգտագործում են հաստատուն մագնիսի մագնիսական դաշտի և էլեկտրական տատանումների աղբյուրին միացված շարժուն կոճով անցնող հոսանքի փոխազդեցությունը։ Կոճը և նրան ամուր կապված դիֆուզորը կազմում են Բ-ի շարժուն համակարգը։ Դիֆուզորի մեխանիկական տատանումներն առաջ են բերում ձայնային ալիքների ճառագայթում կամ անմիջականորեն (ուղղակի ճառագայթման Բ-ներում), կամ էլ խոսափողի միջոցով (խոսափողային Բ-ներում)։ Բ-ի հզորությունը կախված է օգտագործման նպատակից և ընկած է 0,05-ից մինչև 150 Վտ սահմաններում։ Էլեկտրադինամիկական Բ-ները լինում են նեղշերտ (ապահովում են ձայնի վերարտադրումը հաճախությունների համեմատաբար նեղ, օրինակ, 300-5000 Հց միջակայքում) և լայնաշերտ (օրինակ, 40-15000 Հց)։ Լայնաշերտ Բ-ների կառուցվածքն ավելի բարդ է, այդ պատճառով ձայնական համակարգերում հաճախ կիրառում են մի քանի Բ-ներ, որոնցից յուրաքանչյուրը ձայնը վերարտադրում է հաճախային ընղգրկույթի որոշակի տեղամասում։

Կենցաղում «բարձրախոս» ասելով, հաճախ հասկանում են ռադիովերահաղորղումային ցանցի (լարային հաղորդման ցանցի) բաժանորդային Բ.։ Խոսակցական լեզվում որպես Բ-ի հոմանիշ 20-40-ական թթ. լայնորեն կիրառվել և դեռևս հաճախ կիրառվում է «ռեպրոդուկտոր» տերմինը (ամենից հաճախ լարային հաղորդման ցանցի համար)։ Ռադիովերահաղորդումային ցանցով բաժանորդներին հաղորդվում է երեք ծրագիր. առաջինը՝ ցածրահաճախային, ազդանշանի 15 Վ կամ 30 Վ առավելագույն լարումով, երկրորդը և երրորդը՝ բարձրահաճախային. համապատասխանաբար 78 և 120 կՀց հաճախությամբ և 0,2 Վ առավելագույն լարումով։ Միայն առաջին ծրագրի ընդունման համար արտադրում են պլաստմասսայե կամ փայտե պատյաններով բաժանորդային Բ– ներ, որոնք ունեն համաձայնեցնող տրանսֆորմատոր, բարձրաձայնության կարգավորիչ, լար և խրոցի երկժանի ռադիովարդակին միացնելու համար։ Առաջին ծրագրի ընդունման համար որպես բաժանորդային Բ-ներ կարող են օգտագործվել նաև էլեկտրոֆոնների, մագնիտոֆոնների և կենցաղային հնչյունատեխնիկական այլ սարքերի էլեկտրաձայնական ուղեսարքվածները։ Ռադիովերահաղորդումային ցանցի ազդանշանները հանձնարարվում է տալ այդ սարքերի ուժեղարարների «ռադիո» մուտքին, խորհուրդ չի տրվում ձայնական համակարգերն անմիջականորեն (առանց ուժեղարարի կամ համաձայնեցնող տրանսֆորմատորի) միացնել ռադիովերահաղորդումային ցանցին, քանի որ այդ դեպքում, նախ՝ վատանում է համակարգերի հնչողության որակը և, բացի այդ, հարևան բնակարաններում բարձրահաճախային ծրագրերն ընդունելիս կարող են առաջ գալ զգալի խանգարումներ։

Բոլոր երեք ծրագրերի ընդունման համար արտադրում են հատուկ եռածրագիր բաժանորդային Բ-ներ։ Այդպիսի Բ-ներն ունենում են խրոցի երկու երկժանի, որոնցից մեկը («ռադիո» մակագրով) միացվում է ռադիովերահաղորդումային ցանցին, մյուսը՝ 127 կամ 220 Վ լարման փոփոխական հոսանքի սնող ցանցին։ Անհրաժեշտ է զգուշանալ, «ռադիո» մակագրով երկժանին պատահաբար սնող ցանցի վարդակին միացնելուց, որովհետև Բ. կարող է վնասվել։ Փոփոխական հոսանքի ցանցից եռածրագիր Բ-ի սպառող հզորությունը 4-5 Վտ է։ Եռածրագիր Բ-ից օգտվելու կանոնները հիմնականում նույնն են, ինչ և ցանցային ռադիոընդունիչինը։