ՏՏՀ/Լազերային նվագարկիչ
ԼԱԶԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԿԻՉ, կոմպակտ սկավառակը նվագարկելու սարք։ Լ. ն-ի հիմնական հանգույցներն են. սկավառակի տեղադրման հարմարանքը, օպտիկամեխանիկական բլոկը, ավտոմատ կարգավորման համակարգը, ձայնի թվանշանային ազդանշանների կոդավերծանման սարքը, կառավարման և ցուցանշման համակարգը, ցածր հաճախության նախնական ուժեղարարը։ Սկավառակի տեղադրման հարմարանքը նախատեսված է կոմպակտ սկավառակը Լ. ն-ի մեջ ավտոմատ կերպով մտցնելու և սկավառակը պտտող շարժիչի հատուկ տափօղակի վրա տեղադրելու համար։
Օպտիկամեխանիկական բլոկն ապահովում է կոմպակտ սկավառակի պտտումը, լազերային ձայնահանի շարժումը շառավղով և ձայնի վերարտադրումը։ Վերարտադրման ընթացքում կոմպակտ սկավառակի մակերևույթը լուսավորվում է փոքր հզորության (3-5 մՎտ) կիսահաղորդչային լազերի խիստ կիզակետված ճառագայթով, որն, անդրադառնալով կոմպակտ սկավառակի մետաղատոգորված մակերևույթից, օպտիկական համակարգի միջոցով ուղղվում է դեպի լուսընդունիչ։ Պտտվող կոմպակտ սկավառակից անդրադարձած լազերային ճառագայթը, հետևաբար և լուսընդունիչի ելքի հոսանքը մոդուլված են ըստ շավղի մանրաչափ փոսիկների (պիտերի)։
Ավտոմատ կարգավորման համակարգը ապահովում է գրանցման շավղին ավտոմատ կերպով հետևելը, լազերային ճառագայթի համընկնումը շավղին, տվյալ կետում հաստատուն գծային արագության (1,2 մ/վ) պահպանումը կոմպակտ սկավառակի պտտման հաճախության համապատասխան փոփոխմամբ, լազերային ճառագայթի ավտոմատ կիզակետումը։
Ձայնի թվանշանային ազդանշանների կոդավերծանման սարքը լուսընդունիչի ելքից եկող էլեկտրական թվանշանային ազդանշանը կերպափոխում է ձայնային հաճախության անընդհատ (անալոգային) ազդանշանի (գրանցված ձայնային ծավալահնչական ազդանշանների վերականգնում)։ Ուժեղացնելուց հետո վերականգնված ազդանշանները կարելի է լսել ձայնական համակարգերի կամ ծավալահնչական ականջակալների միջոցով։
Կառավարման և ցուցանշման համակարգը, որպես կանոն, բաղկացած է միկրոԷՀՄ-ից, որը մշակում է լրացուցիչ տեղեկություն գրանցված ծրագրի մասին, հիշում այդ տեղեկությունը և մի մասն ուղարկում ցուցանշման սարք, կարող է կառավարել գրանցման անհրաժեշտ հատվածների փնտրումն ու վերարտադրումը։
Էլեկտրանվագարկիչի համեմատ Լ. ն-ի հիմնական առավելություններն են վերարտադրման բարձր որակը, բազմակի վերարտադրման դեպքում ձայնագրության որակի պահպանումը, լրիվ ավտոմատացումը և վերարտադրման ընթացքի ծրագրավորման հնարավորությունը։