ԿԱՐՈՒՁԵՎ, հագուստի ձևն ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ այն պետք է լինի հարմար, համապատասխանի տարիքին, մարմնի կառուցվածքին և միևնույն ժամանակ լինի նորաձև։

Ընտրած գործվածքը նախապես շոգեմշակում են՝ կանխելու համար հագուստի հետագա ձևափոխությունը (տես Շոգեմշակում գործվածքի): Որոշ գործվածքներ (կրեպ, թավիշ, վելվետ) կարիք չկա շոգեմշակելու։

Տան պայմաններում Կ-ի համար անհրաժեշտ է ունենալ չափաժապավեն, թուղթ, մատիտ, քանոն, անկյունաքանոն, կորաքանոն, մկրատ, քորոցներ, գործվածքի գույնին համապատասխան և գունավոր (թերակարելու համար) թելեր, ձեռքի չոր օճառի բարակ կտոր, կավիճ, մատնոց, տարբեր համարի ասեղներ, 30-40 սմ լայնության և 80-100 սմ երկարության ստվարաթղթի կտոր։ Ձևվածքի ուրվագծերը թղթի (կարելի է օգտագործել լրագիր, մոմլաթ) վրա գծում են գունավոր մատիտներով՝ քանոն, անկյունաքանոն և կորաքանոն օգտագործելով։ Գործվածքի վրա ուրվագծերն անում են օճառով։ Գործվածքը ձևելու համար անհրաժեշտ է սովորական, հաստ գործվածքների համար՝ հատուկ մկրատ, արդուկելու համար՝ թևքեր արդուկելու հարմարանքով հատուկ տախտակ։

Նորաձևության որոշ հանդեսներում զետեղում են ձևվածքներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պայմանական նշանը՝ գծանախշը (ընդհատ գիծ, կետագիծ ևն)։ Այդ ձևվածքները թղթի վրա են փոխանցում հատուկ կտրիչով. ձևվածքը փռում են մեծ թղթի վրա և կտրում պայմանական գծերով (փոխանցում են նաև բարակ թափանցիկ թղթի վրա)։ Տվյալ մոդելի նկարի հետ տրվող փոքր գծագրերով կարելի է ստուգել ձևվածքի մասերի թիվը։ Ավելի ճշգրիտ ձևվածք ստանալու համար անհրաժեշտ է չափսեր վերցնել։

Չափսերը վերցնում են չափաժապավենով՝ առանց ժապավենը ձգելու կամ թուլացնելու։ Նախապես անհրաժեշտ է ճշտել գոտկատեղը՝ իրանի նեղ մասին քուղ կամ գոտի կապելով։ Չափսերը գրի են առնում, իսկ գծագիրը կառուցելիս դրանք կիսում են։

Վզի շրջագիծ (Վշ)։ Չափսը վերցնում են պարանոցի շուրջը՝ մինչև վզի առջևի փոսիկը, ժապավենը փոքր-ինչ թուլացրած (նկ. 1)։

Կրծքի շրջագիծ (Կրշ)։ Չափսը վերցնում են կրծքի ամենաբարձր մասում՝ ժապավենն անցկացնելով անթատակերով (նկ. 1)։

Գոտկատեղի շրջագիծ (Գշ)։ Չափսը վերցնում են իրանի նեղ մասում (նկ. 1)։

Կոնքի շրջագիծ (Կշ)։ Չափսը վերցնում են կոնքի ամենալայն մասում՝ ժապավենը փոքր-ինչ բարձրացնելով դեպի պորտը (նկ. 1)։

Կոնքի շրջագիծը տաբատի համար (Կշտ)։ Չափսը վերցնում են նստատեղի տակով՝ ազդրի վերևի մասում (նկ. 1)։

Ուսի շրջագիծ (Ուշ)։ Չափսը վերցնում են թևի շրջագծով՝ անթատակի մասում (նկ. 2)։

Դաստակի շրջագիծ (Դշ)։ Չափսը վերցնում են դաստակի հիմքի մասում (նկ. 2)։

Ուսի լայնք (Ուլ)։ Չափսը վերցնում են պարանոցի հիմքից՝ ուսագծով (նկ. 2)։

Թևի երկարությունը մինչև արմունկը (Թեա)։ Չափսը վերցնում են ուսագլխից մինչև արմունկը (նկ. 2)։

Թևի երկարությունը մինչև դաստակը (Թեղ)։ Չափսը վերցնում են ուսագլխից մինչև դաստակը՝ թևը ծալած դիրքում (նկ. 2)։

Կրծքի բարձրություն (Կբ)։ Չափսը վերցնում են պարանոցի հիմքից մինչև կրծքի բարձր կետը (նկ. 3)։

Կրծքամասի երկարություն (Կրե)։ Չափսը վերցնում են պարանոցի հիմքից մինչև գոտկատեղը՝ կրծքի բարձր կետով (նկ. 3)։

Թիկունքի երկարություն (Թե)։ Չափսը վերցնում են ողնաշարի գծով՝ պարանոցի ցցուն ողից մինչև գոտկատեղը (նկ. 4)։

Կրծքի լայնք (Կլ)։ Չափսը վերցնում են կրծքի վերևի մասում՝ անութների առջևի անկյունների միջև (նկ. 5)։

Թիկունքի լայնք (Թլ)։ Չափսը վերցնում են թիակների մասում՝ անութների հետևի անկյունների միջև (նկ. 6)։

Երկարությունը գոտկատեղից (Եգ)։ Չափսը վերցնում են գոտկատեղից մինչև պահանջվող կետը՝ ազդրի լայն մասով (նկ. 7)։

Կոնքի երկարություն (Կե)։ Չափսը վերցնում են գոտկատեղից մինչև նստատեղը՝ նստած դիրքում (նկ. 8)։

Գծագրերում հաշվի չեն առնված կարաբաժինները և ծալաբաժինները։ Բոլոր չափսերը տրված են սանտիմետրերով։ Թիկնամասի, առաջամասի, օձիքի և այլ մասերի գծագրերի կառուցումն սկսում են ուղիղ անկյունից, իսկ թևքերինն ու տաբատինը՝ 2 փոխուղղահայաց գծերից։

Ձևվածքները նախատեսված են մարմնի կանոնավոր կազմվածքի համար, հետևաբար, բոլոր մոդելներն անհրաժեշտ է չափափորձել։ Մոդելներում չափսերը տրված են ըստ նոր նշանակումների։ Կանանց հագուստի մոդելներում առաջին թիվը (օրինակ, 158) հասակն է, երկրորդը (96)՝ կրծքի շրջագիծը, երրորդը (104)՝ կոնքի շրջագիծը։ Տղամարդկանց հագուստի մոդելներում առաջին թիվը (170) հասակն է, երկրորդը (100)՝ կրծքի շրջագիծը, երրորդը (82)՝ գոտկատեղի շրջագիծը, չորրորդը (41)՝ վզի շրջագիծը։

Ձևվածքի նախապատրաստում: Հաստ թղթից ըստ գծագրի ձևվածք են պատրաստում՝ նշելով երկայնաթելերի ուղղությունը, սեղմոնները, ծալքերը, ուռուցիկ մասերը, գրպանները ևն։

Եթե ձևվածքն առանց կարաբաժինների է, ապա դրանք պետք է նկատի առնել գործվածքի վրա յուրաքանչյուր դետալը շրջագծելիս։ Ստորև բերվում են կարաբաժինների մոտավոր չափերը, թիկնամասում և առաջամասում, հասակի, պարանոցի, լանջեզրի գծերով՝ 0,7 սմ, թևքատեղի գծով՝ 1,5 սմ, ուսագծերով, կողքի գծերով՝ 2 սմ. թևքի ուսագլխի գծով՝ 1,5 սմ, միացման կարերի գծով՝ 2 սմ, թեզանիքի միացման գծով՝ 0,7 սմ, մանր դետալների (օձիք, թեզանիք, ախլակ, գոտի ևն) եզրագծերով՝ 0,7 սմ։

Կիսաշրջազգեստի կողքի կարերի գծով թողնում են 2 սմ, նեղ և լայն ուղիղ կիսաշրջազգեստները խծպելու համար՝ 4-6 սմ, լայնացողի համար՝ 3 սմ, տաբատի կողքի և ներսի կարերի գծով՝ 2 սմ, քայլքի գծով՝ 2-3 սմ։ Գոտկատեղում կտրված զգեստի վերնամասը և կիսաշրջազգեստը պետք է 3-4 սմ երկար վերցնել։ Այդ կարաբաժիններն անհրաժեշտ են չափափորձման ժամանակ փոփոխություններ անելու համար։ Նույն նպատակով պետք է 1-2 սմ ավելացնել կողքի և ուսի կարաբաժիններին։

Գործվածքը ձևելու համար նախապատրաստելը։ Գործվածքի կտրած եզրն ուղղելու համար լայնակի թելը քաշում են, ապա ուղիղ կտրում։ Բամբակե գործվածքը հակառակ երեսից արդուկում են։ Շեղված գործվածքը կարելի ուղղել։ Նախապես թրջած կտորը փռում են սեղանին այնպես, որ եզրերն ուղիղ անկյան տակ համընկնեն սեղանի եզրերին, ապա ձգում և արդուկում են։

Որպեսզի բրդե գործվածքը հետագայում չտձևանա, այն խոնավ շորով արդուկում են կամ փաթաթում թաց սավանի մեջ և թողնում 24 ժամ։

Ձևվածքի դետալների տեղավորումը գործվածքի վրա։ Շոգեմշակումից հետո բրդե գործվածքը ծալում են երեսի կողմով դեպի ներս` ըստ երկայնակի թելի։ Բամբակե և մետաքսե գործվածքները կարելի է ծալել ըստ լայնակի թելի` եզրաշերտերը համատեղելով։ Ծալած գործվածքի եզրերն ամրացնում են քորոցներով։ Ձևվածքի բոլոր դետալները տեղավորում են կտորի վրա հետևելով, որ ձևվածքի և կտորի երկայնագծհրը համընկնեն։ Դրա համար չափաժապավենով կամ քանոնով չափում են կտորի եզրի և նշված երկայնագծի հեռավորությունը երկու կետում՝ վերևում և ներքևում (նկ. 9)։

Նախշավոր կամ խավոտ գործվածք ձևելիս պետք է ուշադրություն դարձնել զույգ դետալներում խավի ուղղությանը և նախշերի ճիշտ դասավորությանը։ Թավշե, վելվետե կտորները պետք է ձևել խավին հակառակ (պատրաստի վիճակում խավն ուղղված լինի ներքև)։

Դետալների գծանշումը և ձևումը։ Կտորին դրած ձևվածքի դետալները որևէ կերպ սեղմում կամ ամրացնում են, շրջագծում բարակ չոր օճառով կամ սրած կավճով։ Այնուհետև նշում են սեղմոնների, գրպանների, ծալքերի, դարսերի գծերը, դետալները կտորի վրայից վերցնում և կարաբաժին թողնելով ձևում։ Որպեսզի կտորը ձևելու ընթացքում չտեղաշարժվի, զույգ դետալները քորոցներով ամրացնում են։

Գծանշած դետալների գծերը զույգ դետալների վրա կարելի է փոխանցել մի քանի եղանակով, զույգ դետալները դնում են իրար վրա հակառակ երեսով դեպի ներս և գծանշված մասերում ամուր սեղմում։ Այս եղանակը հարմար է բրդե, հարթ ներկված մետաքսե և մուգ գույնի մետաքսե դաջովի գործվածքների նշագծերը փոխանցելու համար։

Ձևած զույգ դետալները դնում են րար վրա և գծանշված մասերում քորոցներ խրում։ Ձևվածքը դնում են չգծված դետալի վրա, որևէ ծանրությամբ սեղմում և ապա գծանշում։

Բոլոր գծերը փոխանցելուց հետո դետալները թերակարում են (առաջամասի և թիկնամասի մեջտեղի գծով, գոտկագծով, թևքատեղի գծով ևն)։ Թերակարը պետք է երևա թե՛ շիտակ, թե՛ հակառակ երեսից։

Շիտակ երեսից դետալները կարիք չկա կավճով գծանշելու, քանի որ կավիճը գործվածքի մակերևույթից վատ է մաքրվում։

Մոդելի դարսերը կարելի է շիտակ երեսից գծանշել բաց գույնի չոր կավճով։

Առաջին չափափորձման համար հագուստի թերակարումն սկսում են խոշոր դետալներից (թիկնամաս, առաջամաս, թևք) դրանք նախապես գիծը գծին քորոցներով ամրացնելով։ Փոթավորված մասերը կարում են ձեռքով կամ մեքենայով՝ մեծացնելով կութի երկարությունը և թուլացնելով վրայի թելը։ Թակալակարում են 2 անգամ գծից վերև և ներքև։ Առաջին չափափորձման համար պետք է թերակարված լինեն թիկնամասը, առաջամասը, թևքը (թեզանիքը թևքին ամրացված), օձիքը կարված լինի վզի բացվածքին։

