Գազար (աճեցումը)
Այգեգործական հողամաս

ԳԱԶԱՐ (աճեցումը), ՀՀ գրեթե բոլոր մարզերում մշակման առավել վաղահաս սորտերից է Նանտյանը։ Համեղ է, ունի շատ փոքր միջուկ, վարդակը փոքր է, տերևները՝ մանր, բաց կանաչ, նուրբ թավոտ։ Արմատապտուղը երկար գլանաձև է՝ բութ ծայրով և մանր ոսպնյակներով, միջին զանգվածը՝ 80-120 գ։ Հասունանում է 100-105 օրում։ Օգտագործվում են թարմ և պահածոյած։ Ձմռան պահունակությունը ցածր է։ Լավագույն սորտ է նաև ձմեռնամուտի ցանքերի համար։ Միջահաս սորտերից ՀՀ բոլոր մարզերում մշակվում է համեղ և բարձր բերքատու Շանտենեն։ Վարդակը միջին մեծության է, տերևները՝ խոշոր։ Արմատապտուղը երկար կոնաձև է, սուր ծայրով, հարթ մակերեսով, միջին զանգվածը՝ 100-200 գ։ Հասունանում է 120-125 օրում։ Ձմռան պահունակությունը բարձր է, պիտանի է ձմեռնամուտի ցանքերի համար։ Ուշահաս լավագույն սորտերից է Գյումրիի տեղականը։ Տարածված է ՀՀ լեռնային և նախալեռնային շրջաններում, առավելապես Շիրակի հարթավայրում։ Վարդակը մեծ է, խոշոր տերևներով։ Արմատապտուղը երկարավուն իլիկաձև, միջին զանգվածը՝ 150-200 գ։ Հասունանում է 150-170 օրում։ Ձմռան պահունակությունը բարձր է։ Ձմեռնամուտի ցանքի համար պիտանի չէ։ Գ-ի սերմերը կարելի է ցանել ուշ աշնանը (ձմեռնամուտին) կամ վաղ գարնանը (ձյունը հալվելուց անմիջապես հետո)։ Գարնանը խոնավ հողում կարելի է ցանել ծլեցրած սերմերով։ Ցանքը կատարում են նեղշար (26 սմ միջշարային, 6-8 սմ միջբուսային հեռավորությամբ) և 3-5 գծանի ժապավեններով (26 սմ միջգծային, 50 սմ ժապավենային հեռավորությամբ)։ Մեքենայացված աշխատանքների դեպքում արդյունավետ է կիրառել լայնաշարք մշակություն՝ 45 սմ միջշարային հեռավորությամբ։ Ծիլերը դանդաղ են աճում. զգայուն են մոլախոտերի նկատմամբ։ Աճի ընթացքում պետք է 2-3 անգամ քաղհանել, 2 անգամ ջրել գոմաղբահեղուկով (1:8) կամ հանքային պարարտանյութերի լուծույթով։ Ծլելուց 20-25 օր հետո կատարում են առաջին նոսրացումը՝ թողնելով 3-5 սմ միջբուսային հեռավորություն, մեկ ամիս անց երկրորդը՝ թողնելով 5-6 սմ միջբուսային հեռավորություն։ Վերջին նոսրացումը կատարում են երկրորդից մեկ ամիս անց՝ թողնելով 6-8 սմ միջբուսային հեռավորություն։ Բարձր բերք և բարձրորակ արմատապտուղներ ստանալու համար հողը պետք է հաճախակի փխրեցնել և քաղհանել։ Գ-ի ցանքերը վերջին անգամ ջրում են բերքահավաքից մեկ ամիս առաջ։ Բերքը հավաքում են աշնան անձրևներից և ցրտից առաջ։ Ձմռանը պահպանելու համար պետք է վերցնել առողջ, առանց վնասվածքների արմատապտուղները, յուրաքանչյուր շարքը պետք է ծածկել խոնավ ավազի շերտով։