ԳՈՆԳԵՂ, ՀՀ-ում մշակվում է Գեղարքունիքի, Լոռու և Արագածոտնի մարզերում։ Առավել տարածված է Ճամբարակի սորտը։ Գ. բարձր բերք է տալիս լավ պարարտացված հողերում։ Աշնանը հարկավոր է պարարտացնել (3-4 կգ բուսահող կամ կոմպոստ, 15–20 գ միզանյութ, 30-40 գ սուպերֆոսֆատ և 25-30 գ կալիումական աղ 1 մ²-ի հաշվով)։ Գ. աճեցնում են սերմերով կամ սածիլներով։ Ցանքը կատարում են վաղ գարնանը՝ 35-40 սմ միջշարային տարածությամբ, 1-2 սմ խորությամբ։ Նոսրացնում են առաջին զույգ տերևների առաջացման փուլում՝ թողնելով 5-6 սմ միջբուսային տարածություն։ Երկրորդ նոսրացումը կատարում են մեկ շաբաթից հետո՝ թողնելով 15-20 սմ միջբուսային տարածություն։ Սածիլում են հունիսի 10-15-ին՝ 3-4 իսկական տերևների առաջացման փուլում (ցանքից 30-40 օր հետո) 40-50 սմ միջշարային և 20-30 սմ միջբուսային հեռավորությամբ։ Վեգետացիայի շրջանում (շրջափուլում) Գ. պետք է սնուցել 2 անգամ, սկզբում օրգանական, ապա հանքային պարարտանյութերով։ Անհրաժեշտության դեպքում պետք է ջրել (1 մ²–ին՝ 3-4 դույլ), քաղհանել և փխրեցնել հողը։ Գ-ի բերքը հավաքում են հոկտեմբերի կեսերին։