ԿԱՐՄՐԱԽԱՅՏ, սաղմոնների ընտանիքի փոքր ձուկ։ Տարածված է Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի, Փոքր Ասիայի, Տիգրիս և Եփրատ գետերի ակունքներում, Կովկասի գետերում ևն։ Հայաստանում տարածված է համարյա բոլոր լեռնային վճիտ, սառը գետակներում։ Մաշկը շագանակագույն է՝ սև, կարմիր և դեղնավուն պտերով։ Զանգվածը 200–500 գ է։ Միսը պինդ է և շատ համեղ։

Կ. տապակած. ընտրել հավասար մեծության ձկներ, մաքրել, փորոտիքը հանել, լվանալ, աղ ցանել, թավալել ալյուրի մեջ և երկու կողմից յուղով տապակել մինչև ոսկեգույն կեղևի առաջանալը։

Ձուկը դնել սկուտեղի մեջ, զարդարել մաղադանոսով և կտրտած կիտրոնով։

500 գ ձկանը՝ 3 ճաշի գդալ հալած յուղ, 2 թեյի գդալ ալյուր, աղը, պղպեղը, մաղադանոսը, կիտրոնը՝ ըստ ճաշակի։

Կ. խաշած. մաքրած և փորոտիքը հանած ձուկը լվանալ, աղ ցանել, դնել կաթսայի մեջ, ավելացնել մի քիչ ջուր, կափարիչով ծածկել, դնել մարմանդ կրակին և 15-18 րոպե շոգեխաշել։ Այնուհետև վերցնել կրակից, զգուշությամբ ձուկը փոխադրել սկուտեղի մեջ և զարդարել մաղադանոսով։ Առանձին մատուցել քացախ։

500 գ ձկանը՝ 1/2 բաժակ ջուր, աղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի։