ՏՏՀ/Բուխարի
ԲՈՒԽԱՐԻ, որմնախորշի տեսքի բաց հնոցով պարզագույն վառարան, տաքացնում է շինությունը միայն կրակի ջերմարձակման հաշվին վառելանյութի այրման ժամանակ, խիստ անհավասարաչափ։ Բ-ի ջերմատվությունը 5-8 անգամ փոքր է, քան վառարաններինը, որովհետև ջերմության մեծ մասը հեռանում է ծխնելույզով։ Բ-ները պատրաստում են կանգնած դիրքով առանձին, ներկառուցված աղյուսե պատի (երկու աղյուսից ոչ պակաս հաստության) մեջ՝ դրան կամ վառարանին կցակառուցված։
Բ-ները լինում են ամենաբազմազան տիպերի (նկ. 1)։ Կառուցում են տարբեր նյութերից, սովորական քարից, աղյուսից, բետոնից, մետաղից, խեցուց, մարմարից, գրանիտից ևն։ Առջևի բաց պատով և դեպի վեր ուղղված ծխնելույզով պարզագույն Բ., այսինքն սովորական մետաղե վառարան, կարելի է պատրաստել ցանկացած հաստության տանիքի թիթեղից։ Բ. պատրաստելու համար չի կարելի օգտագործել կրաքար և կայծքար, որովհետև կրաքարը տաքացնելիս թրծվում է և դառնում չհանգած կիր։ Եթե այդպիսի Բ-ու վրա ջուր թափվի չհանգած կիրը կմարի, Բ. կքանդվի և կարող է հրդեհ առաջանալ։ Կայծքարը տաքանալիս ճաքճքում է և դեսուդեն թռչող բեկորները կարող են վնասել մոտ գտնվող մարդկանց։ Մետաղե և մյուս բարակապատ Բ-ները նպատակահարմար է երեսպատել սովորական կամ հրակայուն աղյուսով։ Բոլոր դեպքերում Բ-ու պատերի հաստությունը պետք է լինի առնվազն կես աղյուս, իսկ աղյուսապատման դեպքում՝ մեկ քառորդ աղյուս։
Հիմնական Բ-ները սովորաբար կառուցում են ամուր հիմնատակի կամ լավորակ հիմքի վրա։ Ավելի թեթև Բ-ները հաճախ տեղադրվում են ամուր հատակին, իսկ առավել թեթևները նույնիսկ կախվում են առաստաղի հեծաններից։ Ամենահարմարները քանդովի Բ-վառարաններն են, որոնք դյուրությամբ հավաքվում ու քանդվում են և տարվա տաք եղանակին կարող են շինությունից դուրս հանվել։
Բ-ները երեսպատում են մարմարով, գրանիտով, հախճապակիներով և խեցասալիկներով հիմնականում շարվածքի ժամանակ, որովհետև երեսպատվածքը կարելի է ամրացնել շարվածքի կարերի միջով անցկացրած մետաղալարով։ Բ-ների երեսակողմի մակերևույթը թույլ է տաքանում և հիմնական ու երեսպատող նյութերը գործնականում չեն ընդարձակվում, ուստի սովորական խեցասալը ցեմենտաշաղախի վրա բավականաչափ ամուր է պահվում։ Բ-ների մակերևույթը կարելի է նաև սվաղել, լրիվ կամ միայն կարերն ու առանձին աղյուսները ներկել ջրալույծ ներկերով։
Բոլոր տեսակի Բ-ները բաղկացած են կրակարանից և ուղիղ ծխնելույզից (նկ. 2)։ Բ. շարում են (հատկապես աղյուսից) վառարանի պես։ Բ-ու առանձնահատկությունը ներսում ծնկաձև ծռած գազային շեմքն է (ելուստ, հովար, ատամ), որը արգելակում է ծխնելույզից կայծերի ցայտումը, կանխում շինությունում ծուխ և մուր տարածման պատճառ օդահոսքերի անկումը, անձրևի և ձյան ջրերի հոսքը դեպի կրակարան, կուտակում մուրը իր մակերեսին։ Գազային շեմքը լինում է հարթ և վաքաձև, նրա ելուստը կառուցում են առջևի պատի ուղղությամբ։ Հաճախ վրան տեղադրում են թավա, իսկ դիմացը հերմետիկ դռնակով մաքրիչ (նկ. 2-ում ցույց է տրված կետագծով)։ Գազային շեմքի և ծխնելույզի լայնությունները (նկ. 2) հավասար են կամ առաջինը երկրորդից 10-20 մմ լայն է, որի շնորհիվ կանխվում է ծխնելույզից մրի թափանցումը։
