ՏՏՀ/Իոնարար
ԻՈՆԱՐԱՐ, ճիշտը՝ աերոիոնարար, բնակելի շինություններում բացասական աերոիոններով (գազի էլեկտրականապես լիցքավորված մոլեկուլներով) օդի արհեստական հագեցման սարք։ Բացասական աերոիոնները խթանիչ և բուժիչ ներգործություն են ունենում մարդու օրգանիզմի վրա. բարձրացնում են աշխատունակությունը, թեթևացնում որոշ հիվանդությունների բուժման ընթացքը, նվազեցնում օրգանիզմի թթվածնային անբավարարությունը ևն։ Բացասական աերոիոնները կիրառում են, օրինակ, սիրտանոթային համակարգի խանգարումների որոշ տեսակների, շնչառական ուղիների և այլ օրգանների հիվանդությունների բուժման ժամանակ։ Այդպիսի աերոիոնները շատ-շատ են լեռնոտ տեղանքի օդում, անտառներում, ծովափին, ջրվեժների և լեռնային գետերի մոտակայքում, հատկապես ամպրոպից հետո, մինչդեռ քաղաքների մթնոլորտում և, ամենից առաջ, բնակելի շինություններում դրանք չափազանց քիչ են։
Ի. սովորաբար աշխատեցնում են գիշերները. այդ ընթացքում սենյակում անպայման պետք է օդանցքը բաց պահել։ Սարքը շրջապատի համար վտանգ չի ներկայացնում, սակայն էլեկտրական հոսանքի տհաճ «խայթոցներից» խուսափելու նպատակով խորհուրդ չի տրվում ձեռք տալ միացված Ի-ի ճառագայթիչին կամ իրանին։ Օդը կարելի է բացասական աերոիոններով հագեցնել նաև այնպիսի աերոիոնարարով (օրինակ, «Աինա» տեսակի), որը միաժամանակ և՛ Ի. է, և՛ էլեկտրաջերմաօդափոխիչ։