ԼՈՒՊԻՆ, լյուպին, բակլազգիների ընտանիքի միամյա և բազմամյա բույսերի ցեղ։ Ընդգրկում է 200 տեսակ։ Մշակության մեջ լայնորեն տարածված են պարտեզային բազմամյա ձևեր ու հիբրիդային սորտեր։ Օգտագործում են սիզամարգերի, խառը եզրաշերտերի (միքսբորդերների) և այլ ձևավորումների համար։

Հիբրիդային Լ. 1-1,5 մ բարձրության բազմամյա խոտաբույս է, հզոր առանցքային արմատով, որը հողի մեջ է թափանցում մինչև 80 սմ խորությամբ։ Ցողունը ուղղաձիգ է, սնամեջ, բազմանդամ։ Տերևները խոշոր են, հովհարաձև, երկար կոթուններով։ Ծաղիկները՝ սպիտակ, մանուշակագույն, վարդագույն, դեղին, կարմիր, մուգ կապույտ, խայտաբղետ՝ խմբված երկար (մինչև 75 սմ) կոնաձև ծաղկաբույլերում։ Լ. ծաղկում է հունիս-հուլիսին (առատ) և սեպտեմբերին (ավելի թույլ)։

Տեղի ընտրությունը. սիրում է բաց, լուսավոր վայրեր, ստվերում բույսը ձգվում է և կորցնում գեղազարդությունը։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, աճում է կիր պարունակող ցանկացած մշակովի հողում՝ վերջինս հարստացնելով ազոտով։ Աղքատ հողերը պետք է պարարտացնել հանքային պարարտանյութերով։

Տնկումը. միևնույն տեղում առանց վերատնկման Լ-ի թփերը կարող են աճել 4-5 տարի, որից հետո պետք է վերականգնել սերմային կամ կտրոնային եղանակով։ Սերմերի ցանքը գերադասելի է կատարել գարնանը։ Կարելի է շարքերով ցանել մարգերում (հետագայում սածիլելով) կամ բներով՝ անմիջապես հիմնական վայրում։ Նոսրացումից հետո 1 մ2–ում թողնել 6-9 բույս։ Սերմերով բազմացնելիս գունավորումը միշտ չի փոխանցվում, ուստի սորտի հատկանիշների պահպանման համար ավելի լավ է բազմացնել կտրոններով։ Վերջիններիս համար պիտանի են 5-7 տերևներով մերձարմատային վարդակները, ինչպես նաև տերևանութներից դուրս եկող ցողունների վրա զարգացող կողմնային ընձյուղները։ Կտրոնները լավ են արմատակալում ստվերոտ վայրերում և ծաղկում են առաջին տարվա աշնանը։

Խնամքը. մշակության մեջ Լ. պահանջկոտ չէ։ Խնամքը սովորական է։ Թփերն ամեն տարի վերականգնվում են նախորդ ընձյուղի հիմքի վրա առաջացող փոխարինող բողբոջներից, բազմամյա հատվածն աճում է վեր և աստիճանանբար մերկանում, ուստի անհրաժեշտ է թփերի մոտ մշտապես սննդարար հող շաղ տալ։

Հիվանդությունները. Լ. ախտահարում են սնկային հիվանդությունները՝ ալրացողը, ժանգը, գորշ բծավորությունը (տերևների, ունդերի և սերմերի վրա առաջանում են գորշակարմրավուն կամ գորշ բծեր), սպիտակ փտումը (փտում է ցողունի հիմքը, բույսը թառամում է), վնասում են նեմատոդի տարբեր տեսակները։

Պայքարի միջոցները. բույսերի հաջորդափոխում, հողի կրացում, աշնանային խոր կրկնավար, ախտահարված բույսերի հեռացում, թույլ չտալ տնկաբույսերի խտացումը, հիվանդացած բույսերի մշակումը համապատասխան պատրաստուկներով։

Լ-ի վրա մակաբուծում են ուտիճները, բվիկները, ոստայնատիզերը, լորձնախխունջները։ Պայքարի միջոցները նույնն են, ինչ այլ բույսերինը։