ՏՏՀ/Ենթամթերք
ԵՆԹԱՄԹԵՐՔ, մսացու անասունի սննդի մեջ օգտագործվող ներքին օրգաններ և մսեղիքի որոշ մասեր։ Ըստ սննդարարության և համային հատկությունների տարբերում են առաջին և երկրորդ կարգի Ե.։ Առաջին կարգի ե. են լյարդը, լեզուն, երիկամները, ուղեղը, սիրտը, կուրծը, մսի կտորտանքը, մսաոսկրային պոչը, ստոծանին։ Երկրորդ կարգի են թոքերը, փայծաղը, ստամոքսը, ականջները, շուրթերը, խոզի տոտիկները։ Սպիտակուցների պարունակությամբ Ե. քիչ է տարբերվում մսից։ Որոշ Ե-ներ (լեզու, կուրծ) հարուստ են ճարպերով, լյարդը պարունակում է զգալի քանակությամբ PP վիտամին, պանտոթենաթթու, B խմբի և այլ վիտամիններ, ինչպես նաև կալցիումի, մագնեզիումի, ֆոսֆորի աղեր։ Լյարդը և երիկամները հարուստ են երկաթով, ուղեղը՝ ֆոսֆորով։
Ոչխարի, հորթի, խոզի սոսնձանյութով հարուստ տոտիկները, խոշոր եղջերավոր անասունների շուրթերն ու կապահոդերը, բոլոր տեսակի անասունների ականջներն օգտագործում են դոնդող պատրաստելու համար։ Կապահոդերից և կտրիչից պատրաստում են ազգային որոշ կերակրատեսակներ։ Չսառեցրած Ե. վատ է պահպանվում, խորհուրդ է տրվում այն հնարավորին չափ շուտ եփել։ Խոհարարական մշակումից առաջ Ե. լվանում են սառը ջրով (սառեցրածը նախապես հալեցնում են)։ Որոշ Ե-ների խոհարարական մշակման և օգտագործման մասին տես նաև Ուղեղ, Լյարդ, Երիկամներ, Լեզու հոդվածներում։