Առաջին չափափորձում։ Քանի որ բերված ձևվածքները նախատեսված են կանոնավոր կազմվածքի համար, ապա առաջին չափափորձման ժամանակ ճշտում են առաջամասի և թիկնամասի մեջտեղի գծի դիրքը։ Դրա համար մարմնի վրա միջին գծով ամրացնում են առջևի երկու կեսերը, գոտին կապում և ստուգում առաջամասի աջ և ձախ կեսերի, կողքի կարերի, ուսակարերի տեղերը։ Այնուհետև քորոցներով ամրացնում են մանր դետալները։

Կանացի հագուստի հնարավոր թերությունները և դրանց վերացումը։ Կարճ թիկնամաս։ Այս թերությունն առաջանում է կորացած թիկունքի դեպքում. հագուստը քշտվում է, թևքատեղի մասում ծալքեր են առաջանում։ Թերությունը վերացնելու համար քանդում են ուսի և կողքի կարերը, թիկնամասը երկարացնում ուսի կարաբաժնի հաշվին, թևքի փորվածքը բարձրացնում են այնքան, որքան ավելացվել է ուսի կարաբաժնից, իսկ ներքևից կտորը նույնքան կտրում են (նկ. 10)։

Երկար թիկնամաս։ Այս թերությունը վերացնելու համար քանդում են ուսակարը, կտրում վզատակի և ուսի ավելորդ մասը (նկ. 11)։

Առաջամասի խոր սեղմոնի դեպքում սեղմոնի ծայրին կտորը փոթավորվում է։ Թերությունը վերացնելու համար սեղմոնը քանդում են, նեղացնում և կտրում թևքատեղի ավելորդ կտորը։ Եթե սեղմոնի խորությունը բավարար չէ, այն խորացնում են թևքատեղի հաշվին, որին ձևելու ժամանակ ավելացնում են 2-2,5 սմ (նկ. 12)։

Վզատակի հորիզոնական ծալքեր։ Այս թերությունը վերացնելու համար քանդում են օձիքը, ուսակարերը և կտրում ուսի կարաբաժնի ավելցուկը (նկ, 13)։

Մինչև ներքև կոճկվող կամ իրար վրա եկող մասերով զգեստներում կարող են հանդիպել 2 կարգի թերություններ. աջ և ձախ մասերը չափից ավելի հեռացած կամ վրա եկած են։ Առաջին թերության պատճառն այն է, որ աջ և ձախ կեսերն ավելի երկար են, քան թիկնամասը։ Այս թերությունը վերացնելու համար ուսակարերը քանդում են, վզատակի և ուսի կարաբաժնի ավելցուկը կտրում (նկ. 14)։ Եթե առաջամասի կեսերը չափից ավելի են վրա գալիս, ապա բաց են թողնում վզատակի և ուսի կարաբաժինները (նկ. 15)։

Առաջին չափափորձումից առաջ թևքը կարիք չկա ամրացնել, քանի որ թերությունները վերացնելիս այն, միևնույն է, հարկ կլինի քանդել։ Առաջամասը և թիկնամասը շտկելուց հետո քորոցներով ամրացնում են թևքը (այնպես, որ փոթեր չառաջանան)։ Սովորաբար թևքի ուսագլուխը համընկնում է ուսակարի հետ, իսկ թևքի կարը կողքի կարից 1,5 սմ դեպի առաջամաս է գալիս։ Բարձիկները կարում են նախքան թևքը թևքատեղին ամրացնելը։

Տաբատի հնարավոր թերությունները և դրանց վերացումը։ Հորիզոնական ծալքեր կոճկելատեղի մասում։ Այս թերությունը վկայում է տաբատի ոչ բավարար լայնության մասին։ Շտկելու համար հետնամասը լայնացնում են քայլքի գծի հաշվին և վերին մասը ձևում այնպես, որ կողքի գծի թեքությունն ավելանա (նկ. 16, ա)։

Մեջտեղի գծի հորիզոնական ծալքեր։ Այս թերությունը վկայում է հետնամասի սխալ վերին կտրվածքի մասին։ Շտկելու համար վերաձևում են տաբատի վերին մասը՝ մեծացնելով կողքի կարի և քայլքի գծի կորությունը (նկ. 16, բ)։

Քայլքի գծի վերին մասի հորիզոնական ծալքեր։ Այս թերությունը վերացնելու համար բաց են թողնում քայլքի գծի կարաբաժինը և ուղղում կողքի գիծը (նկ. 16, գ)։

Կիսաշրջազգեստի հնարավոր թերություններ:

Չափափորձման ժամանակ պետք է ուշադրություն դարձնել կողքի կարերին, սեղմոնների և ծալքերի ուղղությանը, որից հետո ստուգել գրպանների, կափույրների, ծալքերի կարերի երկարությունը ևն։

Դետալների ճշտումը առաջին չափափորձումից հետո։ Առաջին չափափորձումից հետո թերությունները վերացնում են, ապա նորից չափափորձում և քորոցներով կամ օճառով նշում գրպանների, կափույրների, նախշերի տեղերը, ծալքերի կարերի երկարությունը, որոշում զգեստի երկարությունը և տեղը քորոցներով ամրացնում։ Այնուհետև զգեստը փռում են սեղանին, յուրաքանչյուր դետալի շիտակ երեսից քորոցների տեղերում գտնվող թելով թերակար անում, որը պետք է երևա նաև հակառակերեսին: Քորոցները հանում են, կարերը քանդում, զույգ դետալները երեսի կողմով դնում իրար վրա, քորոցներով ամրացնում և, թերակարերին համապատասխան, ձևաքանոնի միջոցով շտկում բոլոր անճշտությունները։ Վերը նշված եղանակով նշագծերն անցկացնում են զույգ դետալների վրա և կարում զգեստը՝ հաջորդաբար մշակելով յուրաքանչյուր դետալը։

Ուսակարը թերակարելիս սեղմոնը կարի մեջ չեն առնում, որպեսզի չափափորձումից հետո հնարավոր լինի թակալակարել սեղմոնները առանց ուսակարը քանդելու։

Ուսակարերը, կողքի և այլ կարերն անում են միացման կարով։ Կարված եզրը մշակում են մեքենայով կամ ձեռքով։ Գոյություն ունի եզրերի մշակման մի քանի եղանակ։ Առավել տարածված է մեքենայով մշակումը. կտրված եզրը դետալի շիտակ երեսի վրա և գործվածքի գույնի մետաքսե թելով թակալակարում։ Որոշ մեքենաներ ունեն մաքրակարի հատուկ հարմարանք (նկ. 17)։ Ժակետների, կիսաշրջազգեստների, վերարկուների և հաստ գործվածքներից կարված այլ հանդերձների կարերը մշակում են եզրաքուղով։ Կտրված եզրը մշակում են ծալելով կամ առանց ծալելու մաքրակարով կամ օղակարով։ Խիտ, հաստ, չքրքրվող կտորների եզրերը կտրում են ձևավոր մկրատով։

Վզի փորվածքը մշակում են շեղ կամ կորությանը համապատասխան ձևած զոլակով։ Վզի սուր, կլոր, ձևավոր կամ քառակուսի փորվածքը մշակում են հետևյալ կերպ. թղթից պատրաստում են վզի փորվածքի հետ համընկնող ձևվածք, քանի որ զոլակը պետք է ճշգրտորեն համապատասխանի փորվածքի ձևին (նկ. 18, 19)։

Զոլակի և մշակվող եզրի երկայնակի թելերի ուղղությունները պետք է համընկնեն։ Զոլակի առաջամասի և թիկնամասի հատվածները ձևում են առանձին, ապա թակալակարում ուսագծով և բացում արդուկով։ Զոլակը շիտակ երեսով դնում են զգեստի շիտակ երեսին, թերակարում, ապա թակալակարում եզրից 0,5-1 սմ հեռավորության վրա։ Կարը բացում են, զոլակը ծալում շրջոնքի կողմը և երիզում (ծալում 1-2 մմ դեպի ներս այնպես, որ զոլակի միացման կարը շիտակ երեսից չերևա) և թերակարում։ Կտրված եզրը ծալում են, թակալակարում և ամրացնում գաղտնակարով կամ կթնում մի քանի կետում։

Փոքր կլոր կամ սուր փորվածքը կարելի է մշակել շեղ զոլակով։ Կտրում են 3-4 սմ լայնության և փորվածքի շրջագծի երկարության շեղ զոլակ, շիտակ երեսով դնում զգեստի շիտակ երեսին և թերակարում՝ սկսած առաջամասի մեջտեղից, ապա եզրերը միացնում թակալակարով և բացում արդուկով (ավելցուկը կտրում 0,5-1 սմ կարաբաժին թողնելով)։ Այնուհետև զոլակը թակալակարում են, եզրից 0,5-1 սմ հեռավորության վրա, ծալում են շրջոնքի կողմը և երիզում։ Կտրված եզրը 0,5 սմ ծալում են (երբեմն թակալակարելով), թերակարում, ապա ամրացնում գաղտնակարով։

