ՏՏՀ/Կարմրուկ
ԿԱՐՄՐՈՒԿ, սուր վարակիչ հիվանդություն. հարուցիչները վիրուսներն են։ Հիվանդանում են հիմնականում 1-7 տարեկան երեխաները, իսկ մինչև 3 ամսականնները, որպես կանոն, չեն հիվանդանում։ Հիվանդությունից հետո մշակվում է ցմահ վարակամերժություն (իմունիտետ)։ Վարակվում են օդակաթիլային ճանապարհով։ Գաղտնի շըրջանը 9-11 օր է, երբեմն ձգձգվում է մինչև 17, իսկ գամմա-գլոբուլին ստացածների մոտ մինչև 21 օր։ Հիվանդը վարակիչ է գաղտնի շրջանի վերջին օրից (ցանավորման պահից սկսած) մինչև հիվանդության 5-րդ օրը ներառյալ (բարդությունների դեպքում՝ մինչև 11-րդ օրը)։
Հիվանդությունն սկսվում է կատառային երևույթներով, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, նկատվում է հարբուխ, չոր հազ, ձայնը խռպոտում է, զարգանում է աչքի շաղկապենաբորթ, արցունքահոսություն, լուսավախություն։ Կի կատառային շրջանը հիշեցնում է սուր շնչառական հիվանդություն, ուստի ծնողները պիտի իմանան, որ Կ-ի ամենավաղ և առանձնահատուկ ախտանշանը բերանի լորձաթաղանթի վրա (այտերի շրջանում) մանր, սպիտակ բծերի առկայությունն է։ Ցանն ի հայտ է գալիս հիվանդության 4-րդ օրը, սկզբում ճակատին և ականջների հետևում, այնուհետև ամբողջ դեմքին, հաջորդ օրը մարմնի, երրորդ օրը՝ վերջույթների վրա։ Ցանավորման առաջին երկու օրերին հիվանդի վիճակը կարող է ծանր լինել (բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, դեմքը ուռչում է)։ 4-5 օր անց ցանը գունատվում է, մարմնի ջերմաստիճանն իջնում։ Կ-ից հետո կարող են առաջանալ լուրջ բարդություններ (առավել հաճախ թոքաբորբ), այլ հիվանդությունների հանդեպ օրգանիզմի դիմադրողականության իջեցում։
Կ-ով հիվանդին անհրաժեշտ է մեկուսացնել (հաճախ տնային պայմաններում), պահպանել անկողնային ռեժիմ։ Մահճակալը հարկավոր է այնպես դնել, որ լույսը չընկնի հիվանդի դեմքին։ Սենյակը մթնեցնելու հարկ չկա, բավական է երեխային դեպի լույսի աղբյուրը պառկեցնել մեջքով։ Անհրաժեշտ է հաճախակի օդափոխել սենյակը (երեխային լավ փաթաթելուց հետո), այն կանոնավոր կերպով մաքրել խոնավ շորով, շոգ եղանակին լուսամուտը բաց թողնել։ Եթե երեխայի շրթունքները չորանում են, հարկավոր է քսել բորավազելին, առավոտյան աչքերը լվանալ բորաթթվի 2 %-անոց լուծույթով։ Շատ կարևոր է մաշկի (հիգիենային լոգանքներ, լվացումներ, շփումներ) և բերանի լորձաթաղանթի (յուրաքանչյուր ուտելուց հետո բերանի ողողումներ) խնամքը։ Կրծքի երեխաներին հարկավոր է տալ մայրական կաթ և ավելացնել թթու կաթնախառնուրդներ (մածուն, ացիդոֆիլին), ավելի մեծերին՝ կիսահեղուկ սնունդ, առատ հեղուկներ, ինչպես նաև A, C և B խմբի վիտամիններ։
Չպատվաստված (Կ-ով չհիվանդացած) հիվանդների հետ շփված երեխաներին չի թույլատրվում հաճախել մանկական հիմնարկություն և դպրոցի 1-2-րդ դասարաններ՝ 17 օր, իսկ գամմա-գլոբալին ներարկվածներին՝ 21 օր։ Կ-ով չհիվանդացած և չպատվաստված երեխաներին շտապ պատվաստում են կատարում, իսկ վակցինայի նկատմամբ հակացուցումների առկայության դեպքում ներարկում են գամմա-գլոբուլին։ Տես նաև Մանկական վարակիչ հիվանդություններ, Կանխարգելիչ պատվաստումներ, Հակավիրուսային պատրաստուկներ։