ՏՏՀ/Դոշաբ
ԴՈՇԱԲ, ռուպ, եփելով թանձրացրած քաղցու։
Դ. խաղողի. քաղցր խաղողը (նախընտրելի է խարջի) տրորել, հյութը քամել։ Շիկահողը մաղել, խառնելով բովել տապակի մեջ, տաք-տաք ավելացնել քամած հյութին, լավ խառնել, թողնել 16-20 ժամ, 4 ժամը մեկ խառնել, վերջին 8 ժամը թողնել, որ հյութը պարզի, ապա քափը քաշել, պարզված հյութը զգուշորեն լցնել արծնապատ ամանի մեջ և դնել կրակին։ Նստվածքը լցնել քաթանե տոպրակի մեջ, քամված հյութը հետո ավելացնել եփվող հյութին։ Դ. եփել մինչև թանձրանալը։ Երկարատև պահելու համար Դ. պետք է եփել այնքան, որ մնա սկզբնական հյութի ծավալի 1/4-ը։ Շարոցի համար նախատեսված Դ. ավելի քիչ պետք է եփել (այնքան, որ հյութի ծավալը պակասի 2 անգամ)։
20 լ խաղողի հյութին՝ 1-1,5 կգ շիկահող։
Թթի Դ. եփում են սպիտակ թթի նախավերջին կամ վերջին բերքից։ Թութն ընտրել (խակ և վնասված պտուղները հեռացնել), լցնել արծնապատ ամանի մեջ, 8-10 րոպե եփել թեժ կրակի վրա, մաղով անցկացնել։ Թթի քամած հյութը եփել մինչև թանձրանալը։ Դ-ի պատրաստ լինելը ստուգում են սառը ջրով բաժակի մեջ գդալով Դ. կաթեցնելով. եթե կաթիլն առանց լուծվելու նստում է հատակին, Դ. պատրաստ է։
Դ. պահում են ապակե շշերի մեջ։ Օգտագործում են որպես բուժամիջոց (մրսածության, հազի դեմ), ինչպես նաև սննդի մեջ։