ԵՌՈՒՑԻՉ ընկղմովի, սովորաբար խողովակաձև էլեկտրաջեռուցիչ տարր՝ փոքր քանակության (մինչև 10լ) ջուր եռացնելու համար։ Թողարկվող Ե-ների հզորությունը 0,3-ից մինչև 2 կՎտ է։ Մի բաժակ ջուրը 0,3 կՎտ հզորության Ե-ով 20-ից մինչև 95 °C տաքացնելու համար պահանջվում է 5 րոպե, իսկ 7 լ ջուրը 2 կՎտ հզորության Ե-ով նույն ջերմաստիճանի հասցնելու համար՝ 30 րոպե։

Ե. չի կարելի էլեկտրական ցանցին միացնել առանց ջրի մեջ ընկղմելու։ Ջրի մակարդակը պետք է լինի էլեկտրաջեռուցիչ տարրի ուղիղ տեղամասի վրա արված երկու նիշերի միջև։ Դժբախտ պատահարից խուսափելու համար միացած Ե-ի դեպքում ձեռքը չի կարելի մտցնել ջրի մեջ։ Ջերմատվությունն առավել արդյունավետ դարձնելու համար խորհուրդ է տրվում Ե. օգտագործելուց հետո շփել բրդե լաթով (վրայի նստվածքը մաքրելու նպատակով), իսկ նստվածքի զգալի շերտը մաքրելու համար Ե. որոշ ժամանակ պետք է պահել քացախի էսենցիայի 15-20 %-անոց լուծույթի մեջ։