ԿԱՂԱՄԲ (աճեցումը), ամենատարածվածը սպիտակագլուխ կաղամբն է։ ՀՀ-ում մշակվում են հետևյալ սորտերը. Գյումրու տեղականը ուշահաս է (տարածված է հիմնականում Շիրակի հարթավայրում), Գեչրլուի ուշահասը (տարածված է Արարատյան դաշտում), Համար առաջինը լավագույն վաղահասներից է, Սլավա 1305-ը՝ միջահաս, Բրաունշվեյգյանը՝ միջին ուշահաս (լեռնային շրջաններում մշակվում է որպես ուշահաս), Լիկուրիշկան՝ ուշահաս։

Ջերմոցներում սերմերը ցանում են մարտի կեսին, սածիլում դաշտում (50x50 սմ սնման մակերեսով) ապրիլի վերջին, մայիսի սկզբին։ Սածիլը պետք է տնկել խոր, սակայն հողով չծածկել գագաթնային բողբոջը՝ «սրտիկը»։ 10-12 սմ խորության փոսիկի մեջ լցնում են 300 գ բուսահող, մեկական թեյի գդալ ամոնիումի սուլֆատ և կալիումի քլորիդ, 2 գդալ սուպերֆոսֆատ և լավ խառնում հողի հետ։ Տնկելուց առաջ փոսիկները լցնում են մոտ 1 լ ջուր, եթե հողը թթու է, ջրին ավելացնում են հանգած կիր (1 դույլ ջրին՝ 200 գ)։ Սածիլումից 2-4 օր հետո ստուգում են կպչողականությունը, չկպած սածիլների տեղը լրացնում և կատարում են առաջին վեգետացիոն ջրումը։ Հետագայում դաշտը չպետք է ջրել, որպեսզի բույսերը խորացնեն արմատները և տերևներն ստանան մուգ կանաչ գույն։ Այդ ընթացքում հողը պետք է փխրեցնել։ Առաջին ջրումից 10-15 օր հետո կատարում են երկրորդը և 2-3 օր անց՝ առաջին բուկլիցը։ Հետագայում դաշտը պետք է ջրել ըստ պահանջի, հաճախակի փխրեցնել և սնուցել 2-3 անգամ օրգանական և հանքային պարարտանյութերով։

Վաղահաս և միջահաս Կ-ի բերքը հավաքում են ըստ կաղամբագլխի հասունացման ժամկետի, ուշահասը՝ ցրտահարություններից առաջ։

Ծաղկակաղամբը համով և սննդարարությամբ բանջարների մեջ գրավում է առաջին տեղերից մեկը։ Վաղահասության և սածիլման եղանակի շնորհիվ կարելի է ստանալ ծաղկակաղամբի 2-3 բերք։ Ծաղկակաղամբը նպատակահարմար է ցանել երկու ժամկետում՝ մարտի 10-15-ը և հունիսի 1-5–ը, բաց դաշտում սածիլել համապատասխանաբար ապրիլի 25-ից մայիսի 5-ը և հուլիսի 1-10-ը։ Սածիլը պետք է տնկել 50-60 սմ միջշարային և 35-50 սմ միջբուսային հեռավորությամբ։ Հողի նախապատրաստումը, տնկումը և խնամքը նույնն է, ինչ գլուխ կաղամբինը։ Ծաղկակաղամբի դաշտը կարելի է խտացնել ամսաբողկով, հազարով կամ սամիթով (2-3 գիծ շարքերի միջև)։ Գլխիկների երևալուց սկսած սնուցում են հանքային պարարտայնութերով (10 լ ջրին 20 գ միզանյութ, 20 գ կալիումի քլորիդ և 50 գ սուպերֆոսֆատ), յուրաքանչյուր բույսին 1 լ լուծույթ։ Սնուցումը կրկնում են մեկ շաբաթ հետո։ Որպեսզի ծաղկակաղամբի գլուխները լինեն սպիտակ, դրանք ծածկում են (ամենահեշտը՝ իր տերևները ճկելով)։ Գլուխները պետք է հավաքել ժամանակին՝ չթողնել մգանալու։ Եթե ծաղկակաղամբը մինչև աշուն գլուխներ չի առաջացրել, աճեցումը շարունակում են ջերմոցներում կամ նկուղներում։ Դրա համար հանած բույսերը դնում են ակոսների մեջ և թեթևակի ջրում։ Գլուխների աճի արագությունը և որակը կախված են ջերմոցի օդի ջերմաստիճանից (լավագույնը՝ 1-4 °C)։ 50-60 օր պահելուց հետո կաղամբի գլուխները մեծանում են 2-3 անգամ։

Կարմրագլուխ և սավոյան կաղամբի ցանքը, բաց դաշտ տեղափոխելը, սննդարար մակերեսը և խնամքը նույնն են, ինչ սպիտակագլուխ կաղամբինը։

Բրյուսելյան կաղամբն ունի հիանալի համ և դիետիկ է։ Սննդի մեջ օգտագործվում են մանր ամուր գլխիկները, որոնք առաջանում են ցողունի վրա տերևանութներում։ Բրյուսելյան կաղամբը գերադասելի է աճեցնել քիչ ազոտ պարունակող հողերում։ Ազոտով հարուստ հողերում գլխիկները վատ են զարգանում և փափկում են։ Գլխիկների առաջացման պահին օգտակար է 1-2 անգամ սնուցել սուպերֆոսֆատով և կալիումի քլորիդով (10 լ ջրին՝ յուրաքանչյուրից 30 գ), բույսին՝ 1 լ լուծույթ։

Կոլռաբի. սննդի մեջ օգտագործվում է դրա սերտաճած ցողունապտուղը։ Համեղ է և հյութալի, քանի դեռ չի գերաճել։ Սածիլով աճեցնելիս ստանում են տարին 2 բերք։ Կոլռաբին կարելի է աճեցնել ուշահաս կաղամբի դաշտը խտացնելով (20 սմ միջշարային, 10 սմ միջբուսային հեռավորությամբ)։ Սածիլը տնկում են 8 գծանի ժապավեններով՝ 40 սմ միջժապավենային, 20 սմ միջգծային և 10 սմ միջշարային հեռավորությամբ։