ԼԵԶՈՒ, թարմ կամ աղ դրած Լ-ից պատրաստում են սառը խորտիկներ և այլ կերակրատեսակներ։ Եփելուց առաջ թարմ Լ. պետք է լավ լվանալ, իսկ աղ դրածը՝ դնել սառը ջրի մեջ (մեծ Լ.՝ 5-6 ժամ, փոքրը՝ 2-3 ժամ)։

Լ. խաշած. Լ-ի վրա սառը ջուր լցնել և 3-3 1/2 ժամ եփել դանդաղ եռքով։ Թարմ Լ. եփել աղ արած ջրում՝ ավելացնելով արմտիք (գազար, մաղադանոս, նեխուր, սոխ), պղպեղ և դափնու տերև։ Աղ դրած Լ. եփել անալի ջրում։ Խաշած Լ. 2-3 րոպեով դնել սառը ջրի մեջ և մաշկն անմիջապես հանել, ապա փակ ամանով պահել սառը տեղում։ Սառած Լ. բարակ կտրտել և մատուցել վարունգի, կաղամբի, կանաչ ոլոռի հետ։ Առանձին կարելի է մատուցել նաև քացախով ծովաբողկ։ Արգանակով կարելի է ապուր կամ սոուս եփել։

Լ. դոնդողածածկ. Լ. խաշելուց առաջացած 1 լ արգանակին ավելացնել 40 գ (2 1/2 ճաշի գդալ) դոնդողանյութ (նախապես սառը ջրում թրջած), խառնելով հասցնել եռման, քամել և հովացնել։ Լ. մանր կտրտել, դնել ամանի մեջ և վրան լցնել (2-3 անգամից) հեղուկ դոնդողակը։ Պնդանալուց հետո դոնդողակը և մսի կտորները կտրտել և դնել ափսեի մեջ։ Խավարտը նույնն է, ինչ խաշած Լ-ի համար։