Քարշը Բ-ներում շատ թույլ է։ Որպեսզի գազերը հեշտ դուրս գան ծխնելույզով, որոշ Բ-ների վրա կառուցում են թասակներ կամ հորաններ, որոնցում հավաքվում է ծուխը և աստիճանաբար դուրս գալիս ծխնելույզով։
Բ-ու կառուցման ժամանակ անհրաժեշտ է հիշել, որ որքան ուղիղ և հարթ են կրակարանի ներքին պատերը, այնքան շատ ջերմություն է հաղորդվում շինություն, Բ-ու ջերմատվությունը ավելացնելու համար ներքին, հետևի և կողմնային պատերը երեսպատում են ողորկված բրոնզե կամ ժանգակայուն պողպատե թերթերով։ Որոշ դեպքերում դրանք լինում են հանովի՝ մրից մաքրելու համար։
Բ-ները շինությունում տեղադրում են պատի մոտ, անկյունում։ Պետք է սարքել հիմնական ծխնելույզ և ծխանցքի չափերը թողնել 130x250 մմ (եթե ծխնելույզը հատուկ շարված է Բ-ու համար)։ Քարշը բարելավելու համար ծխնելույզներին դնում են խողովակագլխանոցներ, ծխանավեղարներ, որոնք կանխում են անձրևի և ձյան թափանցումն ու քամու մուտքը ծխնելույզ։
Բ-ներ կառուցելիս պետք է խստորեն պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները։ Հատակի վրա Բ. կառուցելիս նախ պետք է սարքել աղյուսե եռաշարք բարձիկ կամ հարթակ (210 մմ բարձրությամբ)։ Առաջին աղյուսաշարքը շարում են տանիքի պողպատաթերթի կամ թիթեղի վրա։ Պողպատաթերթը տեղադրում են թերթավոր ասբեստի վրա։ Աղյուսի փոխարեն կարելի է օգտագործել բետոնասալ։ Դրանք կարելի է հատակի մակերևույթից բարձրացնել 15-20 սմ, դնել ոտիկների (աղյուսե կամ բետոնե սյուներ) վրա։ Կրակարանի առաջ անպայման պետք է դնել տանիքի պողպատից հնոցաշեմքի թերթ՝ ծածկելով այն թաղիքե կամ ասբեստե թերթով։
Աղյուսե, քարե Բ-ներ կառուցելիս անհրաժեշտ է ծածկել կրակարանները բարավորով, թաղով, կամարով ևն։ Չպետք է գործածել պողպատե հեծաններ (շերտավոր կամ պրոֆիլային պողպատից), որոնք տաքանալիս ընդարձակվում են և ձևախախտում շարվածքը։ Հարմար են թուջե հեծանները (օրինակ, տարբեր երկարության կրակակալի ցանցերը)։ Որպեսզի հեծանները ավելի քիչ տաքանան և ընդարձակվեն, դրանք պետք է պատել մի քանի շերտ թերթավոր ասբեստով, վրայից ամրակապել պղնձամետաղալարով։ Կարելի է օգտագործել հրակայուն բետոնե հեծաններ։
Վառելանյութի լավ այրվելու համար Բ-ներում գործածում են զամբյուղիկ (կասկարա) կամ թողնում կրակակալի ցանցով սնդու (ակ)։ Ցանկալի է օգտագործել թուջե, պողպատե (կլոր կամ շերտավոր) կասկարաներ։ Պողպատի շերտիկները տեղաբաշխում են միմյանցից 10-25 մմ հեռավորությամբ, 50 մմ-ից ոչ պակաս բարձրության ոտիկների վրա, որպեսզի օդը բոլոր կողմերից հասնի վառելանյութին։ Կասկարան արագ տաքանալուց պաշտպանելու համար վրան հաճախ դնում են թուջե կրակակալի ցանց։ Հաճախ կրակարանում թողնում են սնդու և վրան դնում կրակակալի ցանց։ Սնդուի մեջ տեղավորում են պողպատե թավա, ուր հավաքվում են կրակարանից թափվող մոխիրը և մանր ածուխները։