Օձիք կտրելու եղանակը նկարագրված է համապատասխան հոդվածում։

Խծպում։ Բարակ և միջին հաստության գործվածքներից զգեստները թերակարում և ամրացնում գաղտնակարով։

Երբեմն փեշը խծպում են երկտակ զոլակով։ 3 սմ լայնության և պահանջվող երկարության շեղ զոլակը երկտակում են (հակառակ երեսը դեպի ներս), արդուկում, թերակարում փեշի շիտակ երեսից, ապա թակալակարում եզրից 0,5 սմ հեռավորության վրա, ծալում խծպում են գաղտնակարով (տես Կարուկութ), խիտ և հաստ գործվածքներից զգեստները՝ խաչկարով կամ երիզելով (նկ. 20)։ Երիզման համար օգտագործում են աստառացու մետաքս։ Փեշը կարելի է խծպել նաև տրեզով (նկ. 21)։ Տրեզը դնում են շիտակ երեսին, թակալակարում, եզրը մշակում գաղտնակարով։

Երբեմն անբավարար երկարության պատճառով փեշը ծալելու հնարավորություն չի լինում։ Այդ դեպքում փեշը խծպում են նույն գույնի աստառացու մետաքսով կամ որևէ այլ հարմար կտորով։ Դրա համար 7 սմ լայնության և պահանջվող երկարության շեղ զոլակը շիտակ երեսով դնում են փեշի շիտակ երեսին, թերակարում և թակալակարում եզրից 0,5-1 սմ հեռավորության վրա, կարը արդուկով բացում են, ապա զոլակը ծալում շրջոնքի կողմը (այնպես, որ կարը շիտակ երեսից չերևա) և թերակարում։ Եզրը 0,5 սմ ծալում են, շրջոնքի կողմը կտրած եզրը ներս առնելով, և գաղտնակարում թակալակարի գծով։

Թիկնամասի կամ առաջամասի կցակտորի մշակումը։ Թիկնամասը կամ առաջամասը փոթավորում են կցակտորի միացման գծով։ Կցակտորը և հիմնական կտորը երեսի կողմով դնում են իրար վրա՝ համատեղելով կենտրոնի գծերը։ Դետալները թակալակարում են (նկ. 22), կտրված եզրը մաքրակարում։ Կարը ծալում են կցակտորի կողմը և վրայից թակալակարում (նկ. 23)։

Մեքենայով արված փոթաշար։ Դետալի շիտակ երեսից թույլ ձգած թելով զուգահեռ թակալակարեր են անում և ծայրերն ամրակարում։ Տակի թելերը ձգելով կտորը փոթավորում են և հակառակ երեսից թելերն ամուր կապում։ Փոթերը բաշխում են հավասարաչափ։ Զուգահեռ կարերի թիվը և դրանց միջև հեռավորությունը որոշում են ըստ մոդելի։ Կարերի քանդվելուց խուսափելու համար խորհուրդ է տրվում տակից աստառ դնել (հիմնական կամ աստառացու կտորից)՝ եզրերը մտցնելով ուսակարի, վզի, թևքատեղի կարերի մեջ։ Աստառի այն եզրերը, որոնք կարերի մեջ չեն մտնելու, անհրաժեշտ է նախապես մաքրակարել։ Փոթաշարն աստառին են ամրացնում մեքենայով (նկ. 24)։

Թեզանիքի կցակարումը թևքաբերանին։ Թևքի կտրված եզրերը թակալակարում են և մաքրակարում։ Թեզանիքի մեջ չմտնող մասը (հորիզոնական փորակը) ծալելով կարում են (նկ. 25), թևքաբերանը փոթավորում (նկ. 26)։ Թեզանիքի տակի կտորը դնում են թևքի շրջոնքի կողմից, եզրերը հավասարեցնում և թակալակարում այնպես, որ փորակի եզրից 0,3 սմ մնա կարի մեջ (նկ. 27)։ Կարը ծալում են թեզանիքի կողմը։ Թեզանիքի վրայի կտորի եզրը 0,7 սմ ներս են ծալում և թակալակարում միացման կարից 0,1 սմ հեռավորության վրա (նկ. 28)։

Տես նաև Մոդելավորում: