Ծիրանենի (աճեցումը)
Այգեգործական հողամաս

ԾԻՐԱՆԵՆԻ (աճեցումը), ՀՀ-ում մշակվող հիմնական և առաջատար պտղատու ծառատեսակ է։ Այգիները հիմնականում կենտրոնացված են Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում։ Փոքր տարածության այգիներ կան նաև Սյունիքի, Լոռվա, Տավուշի և այլ մարզերում։ ՀՀ–ում մշակվում է 50 սորտ։

Առավել տարածված են Նախիջևանի կարմիր, Երևանի, Սաթենի, Խոսրովենի, Կանաչենի, Դեղնանուշ, Կարմրենի, Օրդուբադի, Համբան, Ղևոնդի սորտերը։ Ծ. լավ է աճում (լուսավոր, լավ օդափոխությամբ) թեթև կավավազային, ավազակավային հողերում։ Ծ. բազմացնում են պատվաստով։ Որպես պատվաստակալ օգտագործվում են սերմնաբույսերը։ Այգիներում միջշարային հեռավորությունը 8 մ է, միջբուսայինը՝ 6։ Հետագայում էտի միջոցով ձևավորում են պսակը (կարճացում, նոսրացում), յուրաքանչյուր 3-4 տարին մեկ պարարտացնում են օրգանական և հանքային պարարտանյութերով, վեգետացիայի ընթացքում ոռոգում են 6-8 անգամ, պայքարում հիվանդությունների և վնասատուների դեմ։ Հայաստանի պայմաններում պտուղները հասունանում են հունիսի 15-ից օգոստոսի 20-ը։ Ծ-ու հայրենիքը Հայաստանն է։

Գառնիի և Շենգավիթի պեղումների ժամանակ հայտնաբերվել են Ծ-ու կորիզներ, որոնք ունեն մոտ 6000 տարվա հնություն։ Մ.թ.ա. IV-II հազարամյակներում ասորեստանցիները, արամեացիները, բաբելոնացիները, Ծ-ուն անվանել են «արմենիակա»։ Հայաստանից Ծ. առաջին անգամ Եվրոպա է տարել հռոմեացի զորավար Լուկուլոսը մ.թ.ա. 68-ին, որն այնտեղ անվանել են «Հայկական խնձոր»։ Տես նաև Այգի։