Կեցվածք
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 290
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԿԵՑՎԱԾՔ, ձևավորվում է վաղ մանկական տարիքից աճի, զարգացման և դաստիարակման ընթացքում։ Ճիշտ Կ-ի դեպքում մարմինն առանց լարվածության պահպանում է ուղիղ դիրքը՝ ուսերը փոքր-ինչ հետ տարած, փորը ներս քաշած։ Այսպիսի Կ-ով մարդկանց քայլվածքը թեթև է, շարժումներն՝ անկաշկանդ, բոլոր ներքին օրգանները գտնվում են ճիշտ դիրքում։ Սխալ Կ. ոչ միայն տգեղ է, այլև վատ է ազդում օրգանիզմի կենսագործունեության վրա, բացասաբար է անդրադառնում սրտի, թոքերի, լյարդի, ստամոքսի և աղիքների աշխատանքի վրա։ Կ. կախված է մարմնի բոլոր մկանների հավասարաչափ զարգացումից։ Ողնաշարը պահող, ինչպես նաև փորի մկանների անհավասարաչափ կամ թույլ զարգացումը բերում է Կ-ի տարբեր խախտումների (կուզ, թուլացած Կ. ևն), երբեմն նույնիսկ ողնաշարի կորացման։ Կուզի դեպքում ողնաշարի կրծքային մասը հավասարաչափ կորացած է դեպի հետ (կոր մեջք), գլուխը հակված է առաջ, կրծքավանդակը տափակած է, ուսերն առաջ են ընկած, փորը դուրս է ցցված։ Թուլացած Կ-ին բնորոշ է տափակ կրծքավանդակը, դուրս ցցված թիակները, ծնկամասում ծալված ոտքերը, առաջ եկած ուսերը, կախ ընկած գլուխը։ Երեխայի ճիշտ Կ-ի ձևավորման մասին պետք է հոգալ դեռևս վաղ մանկական տարիքից։ Կրծքի երեխային չի կարելի կիպ բարուրել, քանի որ դա սահմանափակում է շարժումները և խանգարում բնականոն զարգացմանը։ Չի թույլատրվում նաև երեխային ժամանակից շուտ նստեցնելը։ Երեխային միշտ նույն ձեռքով գրկելը կամ նույն ձեռքից բռնած քայլելը բերում է թե՛ երեխայի, թե՛ մոր Կ-ի խախտմանը, ողնաշարի ծռմանը։ Տարբեր հիվանդությունները (ռախիտ, վարակիչ հիվանդություններ, ճարպակալում ևն), տափակաթաթությունը, սխալ ռեժիմը, ոչ լիարժեք սնունդը և այլ գործոններ կարող են հանգեցնել երեխայի Կ-ի խախտմանը։

Ավելի հեշտ է կանխել սխալ Կ-ի առաջացամը, քան այն ուղղել։ Ճիշտ Կ-ի ձևավորման համար կարևոր նշանակություն ունեն ռացիոնալ սնունդը, մաքուր օդը, մերսումը, մարմնամարզությունը, մարմնի կոփումը և կահույքի ճիշտ ընտրությունը։ Երեխային պետք է սովորեցնել հետևել իր Կ-ին։ Երեխան պետք է քնի մեջքի վրա պառկած՝ հարթ և ձիգ ներքնակի վրա։ Չի կարելի քնել միշտ նույն կողքի վրա կամ կուչ եկած։

Կ-ի խախտման և ողնաշարի ծռման հիմնական պատճառը մարմնի սխալ դիրքն է, կուզիկանալու, ուսերը և կոնքը ծռելու, սեղանի մոտ կամ դպրոցական նստարանին սխալ նստելու սովորությունը։ Անհրաժեշտ է մշակել ճիշտ քայլելու, նստելու և կանգնելու (գլուխը փոքր-ինչ հետ գցած, ուսերը հետ տարած, մեջքն ուղիղ) սովորություն։ Վատ տեսողության պատճառով երեխաները հաճախ կորացնում են մեջքը, ուստի պետք է պարբերաբար ստուգել տեսողությունը։ Կ-ի խախտմանը նպաստում է նաև վատ լուսավորվածությունը։

Երեխայի բնականոն ֆիզիկական զարգացմանը նպաստում են զբոսանքները, տարբեր շարժուն խաղերը, մարմնամարզությունը, չմուշկներով և դահուկներով սահելը (տես Մարզանք)։ Լողը առավել հավասարաչափ է զարգացնում մկանները և կրծքավանդակը։ Լավ Կ. ձևավորելու համար մեծ նշանակություն ունեն հատուկ մարմնամարզական վարժությունները (օրինակ, գլխին որևէ առարկա դրած հավասարակշռություն պահելը)։ Շարժուն խաղերի և մարմնամարզության համար նախատեսված հագուստը պետք է լինի ազատ և չկաշկանդի շարժումները։

Օրվա ռեժիմում մտավոր աշխատանքին պիտի հաջորդեն խաղը կամ ֆիզիկական վարժությունները։

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել դպրոցականների Կ-ին։ Նրանք օրվա մեծ մասն անցկացնում են դպրոցական նստարանին նստած կամ սեղանի շուրջը։ Որպեսզի երեխան ճիշտ և հարմար նստի սեղանի մոտ, աթոռի եզրը 2-4 սմ-ով պիտի մտնի սեղանի տակ։ Ուսերը պետք է լինեն նույն բարձրության վրա, արմունկները սեղանին (ցանկալի է, որ սեղանը 2-3° թեքություն ունենա)։

Տետրի հեռավորությունը աչքերից պիտի լինի 35-40 սմ։ Ավելի մոտ գտնվելը կարող է կարճատեսության պատճառ դառնալ (տես Տեսողություն):

Երեխայի ոտքերը պիտի հենվեն հատակին կամ (եթե ոտքերը չեն հասնում հատակին) աթոռակին։ Կարդալիս պետք է արմունկներով հենվել սեղանին, իսկ ծնոտը հենել ափերին։ Դպրոցական կահույքը պիտի համապատասխանի երեխայի հասակին։ Ցանկացած ծանրություն պիտի հավասարապես բաշխվի 2 ձեռքին։ Դպրոցական պայուսակն անհրաժեշտ է ձեռքից ձեռք փոխադրել։ Ցանկալի է, որ երեխաները մինչև 7-րդ դասարան կռնապայուսակ կրեն։