ԼՈՌ, կաթնաշոռ, կաթնաթթվային դիետիկ մթերք, ստացվում է կովի կաթի թթվեցմամբ և շիճուկի մասնակի հեռացմամբ։ Պատրաստում են անարատ, ինչպես նաև մասամբ կամ լրիվ յուղազրկված պաստերացված կաթից։ Թթվեցնող մակարդը պատրաստում են կաթնաթթվային ստրեպտոկոկերի մաքուր կուլտուրաներից՝ երբեմն ավելացնելով շրդանային ֆերմենտ։ Տարբերում են սովորական շերտավոր Լ., որն ստանում են մամլումով շիճուկի հեռացմամբ, և մածուկանման փափուկ դիետիկ Լ., որն ստանում են զատիչով շիճուկի հեռացմամբ:

Սովորական Լ. լինում է 18 % (յուղալի), 9 % (կիսայուղալի) յուղայնության և յուղազրկված։ Գյուղական Լ. պատրաստում են յուղազրկված կաթից, ապա խառնում սերուցքի հետ՝ յուղայնությունը հասցնելով 5 %-ի։ Սեղանի Լ. (2 % յուղայնություն) պատրաստում են յուղազրկված կաթի և թանի խառնուրդից մամլումով շիճուկի հեռացմամբ։ Փափուկ դիետիկ Լ. թողարկում են 11 %, 4 % յուղայնության և անյուղ, ինչպես նաև մրգահատապտղային հավելանյութերով։

Յուղալի Լ. կաթնաճարպի և սպիտակուցի խտածո է, անյուղը՝ սպիտակուցի խտածո։ Լ-ի սպիտակուցում պարունակվում են անհրաժեշտ բոլոր ամինաթթուները, որի շնորհիվ Լ. բացառիկ արժեքավոր սննդամթերք է բոլոր տարիքի մարդկանց համար։ Լ. առավել օգտակար է երեխաներին, հղի և կերակրող կանանց, քանի որ հարուստ է ոսկորների աճի, արյունագոյացման, սրտի և նյարդային համակարգի գործունեության համար անհրաժեշտ կալցիումի և ֆոսֆորի աղերով։ Որպես բուժիչ միջոց Լ-ի օգտագործման մասին տես Բուժական սնունդ հոդվածում։

Լ. կարելի է պատրաստել տան պայմաններում. 3-4 լ եռացրած գոլ կաթը կաթսայի մեջ խառնել 1 բաժակ մածնի հետ և թողնել սենյակի ջերմաստիճանում՝ մինչև թանձրանալը։ Գոյացած թանձրուկը կտրտել խոշոր կտորների, կաթսան տեղավորել ջրով լի թասի մեջ և դնել մարմանդ կրակի վրա։ Զանգվածը տաքացնել (չհասցնելով եռման)՝ վերին շերտերը զգուշորեն խառնելով։ Թանձրուկի ստորին շերտերը վեր են բարձրանում, իսկ վերինները՝ իջնում, որի շնորհիվ զանգվածը տաքանում է հավասարաչափ, շիճուկն էլ լիովին անջատվում է։ Երես ելած թանձրուկը լցնել երկտակ թանզիֆով ծածկված մաքուր (եռման ջրով լվացած) մաղի կամ քամիչի մեջ։

Շիճուկը քամվելուց հետո, Լ. հովացնել և դնել մամլիչի տակ (փաթաթել թանզիֆով կամ կտավով, վրան տախտակ և ծանրություն դնել)։

Սառնարանում Լ. կարելի է պահել 2-3 օր։ Լ. ուտում են թթվասերով, կաթով, դրանից պատրաստում են զանազան կերակրատեսակներ։ Լոռապանրիկները և լոռազանգվածը թողարկում են յուղի և շաքարի տարբեր պարունակությամբ, ինչպես նաև շաքարաջրի, շոկոլադի, ընկույզի, չամիչի և վանիլինի հավելումներով։