ՏՏՀ/Ծաղկազարդ
ԾԱՂԿԱԶԱՐԴԸ, Ծառզարդար, Զըռըզարդար, Ծառկոտրունք, Մեծ պասի 6-րդ կամ Զատիկին նախորդող կիրակի օրն է։ Քրիստոնյա այլ ժողովուրդների նման հայերը նույնպես այդ օրը նոր բողբոջած ուռենու ճյուղերով զարդարում են եկեղեցիները և իրենց բնակարանները։ Դրանում նրանք տեսնում են մեծ կենսական ուժ և կյանքի շարունակություն։ Այդ բողբոջները օգտագործում են բազմաթիվ ձևերով։ Այսպես, գիշերը եկեղեցում օրհնված ուռենու ճյուղերը, որոնք «օժտված» էին առատացնող զորությամբ և չարխափան էին, տուն էին տանում, գցում բոլոր մթերքների կարասները, ամբարը, դրանցով թեթևակի խփում անասուններին, միմյանց, հատկապես հիվանդներին, իսկ փոթորկի ժամանակ, խաչաձև դնում էին կրակին վստահ, որ փոթորիկը կավարտվի անմիջապես։
Այդ օրվա համար տանտիկինները մեծ քանակությամբ աղանձ էին պատրաստում, քանի որ կյանքի անընդհատության խորհրդանիշ աղանձը գարնան ավետաբեր ծառզարդի առաջնային ուտելիքն էր։ Աղանձ ու ձու էին տալիս նաև այդ կիրակի ուռենու ճյուղեր նվիրաբերելու համար տվյալ տուն այցելած երեխաների խմբերին, որոնք շրջում էին զանազան ճռռացող ինքնաշեն խաղալիքներով, կարկաչաներով, աղմուկով բակերը մտնում և երգելով շնորհավորում տոնը.
- Ծառզարդար, ծառին զարդար,
Խունգ առեք, խունգ ծխեցեք,
Սև հավեն հավկիթ գուզեմ,
Կարմիր կովեն եղ գուզեմ,
Վեվ օր տա՝ շեն մնա,
Վեվ օր չտա՝ չոր չորնա։
Մեծ պասի երկար ու ձիգ վեց շաբաթների ընթացքում առաջին անգամ նշանախոսություններ էին լինում ծառզարդարին, իսկ հասարակական ու ընտանեկան խստակենցաղությունը մասնակիորեն իր տեղը զիջում էր կատակային-ուրախ տրամադրությանը։ Այդ օրը եկեղեցում ծիսակատարությունը ուղեկցվում էր եկեղեցում հավաքված մարդկանց կատակներով, երեխաների ինքնաշեն կարկաչաների ճռռոցներով։