ՏՏՀ/Ծնեբեկ
ԾՆԵԲԵԿ, ծնեփակ, շուշանազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս։ Հայրենիքը Հարավային Աֆրիկան է։ Ամենատարածված սենյակային տեսակներից են փետրավոր և Շպրենգերի Շ-ները, որոնք աճում են նաև Հայաստանում։
Փետրավոր Ծ. մշտադալար, ասեղնատերև թփիկ է՝ մանր սպիտակ ծաղիկներով և կարմիր պտուղներով։ Ջերմասեր է, լույսի նկատմամբ պահանջկոտ չէ։ Հողախառնուրդը պատրաստել հետևյալ բաղադրությամբ՝ 1 մաս ճմահող, 1 մաս հումուս, 1 մաս տերևահող և գետի ավազ։ Ձմռանը բույսը պետք է չափավոր ջրել, ամռանը՝ առատ։ Որպեսզի ճյուղերն օդի չորությունից չթափվեն, պետք է ջրցողել։ Ծ. բազմանում է սերմերով և թփերի բաժանումով։ Ցանքը կատարել մարտ-ապրիլին, թեթև տերևային հողի և ավազի խառնուրդում փոքրիկ թաղարներում։ Փետրավոր Ծ-ի կտրած ճյուղերն օգտագործում են ծաղկեփնջերում և ծաղկային ձևավորումներում։
Շպրենգերի Ծ. բազմամյա բույս է՝ կախվող ցողուններով, բաց վարդագույն ծաղիկներով ու կարմիր պտուղներով։ Տերևներն ավելի խոշոր են, կոշտ և փետրաձև։ Այս տեսակը մշակվում է որպես Կանթեղային բույս: