ՏՏՀ/Ժամացույց
ԺԱՄԱՑՈՒՅՑ, բազմիցս փոփոխվել է ինչպես գործողության սկզբունքով և ժամանակի չափման եղանակով, այնպես էլ կառուցվածքով, արտաքին տեսքով, աշխատանքի ճշգրտությամբ։ Թողարկվում են մեխանիկական, էլեկտրոնային, էլեկտրոնամեխանիկական և էլեկտրական (վերջիններս տեղադրվում են հասարակական շենքերում, ձեռնարկություններում ևն) Ժ-ներ։ Անձնական օգտագործման համար թողարկվում են պատի, հատակադիր, սեղանի, բուխարու, գրպանի և ձեռքի Ժ-ներ, ինչպես նաև կուլոն-Ժ-ներ, ապարանջան-Ժ-ներ (ձեռքի Ժ-ի տարատեսակը) և մատանի Ժ-ներ։
Մեխանիկական Ժ-ներն ամենատարածվածն են։ Անկախ արտաքին տեսքից, կիրառման նպատակից և կառուցվածքային որոշ առանձնահատկություններից, մեխանիկական բոլոր Ժ-ների գործողության սկզբունքը նույնն է։ Դրանցում ժամանակի չափանիշը ճոճանակի կամ ճոճանիվի տատանումներն են, որոնք խարսխային մեխանիզմի և ատամնանիվների համակարգի միջոցով կերպափոխվում են թվացույցի վրա սլաքների հավասարաչափ ընդհատուն տեղաշարժման։
Բոլոր Ժ-ների որակը բնութագրվում է աշխատանքի ճշգրտությամբ և արտաքին ձևավորմամբ։ Առավել ճշգրիտ են աշխատում ճոճանակավոր Ժ-ները, որոնց ճշգրտությունը հասնում է օրական մի քանի վայրկյանի։ Նվազ ճշգրիտ են աշխատում ճոճանիվով Ժ-ները, որոնց մեծ մասն ունի օրական ± 30-45 վայրկյանի ճշգրտություն։ Ժամանակի ընթացքում քսուքների թանձրացման, մեխանիզմի փոշոտվելու և զսպանակի «հոգնածության» պատճառով աշխատանքի ճշգրտությունը նվազում է, ուստի բոլոր տեսակի մեխանիկական Ժ-ները հարկավոր է պարբերաբար (2-3 տարին մեկ) մաքրել և յուղել։ Եթե Ժ. ջուրն է ընկել, անհրաժեշտ է բացել կափարիչը, չորացնել և տանել արհեստանոց մաքրման և յուղման համար։ Որպեսզի Ժ. հուսալի լինի և երկար ծառայի, այն հարկավոր է պահպանել հարվածներից և ուժգին ցնցումներից, մեխանիզմի մեջ փոշու և խոնավության թափանցումից, բարձր ու ցածր ջերմաստիճանների ազդեցությունից և ուժեղ մագնիսական դաշտերից։
Թողարկվող Ժ-ների մեծ մասը տարբեր մոդելների ձեռքի ժամացույցներ են։ Մեխանիկական Ժ-ներից շատերը ցույց են տալիս նաև ամսաթիվը և շաբաթվա օրը։ Լինում են նաև զսպանակի ավտոմատ լարումով Ժ-ներ, որոնց լարքն ապահովվում է Ժ-ի կափարիչի տակ տեղավորված ծանրուկի ազատ ճոճման հաշվին (ծանրուկը ճոճվում է քայլելու, աշխատանքի ժամանակ ձեռքի շարժումից)։ 10-12 ժամվա ընթացքում զսպանակի ստացած լարքն ապահովում է Ժ-ի մեխանիզմի աշխատանքն օրվա ընթացքում։
Շատ Ժ-ներ պատրաստվում են ոսկեջրած կամ ոսկե (583 հարգի) պատյանով։ Այդպիսի Ժ-ները շատ երկար պահպանում են գեղեցիկ տեսքը, լավ դիմանում ջրի և ալկալիների (օճառի մեջ պարունակվող) քայքայիչ ներգործությանը, բայց հարկ է հիշել, որ ոսկեջուրը մգանում և արագորեն քայքայվում է ձեռքի որոշ մաշկաքսուքներում և քսայուղերում պարունակվող սնդիկի ներգործությունից։
Սեղանի ժամացույցներից առավել տարածված են զարթուցիչները։ Դրանցում, բացի հիմնական մեխանիզմից, կա նաև զանգի լրացուցիչ մեխանիզմ։ Փոքրաչափ զարթուցիչների մեծ մասի մեխանիզմների առանցքակալները պատրաստված են սուտակե քարերից։ Այդպիսի Ժ-ներն աշխատանքի ճշգրտությամբ քիչ են զիջում ձեռքի Ժ-ներին և նույնպես պահանջում են հոգատար վերաբերմունք և խնամք։
