ՏՏՀ/Դդում և դդմիկ (աճեցումը)
ԴԴՈՒՄ ԵՎ ԴԴՄԻԿ (աճեցումը), հողամասը պարարտացնում են օրգանական և հանքային պարարտանյութերով։ Ցանքը կատարում են ապրիլի կեսերից սկսած (դդմիկինը կարելի է կատարել վաղ գարնանը), Արարատյան դաշտում դդմիկը ցանում են նաև ամռանը և աշնանը, որի բերքն օգտագործվում է թթու դնելու համար։ Դդումի սերմերը խցում են 8-10 սմ, դդմիկինը՝ 4-6 սմ խորությամբ, ցանքը կատարում են շարքերով։ Դդումի միջշարային հեռավորությունը 150 սմ է, միջբուսայինը՝ 75-100 սմ, դդմիկինը՝ համապատասխանաբար 100 և 50։ Դդումը հասունանում է 120–150 օրում, դդմիկի առաջին ծիլերը երևում են ցանքից 60-80 օր հետո։ Ծիլերը դուրս գալուց հետո կատարում են նոսրացում, միջշարքերի փխրեցում (2-3 անգամ), քաղհան, պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ։ Շատ կարևոր է ոռոգումը։ Բերքահավաքը սերմերի համար կատարում են կենսաբանական լրիվ հասունացման փուլում։ Պտղից սերմերը հանում են ձեռքով։ Սննդի մեջ օգտագործում են դդումի հասուն, իսկ դդմիկի՝ մատղաշ (7-10 օրական) առանց սերմերի պտուղները։
Մշակվում են Արարատյան դաշտում և նախալեռնային շրջաններում։