ՏՏՀ/Կեռաս
ԿԵՌԱՍ, Հայաստանում տարածված է հյուսիսային և հարավ-արևելյան շրջաններում, Արարատյան դաշտում և նախալեռնային գոտում։ Վայրի Կ. հանդիպում է Եղեգնաձորի անտառներում։ Տեղական սորտերից տարածված են Արինջենին, Դեղին կեռասը, Շուշա կեռասը, Կարմրենին, ներմուծվածներից՝ Դրոգանա դեղինը, Նապոլեոն վարդագույնը և սևը, Եզան սիրտը, Նվեր Հայաստանին ևն։ Կ-ի տարբեր սորտերի պտուղները լինում են դեղին, վարդագույն, կարմիր և գրեթե սև։ Կ. պարունակում է շաքար (հիմնականում գլյուկոզ), օրգանական թթուներ (առավելապես խնձորի), հանքային աղեր, 15 մգ % C վիտամին, կարոտին (A նախավիտամին)։
Կ. շատ պտուղներից ավելի վաղ է ՛հասունանում։ Վաղահաս սորտերն առավելապես օգտագործում են թարմ։ Տեղում օգտագործում են հասուն պտուղները, իսկ այլ վայր տեղափոխելիս Կ. հավաքում են լրիվ հասունանալուց 3-5 օր շուտ։ Պտուղները պետք է հավաքել պտղակոթով, այլապես դրանք վնասվում են (հյութը ծորում է) և արագ փչանում։ Կ. սովորական պայմաններում պահպանվում է մինչև 5 օր, 0°C –ի և օդի 85-90 % հարաբերական խոնավության պայմաններում՝ 20 օր։
Կ-ից պատրաստում են մուրաբա, կոմպոտ, շաքարաչիր և չիր։