ԼՈՔՈ, տարբերում են քաղցրահամ ջրերի և ծովային Լ-ներ։ Սովորական կամ եվրոպական Լ. ապրում է գետերում ու լճերում։ Զանգվածը մինչև 300 կգ է։ Հայաստանի ջրերի ամենախոշոր ձուկն է, որն արդյունագործական նշանակություն չունի։ Արաքսում և Արարատյան դաշտի գետերում ու լճերում որսում են մինչև 30 կգ զանգվածով Լ-ներ։

Լ-ի միսը սպիտակ է, նուրբ, բավականին յուղոտ, առանց մանր փշերի։ Վաճառվում է կենդանի, սառեցրած, երբեմն աղ դրած։ Խորհուրդ է տրվում Լ. խաշել բանջարեղենի և համեմունքների եփուկում։

Լ. խաշած. համեմունքով պատրաստած եփուկը եռացնել, ավելացնել 2-3 ճաշի գդալ թթու վարունգի աղաջուր, տաքացնել մինչև եռման աստիճանը, մեջը լցնել Լ-ի կտորները և թույլ կրակի վրա եփել 12-15 րոպե։ Եփած ձկան վրա ավելացնել հալած կարագ և մատուցել խաշած կարտոֆիլի հետ։

Լ. տապակած լոլիկով. ձուկը լվանալ, նախապես հեռացնել մաշկը, կտրտել, աղ, պղպեղ ցանել, թաթախել ալյուրի մեջ և տապակել ձեթով կամ յուղով։ Թարմ լոլիկները 1-2 րոպե դնել եռացող ջրի մեջ, կեղևը հանել, բաժանել 2 մասի, հանել սերմերն ու հյութը, աղ, պղպեղ ցանել ու տապակել։ Տապակած ձկան վրա շարել տապակած լոլիկները, կանաչի կտրտել և մատուցել։

Ծովային Լ. արտաքինից նման է քաղցրահամ ջրերի Լ-ին, ունի բեղիկներ, մարմինը թեփուկազռւրկ է, սակայն մեջքային և կրծքային լողակներն ունեն փշեր, որոնք պետք է զգուշորեն հեռացնել։

Միսն այնքան էլ յուղոտ չէ, սակայն հաճելի է։ Խորհուրդ է տրվում տապակել և խաշել։