ՏՏՀ/Ժամակարգավորիչ
ԺԱՄԱԿԱՐԳԱՎՈՐԻՉ, թայմեր, պահանջվող ժամանակահատվածի հաշվառման սարք, որը սահմանված ժամը լրանալու պահին ինքնաբերաբար աշխատում է կամ իբրև զարթուցիչ արձակում է որևէ տեխնոլոգիական գործընթացի (սննդի պատրաստման, սպիտակեղենի լվացման) ավարտը (կամ սկիզբը) ազդարարող ձայնային ազդանշան, կամ էլ միացնում (անջատում) է համապատասխան էլեկտրասարքերը։ Այն Ժ-ները, որոնք գործարկվելիս անջատում (կամ միացնում) են էլեկտրական հպակները և դրանով իսկ անջատում (կամ միացնում) են էլեկտրական շղթան, հաճախ կոչվում են ժամանակի ռելե։
Ըստ գործողության սկզբունքի՝ Ժ-ները լինում են մեխանիկական, օդաճնշական, էլեկտրական։ Պահաժամի առավել լայն ընդգրկույթ ունեն և ճշգրիտ ու հուսալի են ժամացույցի մեխանիզմով աշխատող մեխանիկական Ժ-ները։ Այդպիսի Ժ-ներում ժամանակահատվածներն առաջադրվում են ձեռքով, օրինակ, ժամանակի ցուցիչի սլաքի տեղափոխմամբ։ Միաժամանակ լարվում է մեխանիզմի զսպանակը, ընդ որում, որքան ավելի հեռու է դրվում սլաքը զրոյական դիրքից, այսինքն՝ որքան ավելի մեծ է ժամանակահատվածը, այնքան զսպանակի ավելի շատ լարք է պահանջվում։ Ժ. կաշխատի (կամ ազդանշան կտա կամ կփակի էլեկտրական հպակը), երբ սլաքը վերադառնա զրո դիրքին, այսինքն՝ վերջանա լարքը։ Ի տարբերություն սովորական ժամացույցների, որոնք, անընդհատ հաշվելով վայրկյանները, րոպեները և ժամերը, ցանկացած պահին ցույց են տալիս ընթացիկ ժամանակը, Ժ. հաշվում է միայն կամովին տրված ժամանակահատվածի տևողությունը (դարձյալ վայրկյաններով, րոպեներով և ժամերով), որն ամեն անգամ սահմանափակվում է զսպանակի լարքով։
Ժ-ները պատրաստվում են ինչպես առանձին սարքերի ձևով (օրինակ, Ժ. խոհանոցի համար), այնպես էլ ներսարքավորված (օրինակ, ավտոմատ և կիսաավտոմատ լվացքի մեքենաներում բոլոր գործողությունների տևողությունը կարգավորվում է Ժ-ների միջոցով)։
Ժ-ի կիրառումը զգալիորեն պարզեցնում է որոշակի ժամանակի սահմանման անհրաժեշտության հետ կապված աշխատանքների իրականացումը։