ՏՏՀ/Կիտրոն
ԿԻՏՐՈՆ, աճեցնում են մերձարևադարձային և արևադարձային երկրներամ։ Բերքը հավաքում են նոյեմբերի կեսերից մինչև դեկտեմբերի կեսերը։ Չվնասված, ծխախոտի թղթի մեջ փաթաթած պտուղները 6-7 ամիս լավ պահպանվում են 6-7°C ջերմաստիճանում, իսկ ավելի ցածր ջերմաստիճանում պտուղների վրա առաջանում են դարչնագույն բծեր։ Կ. պահում են նաև կափարիչով լավ փակվող ապակե կամ արծնած ամաններում։ Այդ նպատակով Կ-ները կտրտում են բարակ շերտերով, դասավորում ամանների մեջ, շերտերը ծածկում շաքարավազով (վերին շերտը շաքարավազ)։ Այս դեպքում Կ-ի համը չի փոխվում, չի նվազում վիտամինների քանակը։
Պարունակում է օրգանական թթուներ (հիմնականում կիտրոնաթթու), շաքար, C (40 մգ %), ինչպես նաև B1, B2, PP վիտամիններ, պեկտինային (դոնդողացնող) նյութեր, հանքային աղեր։ Կ-ի կեղևը շատ հարուստ է եթերայուղերով, պեկտինային նյութերով և վիտամիններով։ C վիտամինը կեղևում մինչև 140 մգ % է։
Կ. մատուցում են թեյի, սուրճի և տարբեր կերակրատեսակների հետ։ Կիտրոնակեղևից պատրաստում են համեմունք (ցեդրա)։
Կ-ի կեղևի բույրը կուժեղանա, եթե օգտագործելուց առաջ վրան եռման ջուր լցվի կամ մի քանի վայրկյան դրվի տաք ջրի մեջ։ Կ-ից հյութ քամելիս կեղևի սպիտակ մասը չպետք է ուժեղ ճզմել, այլապես հյութը կդառնանա։