ՏՏՀ/Դերատիզացում
ԴԵՐԱՏԻԶԱՑՈՒՄ, առնետների, մկների, գերմանամկների, արջամկների, գետնասկյուռների և վնասակար այլ կրծողների դեմ պայքարի նախազգուշական միջոցառումների համակարգ։
Նախազգուշական (կանխարգելիչ) միջոցառումները բաժանվում են երկու խմբի սանիտարահիգիենային և սանիտարատեխնիկական։ Սանիտարահիգիենային միջոցառումներից են բնակելի, պահեստային և առևտրական շինությունները, անասնաշենքերը և հարակից հողատարածությունները մաքուր պահելը, սննդամթերքը կրծողների համար ոչ մատչելի տեղերում պահելը, սննդամթերքի մնացուկների և աղբի նպատակային հավաքումը, պահպանումը և հեռացումը (մնացուկները և աղբը հավաքել կափարիչավոր դույլերում), բնակարաններում և նկուղներում ավելորդ իրեր չկուտակելը։ Սանիտարատեխնիկական միջոցառումների նպատակն է կանխել կրծողների հայտնվելը բնակելի, պահեստային, առևտրական շինություններում և անասնաշենքերում։ Այդ նպատակով նկուղային շինությունների դռները պետք է լավ տեղադրված լինեն և կիպ փակվեն, լուսամուտներն ապակեպատվեն, խողովակների շուրջ բոլոր անցքերը ցեմենտապատվեն, իսկ օդափոխիչ անցքերը ցանցապատվեն մանրանցք մետաղե ցանցով։
Ոչնչացնող միջոցառումները կատարվում են մեխանիկական, քիմիական և կենսաբանական մեթոդներով։ Մեխանիկական մեթոդներից են զանազան տեսակի թակարդներն ու ծուղակները։ Առավել տարածված են մեծ (առնետների) և փոքր (մկների) զսպանակավոր թակարդները, որոնք տեղադրվում են բների ելքից ոչ հեռու, պատերի երկայնքով, իբրև խայծ են ծառայում ձեթոտ կամ ճարպոտ հացի, երշիկի, ձկան կտորները։ Խայծը պետք է լինի թարմ՝ առանց կողմնակի հոտի, այն պետք է տեղադրել ռետինե մեռնողներ հագած։ Կիրառվում են նաև կործովի կափարիչով դույլեր և թարփիկներ։ Քիմիական մեթոդը թունավոր խայծերի կիրառումն է. իբրև թույն հիմնականում գործածում են զոոկումարինը։ Կենսաբանական մեթոդը կրծողների բնական թշնամիների, օրինակ, կատուների, առնետորս շների (ֆոքստերիերներ) օգտագործումն է։
Տես նաև Կրծողներ։