Պատի (ինչպես և հատակադիր) ժամացույցները մեծ մասամբ ճոճանակավոր են։ Իբրև կանոն, դրանք աշխատում են մեծ ճշգրտությամբ, քանի որ ճոճանակը թույլ է տալիս հեշտությամբ կարգավորել Ժ-ների ընթացքը, բացի այդ, ամրացված լինելով պատին, չեն ենթարկվում հարվածների և ցնցումների։ Պատի Ժ-ների շարժաբերը կարող է լինել զսպանակավոր կամ ծանրուկավոր։ Պատի և հատակադիր Ժ-ների մեծ մասը լարվում է շաբաթը մեկ անգամ Ժ-ին հնարավորին չափ քիչ դիպչելու և նրա հաստատված դիրքը պատահականորեն չխախտելու համար։
Ժ-ներն անհրաժեշտ է պատին ամրացնել ուղղաձիգ դիրքով։ Ժ. կախելուց հետո հարկավոր է գործի գցել ճոճանակը և, ճշտգրտելով Ժ-ի դիրքը, լսողությամբ հասնել հարվածների միատեսակ ռիթմիկության ճոճանակի տատանումների ժամանակ։ Ժ-ի աշխատանքի կարգավորումից հետո, օգտակար է պատի վրա նշել նրա դիրքը (օրինակ, մատիտով), որպեսզի զսպանակի լարման կամ ծանրուկի ձգման ժամանակ Ժ-ի դիրքի պատահական խախտումից հետո հնարավոր լինի այն վերադարձնել նախկին տեղը։ Նույնպիսի խնամքով են տեղակայում նաև հատակադիր Ժ-ները, որոնց իրանի հիմնամասում կան կարգավորիչ հենապտուտակներ։
Էլեկտրոնային և էլեկտրոնա-մեխանիկական Ժ-ները սկզբունքորեն տարբերվում են զսպանակավոր կամ ծանրուկավոր շարժաբերով և աշխատանքի ճոճանակային կարգավորիչով սովորական մեխանիկական Ժ-ներից։ Այդ Ժ-ները չունեն ավանդական ժամացուցային մեխանիզմ, և դրանցում ժամանակի չափանիշ են ծառայում ոչ թե ճոճանակի մեխանիկական տատանումները, այլ էլեկտրոնային գեներատորի (այստեղից էլ անվանումը) առաջացրած էլեկտրական ազդանշանները։
Էլեկտրոնային ժամացույցները լինում են ձեռքի (1,5 Վ էլշու-ով փոքրաչափ գալվանական տարրերից սնուցվող), սեղանի (220 Վ լարման փոփոխական հոսանքի ցանցից կամ 1,5 Վ Էլշու-անոց «Ա-316» , «Կրոնա» տեսակի տարրերով աշխատող) և ավտոմոբիլային (12 Վ լարման կուտակիչից սնուցվող)։ Մեկ գալվանական տարրն ապահովում է Ժ-ի աշխատանքը 12 ամսից ոչ պակաս։ Փոփոխական հոսանքի ցանցից աշխատող Ժ-ներում հաճախ նախատեսվում է հոսանքի պահեստային աղբյուրի (սովորաբար գալվանական տարրի) միացում, լարման մատուցման կարճատև ընդհատման դեպքում Ժ. ավտոմատ կերպով անցնում է սնուցման ինքնուրույն աղբյուրին։
Էլեկտրոնային Ժ-ները, ըստ էության, փոքրածավալ մասնագիտացված հաշվողական սարքեր են, որոնց կազմում, բացի գեներատորից, կան բաժանարարներ, ձևավորիչներ, բազմապատկիչներ, էլեկտրական տատանումների ուժեղարարներ և էլեկտրոնային տեխնիկայի այլ տարրեր։ Աշխատանքի կայունությունը բարձրացնելու համար գեներատորն ունենում է քվարցային ռեզոնատոր, որն ապահովում է օրական ± 2,0 վայրկյան ճշգրտություն (25±5°C–ի պայմաններում)։ Քվարցային ռեզոնատորով էլեկտրոնային գեներատորները հաճախ պարզության համար կոչվում են քվարցային գեներատորներ, իսկ Ժ–ներն էլ համապատասխանաբար՝ էլեկտրոնային քվարցային Ժ-ներ։ Էլեկտրոնային Ժ-ների մեծ մասի միկրոփոքրիկ էլեկտրոնային մեխանիզմները կարող են տեղավորվել 0,25-1,5 սմ² մակերեսով 0,1-0,2 մմ հաստությամբ թիթեղիկի վրա։
