ԼՑՈՆ, խճողակ, պատրաստում են հում և եփած մսա- և ձկնամթերքից, բանջարեղենից, ձավարեղենից, լոռից, մուրաբայից, պովիդլոյից, ջեմից, ընկույզից, խաշխաշից ևն։ Լ. օգտագործում են խմորեղեն (կարկանդակ, գաթա, նրբաբլիթ, տորթ ևն) և բանջարեղեն լցոնելու համար։

Մսի Լ.։ Եփած միսը մսաղացով աղալ։ Սոխառած անել, նույն տապակի մեջ լցնել լողացած միսը, խառնել և թեթևակի տապակել (3-4 րոպե), այնուհետև կրակից վերցնել, ավելացնել մանրած խաշած ձու, սամիթ կամ մաղադանոս, կարագ, 1-2 ճաշի գդալ արգանակ (եթե Լ. բավականաչափ հյութալի չէ), խառնել և թողնել, որ հովանա։

800 գ փափուկ մսին՝ 3 ձու, 2-3 ճաշի գդալ կարագ կամ յուղ, 1-2 գլուխ սոխ. կանաչին, աղը և պղպեղը՝ ըստ ճաշակի։

Լյարդութոքի Լ.։ Լյարդը, սիրտն ու թոքը կտրտել, լվանալ և եփել աղ արած ջրի մեջ, այնուհետև մսաղացով աղալ և սոխի հետ թեթևակի տապակել։ Ավելացնել աղ, պղպեղ, մանրած խաշած ձու, սամիթ կամ մաղադանոս և խառնել։

1 կգ լյարդութոքին՝ 1 գլուխ սոխ, 2-3 ճաշի գդալ կարագ, 3 ձու. աղը, պղպեղն ու կանաչին՝ ըստ ճաշակի։

Ձկան Լ.։ Թարմ ձուկը (լոքո, շիղաձուկ, գայլաձուկ, ձողաձուկ) մաքրել, լվանալ, աղ անել և տապակել։ Փշերը հեռացնելուց հետո ձուկը մանր կտրտել։ Սոխառած անել, ավելացնել ալյուր, տապակել մինչև բաց դարչնագույն երանգ ստանալը, որից հետո ավելացնել մի քիչ ձկան արգանակ կամ ջուր՝ հասցնելով խիտ թթվասերի թանձրության։ Ստացված թանձրուկը լցնել ձկան վրա, ավելացնել սոխ, կանաչի և աղ։

750 գ ձկանը կամ 500 գ ձկան սուկիին՝ 12 գլուխ սոխ, 2 ճաշի գդալ ձեթ. աղը, պղպեղը և կանաչին՝ ըստ ճաշակի։

Բրնձով և ձվով Լ.։ Բրինձը մաքրել, լվանալ, լցնել աղ արած եռացող ջրի մեջ և եփել։ Կիսաեփ բրինձը շուռ տալ քամիչի կամ մաղի մեջ, վրան տաք ջուր լցնել, թողնել, որ ջուրը քամվի, լցնել կաթսայի մեջ, ավելացնել մանրած խաշած ձու, կարագ, աղ և խառնել։

1 1/4 բաժակ բրնձին՝ 10-12 բաժակ ջուր, 2 ճաշի գդալ կարագ, 3-4 ձու. աղը՝ ըստ ճաշակի։

Սնկի Լ.։ Թարմ սունկը մաքրել, լվանալ, եփել աղ արած ջրի մեջ։ Չոր սունկը 3-4 ժամ թողնել սառը ջրի մեջ, ապա ջուրը թափել, թարմ ջուր լցնել և եփել։ Եփած սունկը մսաղացով աղալ կամ մանր կտրտել և տապակել 1 ճաշի գդալ յուղով։ Այնուհետև ավելացնել կարագ, մանրած կանաչի, պղպեղ։

1 կգ թարմ կամ 200 գ չոր սնկին՝ 1 գլուխ սոխ, 2 ճաշի գդալ կարագ, աղը, պղպեղը և կանաչին՝ ըստ ճաշակի։

Կարտոֆիլի Լ.։ Կարտոֆիլը կեղևել, եփել, ջուրը թափել, ցամաքեցնել, այնուհետև տրորել, ավելացնել հում ձու, տաք կաթ, կարագ, սոխառած և լավ խառնել։

500 գ մաքրած կարտոֆիլին՝ 1/2 բաժակ կաթ, 1-2 գլուխ սոխ, 50 գ կարագ, 2 ձու. աղն ու պղպեղը՝ ըստ ճաշակի։

