ՏՏՀ/Ծավալահնչական ականջակալներ

ԾԱՎԱԼԱՀՆՉԱԿԱՆ ԱԿԱՆՋԱԿԱԼՆԵՐ, կենցաղային ձայնավերարտադրիչ սարքավորանքից՝ էլեկտրոֆոններից, մագնիտոֆոններից, ռադիոընդունիչներից և հեռուստացույցներից ինչպես ծավալահնչական, այնպես էլ մենահունչ երաժշտական ծրագրեր ունկնդրելու անհատական էլեկտրաձայնական սարքեր։ Բաղկացած է երկու լսափողերից (աջ և ձախ), որոնք իրար են միացած թիթեղաժապավենից կամ լարից պատրաստված մեկ կամ երկու զսպանակով. դրանք էլ հենց ապահովում են լսափողերի ամուր հպումը ունկնդրի ականջներին։ Արտաքին հնչյուններից մեկուսացնելու նպատակով լսափողերը տեղավորում են ձայնամեկուսիչ լավ հատկություններ ունեցող նյութից (օրինակ, սպունգային ռետինից) պատրաստված ականջակալներում։

Գործողության սկզբունքով լսափողերը նման են բարձրախոսներին, սակայն քանի որ դրանք ձայնային տատանումներ են առաջացնում ականջախեցու ոչ մեծ օդածավալում, ուստի հնչողության ցանկալի բարձրություն ստանալու համար բավական է 0,001-0,1 Վտ հզորություն (ձայնական համակարգերով այդ նույն բարձրության ձայնի վերարտադրման համար պահանջվում է 100-1000 անգամ ավելի մեծ հզորություն)։ Այդ առանձնահատկությունը թույլ է տալիս ստեղծել վերարտադրվող հաճախությունների 20-ից մինչև 20000 Հց շերտով Ծ. ա., որոնք ունեն նույնպիսի ձայնական բնութագրեր, ինչ բարձրորակ ձայնական համակարգերը։ Բացի այդ, Ծ. ա. ամբողջովին բացառում են շինության ձայնական հատկանիշների ազդեցությունը ունկնդրվող ծրագրի հնչողության որակի վրա, դրանք թույլ են տալիս, չխանգարելով շրջապատի մարդկանց, ցանկացած ծրագիր լսել հարմար ժամին։ Ծ. ա-ի հնչողության բարձր որակի շնորհիվ երկրորդական է դառնում ականջակալներ կրելու անհարմարավետությունը։

Միաժամանակ, ականջակալներով ծավալահնչական երաժշտական ծրագրեր ունկնդրելիս զգալիորեն խախտվում է տարածական ձայնային պատկերը՝ այն տպավորությունն է ստեղծվում, իբր ձայնի աղբյուրը գտնվում է ունկնդրի գլխում։ Դա բացատրվում է նրանով, որ ձայնավերարտադրման սովորական եղանակի դեպքում ձայնը աջ և ձախ բարձրախոսներից հասնում է ականջներին հավասարապես, որի շնորհիվ և ստեղծվում է ծավալահնչական տպավորություն։ Ծ. ա-ի դեպքում ձախ ականջակալի ազդանշաններն ընդունում է միայն ձախ ականջը, իսկ աջ ականջակալինը՝ միայն աջը, ինչը և խախտում է ծավալահնչական տպավորությունը։