ԽԱՂԱԴԱՐԱՆ տնային։ Երեխաների և մեծահասակների ընդհանուր ջանքերով կարելի է ստեղծել տնային խաղադարան՝ կազմված բազմազան հետաքրքրաշարժ խաղերից և հանելուկախաղերից;

Խորանարդիկներ բոլորի համար: Այս հանելուկախաղի համար անհրաժեշտ է պատրաստել փայտե 27 խորանարդիկ և դրանք սոսնձել նկ. 1-ում ցույց տրված ձևով։ 7 տարրից բաղկացած հավաքածուն յուրատեսակ «կոնստրուկտոր» է, որի միջոցով կարելի է հավաքել նկարում պատկերված բազմաթիվ ծավալային ֆիգուրներ։

Շախմատային խորանարդ։ Խաղի համար հարկավոր է ամուր թղթից պատրաստած և երկու գույնով ներկած նիստերով 8 խորանարդիկ (ցույց է տրված նկարում)։ Խնդիրն է հավաքել 2x2x2 խորանարդ, ընդ որում նրա բոլոր նիստերին գույները պետք է հերթագայեն շախմատաձև (նկ. 2)։

Որպեսզի գույները չկրկնվեն։ Այս հանելուկախաղի համար հարկավոր է պատրաստել 4 քառագույն խորանարդիկ (նկ. 3)։ Առաջարկվում է այս խորանարդիկներից հավաքել այնպիսի ֆիգուր, որի յուրաքանչյուր կողամասում ներկայացված լինեն բոլոր չորս գույները։

Կոնստրուկտոր լուցկու տուփերից։ Լուցկու տուփերը նույնպես կարելի է օգտագործել հետաքրքիր և օգտակար խաղեր ու հանելուկախաղեր ստեղծելու համար։ Լուցկու տափերով, օրինակ, կարելի է կազմել կառուցողական խաղերի տարրերի հավաքածուներ։ Եթե դրանք միացվեն, ապա ստացված տարրերից կարելի է հավաքել բազմազան կառուցվածքներ. տուն, կամար, աշտարակ, կամուրջ ևն։ Մեկ լրակազմի համար հարկավոր է 38 տուփ (ցանկության դեպքում տարրերի քանակը կարելի է ավելացնել)։ Տուփերի ներքին մասերն անշարժ պահելու համար հարկավոր է դրանք հանել, սոսնձապատել և նորից տեղը դնել։

Խաղի համար անհրաժեշտ է տուփերն իրար սոսնձել 2, 3, 4 և 5-ական նկ. 4-ում ցույց տրված ձևով։ Պատրաստի տարրերը կարելի է այնուհետև ներկել։

Դիպուկ նշանառություն։ Այս խաղը հեշտությամբ կարելի է պատրաստել լուցկու տափերից։ 5 տուփ հարկավոր է իրար սոսնձել նկ. 5-ում ցույց տրված ձևով, ընդ որում յուրաքանչյուր տուփի հատակին գտնվում են միավորներ ցույց տվող թվանշանները։ 6-րդ տուփից կարելի է պատրաստել նետիչ։ Դրա համար տուփի հատակին փակցվում է ստվարաթղթի մի շերտ («լեզվակ»), իսկ դրան սոսնձվում է սովորական մատիտի (կամ այլ ձողիկի) փոքրիկ կտոր (50 մմ երկարությամբ)։

Խաղում են սեղանի վրա, հերթով։ Մեջը կոճակ դրված նետիչը տեղադրվում է թիրախից որոշ հեռավորությամբ։ Խնդիրն է կոճակը գցել տուփերից մեկի մեջ։ Հաղթում է նա, ով շատ միավոր է հավաքում։

Գունավոր քառակուսիներ։ Այս խաղի համար հարկավոր է ստվարաթղթից կամ նրբատախտակից պատրաստել 5x5 սմ չափսի 10 քառակուսի և ներկել չորս տարբեր գույներով (ինչպես ցույց է տրված նկ. 6-ում)։ Խաղացողների խնդիրն է այդ քառակուսիներով դասավորել նկարում պատկերված ֆիգուրները այնպես, որ հպվող քառակուսիների կողմերը միագույն լինեն։

Մետաղալարային հանելուկախաղերի համար անհրաժեշտ է 1,5-2 մմ հաստության մետաղալար։ Նկ. 7-ում բերված են երկու հանելուկախաղերի գծագրերը։ Խաղացողների խնդիրն է տարրերի մի մասը հանել-անջատել մյուսից՝ չբացելով և չխախտելով պատրաստված ֆիգուրները։

Մաքոքը պարույրից հանելու համար հարկավոր է այն մոտեցնել օղակին, և, շրջելով վերջինս, միաժամանակ նրա միջով անցկացնել նաև պարույրը, այնուհետև մաքոքը հանել օղակի միջից և ազատել պարույրը նկ. 7,ա ցույց տրված ձևով։

Հաջորդ հանելուկախաղում (նկ. 7,բ) հարկավոր է ֆիգուրը հասցնել մինչև ծալքը, վրան դնել աղեղնակները, և օղակը ազատորեն դուրս կգա ֆիգուրից ու աղեղնակներից։

Այս հանելուկախաղերում հարկավոր է սովորել նաև առանձին մասեր իրենց տեղը վերադարձնելը՝ ամբողջ գործողությունը կատարելով հակառակ կարգով։

Քուղային հանելուկախաղեր: Նկարների վրա ցույց են տրված չափազանց ուշագրավ և միաժամանակ պարզ երկու քուղային հանելուկախաղերի կառուցվածքը։ Նկարները հարկավոր է մեծացնել և փոխադրել նրբատախտակի վրա, այնուհետև բոլոր մասերը կտրել նրբասղոցով ու ներկել։ Առաջին հանելուկախաղում (նկ. 8,ա) պահանջվում է հանել խարիսխը։ Դրա համար հարկավոր է ձգել հանգույցը և այն անցկացնել նախ օղակի ստորին մասի անցքով, այնուհետև քուղի վրայով ձախակողմյան անցքով, ապա հանգույցի ներքևից անցկացնել օղակը և հանգույցը հետ քաշել։ Նույն գործողությունը հարկավոր է կատարել օղակի աջակողմյան անցքով։ Ընդ որում հանգույցը չպետք է ոլորվի-պտտվի։

Երկրորդ հանելուկախաղում (նկ. 8,բ) հարկավոր է հրթիռն անջատել լուսնից։ Դրա համար անհրաժեշտ է հանգույցն անցկացնել լուսնի վերևի անցքի միջով, ապա հանգույցի միջով անցկացնել կոճակը և այն հետ քաշել, այնուհետև հանգույցը անցկացնել ներքևի անցքով և կատարել նույնը։

Միևնույն տարրերից։ Ստվարաթղթից կամ նրբատախտակից հարկավոր է կտրել 5 եռանկյուն և դրանցով կառուցել 3 տարբեր ֆիգուրներ. վեցանկյուն, քառակուսի և շեղանկյուն (նկ. 9)։

Ծալովի ֆիգուրներ։ Խաղի համար հարկավոր է նրբատախտակից սղոցված կամ հաստ ստվարաթղթից կտրած և 9 մասի բաժանած ձվածիր (նկ. 10)։ Այդ մասերից հարկավոր է հավաքել նկարում բերված և այլ պատկերներ։

Շախմատի տախտակ։ Նրբատախտակի կամ հաստ ստվարաթղթի վրա հարկավոր է գծել շախմատի տախտակ և այն կտրատել 6 մասի, նկ. 11-ում ցույց տրված ձևով։ Խաղացողի խնդիրն է այդ մասերից հավաքել շախմատի տախտակ։ Որքան մասերն ավելի շատ են, խնդիրն այնքան դժվար է։

Ծալովի օղակ։ Ուղղանկյուն նրբատախտակից հարկավոր է կտրել օղակ, սղոցել այն 10 մասի, ինչպես ցույց է տրված նկ. 12-ում։ Այդ մասերից նորից օղակ հավաքելը հեշտ չէ։ Հաղթում է նա, ով ավելի արագ է հավաքում օղակը։

Կտրտված տառեր։ Ստվարաթղթե կամ նրբատախտակե տառերը հարկավոր է որոշակի ձևերով կտրատել ու մասերից հավաքել նշված տառը։ Ավելի դժվար է առանձին մասերից հավաքել ամբողջ բառը։ Այդ դեպքում յուրաքանչյուր տառը պետք է ունենա իր գույնը, որպեսզի իմացվի, թե որ մասերը որ տառի համար պետք է օգտագործել (նկ. 13)։

Աշտարակ: Խաղի համար անհրաժեշտ է ոչ մեծ ուղղանկյուն տախտակի կտոր, որի վրա ուղղաձիգ ամրացված լինեն 3 կլոր ձողափայտիկներ։ Դրանցից մեկի վրա հագցվում է 8 օղակից բաղկացած աշտարակ, ամենամեծ օղակը ներքևում է, յուրաքանչյուր հաջորդը. նախորդից փոքր։ Օղակները կարելի է սղոցել նրբատախտակից կամ կտրել հաստ ստվարաթղթից (նկ. 14)։ Կարելի է օգտագործել նաև մանկական բուրգը։

Խաղացողի խնդիրն է վերադասավորել օղակները մեկից մյուս ձողափայտիկի վրա՝ օգտվելով երրորդից։ Վերադասավորել կարելի է միայն մեկական օղակ տեղափոխելով, չի կարելի մեծ օղակը դնել փոքրի վրա։

Խորամանկ տեղափոխումներ: Նրբատախտակից կտրած և շրջանակված ուղղանկյան վրա հարկավոր է դասավորել 10 թանթ և համարակալել նկ. 15-ում ցույց տրված ձևով։ Խնդիրն է հաջորդական տեղափոխմամբ 1 համարանիշով թանթը հասցնել վերին շարքի ձախ անկյուն՝ որտեղ դրված են 6 և 7 համարանիշերով թանթերը։ Տեղափոխումը կարելի է կատարել միայն ազատ տեղերով՝ դուրս չգալով ուղղանկյան շրջանակի սահմաններից և թանթերը իրար վրա չդնելով։

Պտտան։ Նրբատախտակից կամ ստվարաթղթից կտրել 4 վեցանիստ՝ վրան տառեր. դրանցից յուրաքանչյուրը կենտրոնում ծակել և անցքն ագուցել սրածայր լուցկու հատիկ (նկ. 16)։ Որպեսզի վեցանիստը չսահի ցած, հարկավոր է լուցկու վրա փաթաթել թել կամ բարակ թուղթ։ Խաղում են չորսով։ Խաղավարը հայտարարում է թեման (գրող, բանաստեղծ, երգահան ևն), և խաղի յուրաքանչյուր մասնակից հերթով պտտեցնում է իր հոլը։ Խաղացողները հետևում են, թե որ տառի վրա կթեքվի այն, և աշխատում են հնարավորին չափ արագ գտնել համապատասխան տառով բառ։ Առաջին ճիշտ պատասխանողն ստանում է մեկ միավոր։ Եթե ոչ մեկին չի հաջողվում գտնել անհրաժեշտ բառ, պտտանը նորից է գործի դրվում։ Թեմաների կրկնական հայտարարման դեպքում մինչ այդ օգտագործած բառերի կրկնում թույլ չի տրվում։ Հաղթում է առավել թվով միավորներ հավաքողը։

Ամենակարճ եղանակով։ Քառակուսի վահանակը հարկավոր է բաժանել 36 վանդակի (6x6) երկուսը ստվերագծված կամ այլ գույնով ներկված։ Յուրաքանչյուր վանդակի կենտրոնում մեխ է խփվում, որոնցից մեկին (վերին շարքի ձախից) քուղ է կապվում։ Խաղացողների խնդիրն է անցնել վահանիկի բոլոր վանդակներով (բացառությամբ այլ գույնով ներկվածների)։ Երկու անգամ նույն վանդակը «մտնել» չի կարելի։ Ողջ ուղին նշվում է քուղով՝ այն մեկ մեխից մյուսը տանելով։

Խնդիրն ունի մի քանի լուծում, դրանցից երկուսը տես նկ. 17-ում։