Գեներատորի ստեղծած էլեկտրական տատանումները (ազդանշանները) համապատասխան կերպափոխումից հետո իմպուլսների ձևով մուտք են գործում թվացույց, որով հաշվառվում է ժամանակը։ Էլեկտրոնային Ժ-ներում թվացույցը մի ցուցատախտակ է, որի վրա էլեկտրական իմպուլսների ազդեցությամբ լուսավորվում են ժամանակը ցույց տվող թվանշանները։ Լուսավորվող թվացույցները պատրաստվում են փոքրաչափ շիկացման լամպերից, լյումինեսցենտային լամպերից և լուսաճառագայթիչ դիոդներից, նման թվացույցները շատ էներգիա են օգտագործում և այդ պատճառով էլ կիրառվում են գլխավորապես ցանցից կամ ավտոմեքենաների կուտակիչներից հոսանք ստացող Ժ-ներում և զգալիորեն ավելի հազվադեպ ձեռքի Ժ-ներում։ Թվացույցների մեկ այլ տեսակ է հեղուկ բյուրեղայինը, որոնցում թվանշանների մուգ պատկերները կարծես հայտնվում են լուսավոր մակերեսի վրա։ Հեղուկ բյուրեղներով թվացույցները թվանշանների պատկերման պայծառությամբ զգալիորեն զիջում են լուսավորվող տարրերով թվացույցներին, բայց, ի տարբերություն վերջինների, շատ քիչ էներգիա են օգտագործում։ Դա էլ նպաստում է դրանց ավելի լայն կիրառությանը ձեռքի Ժ-ներում, որտեղ էներգիայի աղբյուր են քիչ էներգատար փոքրաչափ տարրերը։
Ձեռքի էլեկտրոնային Ժ-ների մեծ մասը ժամանակից բացի, ցույց են տալիս ամսաթիվը, շաբաթվա օրը, ամիսը, տարեթիվը։ Թողարկվում են նաև վայրկյանաչափի և (կամ) ժամակարգավորիչի դեր կատարող ձեռքի Ժ-ներ։
Էլեկտրոնամեխանիկական ժամացույցները արտաքնապես նման են սովորական մեխանիկական Ժ-ների։ Դրանց մեծ մասը պատի կամ սեղանի, ավելի հազվադեպ ձեռքի Ժ-ներ են, որոնք հիմնականում սնվում են «373», «Կրոնա» տեսակի գալվանական տարրերից և 1,5 Վ Էլշուով փոքրաչափ մարտկոցներից։ Ժամանակը հաշվարկվում է (ինչպես և մեխանիկական Ժ-ներում) թվացույցի վրա սլաքների գրաված դիրքով։ Այդպիսի Ժ-ները, էլեկտրոնային բլոկից բացի, ունեն նաև համաժամ կամ քայլային էլեկտրաշարժիչ և անվային համակարգ, որոնց միջոցով էլեկտրոնային բլոկում կազմավորված էլեկտրական ազդանշանները կերպափոխվում են սլաքների անընդհատ կամ ընդհատուն շարժման։
Էլեկտրոնամեխանիկական Ժ-ների աշխատանքի ճշգրտությունը օրական ± 30 վայրկյան է։ Առավել կատարելագործված են քվարցային գեներատորով և փոքրաչափ քայլային էլեկտրաշարժիչով սարքավորված էլեկտրոնամեխանիկական Ժ-ները, որոնք ունեն օրական ± 2 վայրկյանի ճշգրտություն։ Թողարկվում են ձեռքի էլեկտրոնամեխանիկական քվարցային այնպիսի Ժ-ներ, որոնք, ունենալով էլեկտրոնային Ժ-ների բոլոր առավելությունները, պահպանում են նաև ժամանակի հաշվարկի սովորական սլաքային համակարգը։
Սեղանի էլեկտրոնային և էլեկտրոնամեխանիկական Ժ-ների մեծ մասն ունի ձայնային ազդանշանի հարմարանք և կարող է կատարել զարթուցիչի դեր։ Երբեմն էլեկտրոնային Ժ-ներն ունենում են ներսարված ռադիոընդունիչ, որը կարող է նշված ժամին միանալ զարթուցիչի նման, կամ էլ օգտագործվել իբրև սովորական շարժական ռադիոընդունիչ։
Էլեկտրոնային և էլեկտրոնամեխանիկական Ժ-ների աշխատանքի երաշխավորված ժամկետը 1-1,5 տարի է։