ՏՏՀ/Լավաշ
ԼԱՎԱՇ, թոնրում թխվող տափակ, բարակ ու երկար հաց։ Խմորը պատրաստում են ցորենի 1-ին և 2-րդ տեսակի ալյուրից։
Ալյուրը մաղում են, ապա հունցում ջրով, ավելացնում աղ (10 կգ ալյուրին՝ 150-200 գ աղ)։ Խմորին ավելացնում են թթխմոր։
Խմորը հասունանում է 1 1/2-2 ժամում 30-32 °C ջերմաստիճանի դեպքում։
Պատրաստի խմորը կտրտում և գնդում են, թողնում 10-15 րոպե, մինչև գնդերը նստեն։ Այնուհետև գնդերը կլոր Լ-ների ձևով գրտնակում են փայտե գրտնակով, ապա գցում ձվաձև փափուկ բարձի վրա (երկարությունը՝ 50-80 սմ, լայնությանը՝ 35-40 սմ)։
Ձևավորված Լ. թեթև հպումով խփում են թոնրի տաք պատին։ 3-5 րոպե անց պատրաստի Լ. հեշտությամբ պոկում են պատից։ Լ. բնորոշ է նրանով, որ փափուկ միջուկ գրեթե չունի։