ԷԼԵԿՏՐԱՍԱԼԻԿ, թողարկում են 1 կամ 2 սկավառակներով Է-ներ՝ աստիճանային (1-ից մինչև 7) տաքացում ապահովող հզորության փոխարկիչներով։ Միասկավառակ Է-ի հզորությունը 0,8–2,6 կՎտ է, երկսկավառակինը՝ 1,8-3 կՎտ (սակայն միաժամանակ աշխատող երկու սկավառակների ընդհանուր հզորությունը չպետք է գերազանցի 2,2 կՎտ)։ Է-ների սկավառակները լինում են թուջե, դրոշմած կամ խողովակավոր 145 կամ 180 մմ տրամագծով։ Արդի Է–ներն ունեն ազդանշանային լամպ, որը վառվում է սկավառակը միացնելիս։

Առավել արդյունավետ և կատարելագործված են խողովակավոր սկավառակներով Է-ները. դրանք արագ են տաքանում, խնայողական են և դիմացկուն։ Խողովակավոր սկավառակների օգտակար գործողության գործակիցը մեծացնելու համար դրա տակ դնում են չժանգոտող պողպատե անդրադարձիչ։ Սկավառակները լինում են հանովի կամ հետգցովի, ինչը զգալիորեն հեշտացնում է անդրադարձիչի մաքրումը։

Է-ի անվտանգությունն ապահովվում է հոսանքահաղորդիչ մասերի (հատկապես թուջե սկավառակների ակոսների մեջ տեղադրված մետաղալարե տաքացնող պարույրների) մեկուսացմամբ և տաքացիչի հերմետիկացմամբ։ Դժբախտ պատահարից խուսափելու նպատակով արգելվում է օգտվել վնասված էլեկտրամեկուսապատվածքով Է–ից։ Եթե ցանցին միացնելիս Է-ի սկավառակները չեն տաքանում, հարկավոր է Է. ցանցից անջատել, զննել քուղը և ստուգել լարերի միացումը երկժանու մեջ։ Լարերի վատ միացումը և խզվածքը առավել հաճախ հանդիպող վնասվածքներից են, որոնք հեշտությամբ կարելի է վերացնել սեփական ուժերով։