ՏՏՀ/Բեգոնիա
ԲԵԳՈՆԻԱ, բեգոնիաների ընտանիքի արևադարձային կիսաթփեր կամ խոտաբույսեր, որոնք հաճախ առաջացնում են պալարներ։ Հայրենիքը արևադարձային Ամերիկան և Ասիան են։ Տերևները ամբողջաեզր են, հերթադիր, գեղեցիկ գույներով։ Մշակության մեջ հայտնի են Բ-ի թփային, գեղազարդ տերևավոր և պալարավոր ձևերն ու տեսակները։ Խորհուրդ է տրվում Բ. թաղարներով դնել հարավ-արևելք կամ հարավ-արևմուտք նայող պատուհանագոգերին։
Թփային Բ-ները (սպիտակաբծավոր, անկյունավոր, արծաթաբծավոր, կարմրատերև, մազմզոտ, ալեհեր, շքեղ, օձիքավոր, մետաղափայլ ևն) գեղեցիկ ծաղիկներով, բազմերանգ տերևներով բույսեր են։ Այս տեսակները բազմացվում են հիմնականում ցողունային կտրոններով։ Գարնանը բույսը պետք է ծերատել, կտրած մասերը օգտագործել որպես պատվաստաշիվ և տնկել հողախառնուրդում (2 մաս տերևային, 1 մաս ճմային և հումուսի, 1/3 մաս ավազի)։
Գեղազարդ տերևավոր Բ-ներն ունեն կոճղարմատ, որից աճում են ուղղաձիգ կամ սողացող ցողուններ՝ գեղազարդ, բազմերանգ և ներդաշնակ նախշավոր տերևներով։ Տնային պայմաններում մշակվող առավել տարածված տեսակներից են. արքայական Բ. և նրա բազմաթիվ ձևերը, Բետտինա Ռոտշիլդ, Կլեոպատրա, վեհաշուք, մասոնական, խայտաբղետ և այլ տեսակները։ Խորհուրդ է տրվում ամռանը բույսը ստվերել և առատ ջրել։ Պալարավոր Բ-ներին (բոլիվիական, Մարթա, թափվող, բազմածաղիկ) բնորոշ են գեղեցիկ, խոշոր, պարզ, բազմաթերթ ծաղիկները։ Ամռանը բույսն անհրաժեշտ է առատ ջրել և սնուցել օրգանական և հանքային պարարտանյութերով։ Աշնանը, երբ տերևներն սկսում են չորանալ և թափվել, Բ. պետք է դնել չոր, զով տեղ, իսկ ձմռանը չջրել։
Բ. բազմացվում է սերմերով, կտրոններով և պալարներով։ Մարտ ամսին պալարները պետք է տնկել կիսով չափ թաղելով ավազի մեջ, շիվերն աճելուց հետո դրանք կարելի է հանել, օգտագործել որպես կտրոն, իսկ պալարները մասնատել (այնպես, որ յուրաքանչյուրի վրա մնա 1 աչք)։ Կտրված մակերևույթներին հարկավոր է ցանել փայտածխի փոշի, թառամեցնել 1 օր, այնուհետև պալարը տնկել թաղարի մեջ հողով ծածկելով միայն ստորին մասը։ Երբ շիվը հասնի 5-7 սմ-ի, պետք է հողով ծածկել նաև մնացած մասը։ Բ-ի որոշ տեսակներ (բաղեղանման, բազմատերև, մերկ, կապտատերև) կարելի է մշակել ինչպես կանթեղային բույսերը: Ձմռանը խորհուրդ է տրվում աճեցնել արտակարգ գեղեցիկ ծաղկող Գլուար դե Լորեն տեսակը։
Բ-ների նշված տեսակներն աճեցվում են նաև Հայաստանում։