ԶԵԼՑ, երշիկի տարատեսակ։ Պատրաստում են խոզի, տավարի մսից, ճարպից, լեզվից, լյարդից և այլ ենթամթերքներից։ Եփած հումքը մանրացնում են և խառնում համեմունքի (սխտոր, պղպեղ, դարչին, մեխակ, գինձ), աղի և շաքարի հետ։ Զ. օգտագործում են որպես սառը խորտիկ։ Տան պայմաններում այն կարելի է պահել սառնարանում մինչև 12 օր։