Թարմ կաղամբի Լ.։ Կաղամբը մանր կտրտել, եռջրել, դնել քամիչի կամ մաղի մեջ, վրան սառը ջուր լցնել, թողնել, որ ջրքամվի, ապա սեղմելով քամել։ Յուղը տաքացնել կաթսայի մեջ, ավելացնել կաղամբը, 10 րոպեից կրակից վերցնել, ավելացնել մանրած խաշած ձու, շաքարավազ, աղ, հետո խառնել և հովացնել։

2 կգ թարմ կաղամբին՝ 4 ձու, 3 ճաշի գդալ յուղ կամ կարագ, 1-2 թեյի գդալ շաքարավազ. աղը՝ ըստ ճաշակի։

Թթու կաղամբի Լ.։ Թթու կաղամբը լվանալ գոլ ջրով և եռջրել ավելորդ թթվությունը վերացնելու համար։ Այնուհետև կաղամբը մանրել, լցնել կաթսայի մեջ, ավելացնել սոխառած և խառնելով շոգեխաշել։ Ըստ ցանկության կարելի է ավելացնել շաքարավազ, աղ, մանրած կանաչի և խաշած ձու։

1 կգ թթու կաղամբին՝ 6 ճաշի գդալ յուղ կամ կարագ, 1 գլուխ սոխ. աղը և շաքարավազը՝ ըստ ճաշակի։

Գազարի Լ.։ Մաքրած գազարը կտրտել, լցնել կաթսայի մեջ, աղ ցանել և փակ կափարիչով եփել 20-30 րոպե մինչև փափկելը։ Այնուհետև ջուրը թափել, գազարը մանրել կամ մսաղացով աղալ, ավելացնել կարագ, մանրած խաշած ձու, շաքարավազ և աղ։

1-1,5 կգ գազարին՝ 3-4 ձու, 3-4 ճաշի գդալ կարագ, 1 թեյի գդալ շաքարավազ, ադը ըստ ճաշակի։

Կանաչ սոխի Լ.։ Սոխը մաքրել, լվանալ, կտրտել, ավելացնել աղ, ձեթ և շոգեխաշել կաթսայի մեջ մինչև փափկելը, այնուհետև ավելացնել մանրած խաշած ձու և խառնել։ Կա սոխի Լ-ի պատրաստման մեկ այլ եղանակ. կտրտած սոխին ավելացնել տաք ձեթ, աղ, լավ խառնել, ապա ավելացնել մանրած խաշած ձու և կրկին խառնել։ Այս եղանակով պատրաստած Լ. ավելի կծու է ստացվում։

400 գ սոխին՝ 3 ձու, 3-4 ճաշի գդալ ձեթ, 1/4 թեյի գդալ աղ։

Խնձորի Լ.։ Խնձորը (ցանկալի է թթու սորտերի) կեղևել, միջուկը հանել, կտրտել, լցնել կաթսայի մեջ, ավելացնել ջուր, շաքարավազ, դնել մարմանդ կրակի վրա և եփել։

1 կգ խնձորին՝ 1-2 1/2 բաժակ շաքարավազ, 3-4 ճաշի գդալ ջուր։

Կաթնաշոռի Լ.։ Կաթնաշոռն անցկացնել մաղով (կամ աղալ մսաղացով), ավելացնել շաքարավազ, ձու, կարագ, աղ և խնամքով խառնել (խոնավ կաթնաշոռը նախապես պետք է փաթաթել թանզիֆով և դնել մամլիչի տակ)։ Կարելի է ըստ ճաշակի ավելացնել վանիլին, չամիչ կամ կտրտած ցուկատ։

500 գ լոռին՝ 1 ձու, 1/2 բաժակ շաքարավազ, 1 ճաշի գդալ կարագ։

Խաշխաշի Լ.։ Խաշխաշը լվանալ գոլ ջրով, լցնել եռացող ջրի մեջ, հասցնել եռման, ապա քամել մաղով կամ թանզիֆով։ Խաշխաշը ծեծել հավանգի մեջ (կամ 2-3 անգամ աղալ մսաղացով), ավելացնել շաքարավազ, հում ձու և խնամքով խառնել։

250 գ Լ-ի համար՝ 5 ճաշի գդալ խաշխաշ, 4 ճաշի գդալ շաքարավազ, 1 ձու։

Ծիրանաչրի Լ.։ Ծիրանաչիրը լվանալ գոլ ջրով, լցնել կաթսայի մեջ, վրան այնքան եռման ջուր լցնել, որ հազիվ ծածկի ծիրանաչիրը։ Եփել 10-15 րոպե, շուռ տալ քամիչի մեջ, ցամաքելուց հետո շարել պատրաստի խմորի վրա և շաքարավազ ցանել։

400 գ ծիրանաչրին՝ 1/2 բաժակ շաքարավազ։

Գաթայի Լ-ի (խորիզ) մասին տես Գաթա հոդվածում։