ԿՈՇԻԿ, պետք է լինի հարմար, ամուր, գեղեցիկ, հիգիենիկ և համապատասխանի հագուստին։ Այն պետք է ոտնաթաթը պահպանի վնասվածքներից, չդժվարացնի մարդու շարժումները, չափից ավելի չճնշի ոտնաթաթը։ Որպեսզի Կ. բավարարի այդ պահանջները, պետք է վերջինիս ներքին չափերը և ձևը համապատասխանեն ոտնաթաթի չափերին և ձևին։ Հակառակ դեպքում Կ. արագ կորցնում է տեսքը, ժամանակից շուտ մաշվում, ձևափոխում ոտնաթաթը, հարում մաշկը, առաջացնում կոշտուկներ։ Լարվելիս (կանգնելիս, քայլելիս) փոխվում են ոտնաթաթի չափերը, ուստի Կ-ի ներքին չափերը պետք է մի փոքր մեծ լինեն հանգիստ վիճակում ոտնաթաթի չափերից։ Նոր Կ. պետք է փորձել կանգնած կամ էլ հնարավորության դեպքում դրանով մի քանի քայլ անել։ Կ-ի մեջ մատները պետք է ազատ տեղավորվեն, բութ մատի համար պետք է մի քիչ ազատ տեղ մնա։

Որոշ մարդիկ սիրում են կրել չափից ավելի ազատ և լայն Կ. և նույնպիսի Կ. գնում են նաև երեխաների համար։ Սակայն պետք է հաշվի առնել, որ շատ ազատ Կ. կարող է առաջացնել մաշկածածկույթի տարբեր վնասվածքներ (կոշտուկ ևն)։ Նեղ ոտնաթաթի համար, որպես կանոն, դժվար է Կ. ընտրել։ Այդպիսի դեպքերում խորհուրդ է տրվում Կ-ի մեջ դնել երեսին ամուր գործվածք սոսնձած ստվարաթղթե միջատակ։

Հատկապես վնասակար է ոտնաթաթի չափսերից փոքր չափսերով Կ. կրելը։ Նեղ և կարճ Կ. առաջացնում է արյան շրջանառության խանգարում և ոտնաթաթի ձևափոխություն՝ տափակաթաթություն, կոշտուկներ, եղունգների ներաճ ևն։

Կ-ի ներքին չափերը և ձևը կախված են նրա կառուցվածքից և տեսակից։ Բաց Կ. («մակույկանման») պետք է կիպ գրկի ոտնաթաթը, հատկապես կրունկի մասում։ Հակառակ դեպքում քայլելիս ոտնաթաթը դուրս է գալիս Կ-ից, որը դժվարացնում է շարժումը և արագ մաշում գուլպան և Կ-ի աստառը։

Գոտիավոր Կ-ում, կիսակոշիկում ու մարզական Կ-ում թաթը Կ-ի մեջ պահվում է գոտու կամ կրնկամասի օգնությամբ։ Այդպիսի Կ-ի չափերը կարող են մի փոքր ավելի մեծ լինել, քան բաց Կ–ինը։

Երկարաճիտք Կ. չպետք է սեղմի ոտնաթաթը, վերջինի և Կ-ի միջև պետք է մնա ազատ տարածություն։ Առավել հարմար է լայն կրունկով Կ.։ Կանանց խորհուրդ է տրվում կրել 3-5 սմ, տղամարդկանց՝ մինչև 2 սմ, դպրոցականներին՝ 1-3 սմ (նայած տարիքի) բարձրության կրունկով Կ.։ Շատ բարձրակրունկ Կ. հագնելիս կարող են առաջանալ ձկնամկանների կրճատում, սրունքի առջևի մկանների և ջլերի թուլացում, ոտնաթաթի ոլորում և ջլերի ձգվածություն, տափակաթաթություն և սրունքթաթային հոդախախտում։ Բարձրակրունկ Կ. հագնելը կարող է առաջացնել դեռահասների ողնաշարի կորություն, կոնքի ձևի փոփոխություն, ներքին օրգանների շեղում։

Նայած օգտագործվող նյութերին և մասերի ամրակցման եղանակին Կ. լինում է փափուկ կամ կոշտ։ Հագնելու ընթացքում Կ. ընդունում է ոտնաթաթի ձևը, քանի որ նյութերը, որոնցից պատրաստվում է Կ., օժտված են ճկունությամբ։ Փափուկ Կ. ավելի արագ է ընդունում ոտնաթաթի ձևը և հարմար է ամեն օր հագնելու համար։ Կոշտ Կ. հագնում են ոտնաթաթը զգալի մեխանիկական ազդեցություններից պահպանելու համար (օրինակ, արտադրական Կ.)։ Կ. լինում է կաշվե, տեքստիլային, արհեստական նյութերից, համակցված, թաղիքե և ռետինե։

Թեթև հիգիենիկ Կ-ի երեսամասի լավագույն հումքը բնական կաշին է՝ շևրոն, հորթենին, քրոմային դաբաղման հորթակաշին, թավշակաշին։ Լաքապատ կաշին վատ է անցկացնում օդն ու խոնավությունը, ուստի խորհուրդ չի տրվում այն հագնել ամռանը (հատկապես նրանց, ում ոտքերը քրտնում են)։ Ռետինե կամ արհեստական այլ նյութերից պատրաստված Կ-ի մեջ պետք է դնել կաշվե միջատակ կամ էլ հագնել բրդե գուլպաներով (կիսագուլպաներով)։

Կ-ի համարի և լիքության որոշումը։ Կ-ի ներքին չափերի հիմնական բնութագրերն են համարը և լիքությունը։ Որոշ երկրներում Կ-ի համար է ընդունվում կաղապարի (միջատակի) հետքի երկարությունը՝ արտահայտված շտիխներով (1 շտիխը հավասար է 2/3 սմ-ի)։ Օրինակ, 36 համարի Կ. անի 36 շտիխ երկարության միջատակ։ ՀՀ-ում ընդունված է Կ-ի համարակալման այնպիսի համակարգ, որում որպես համար ընդունվում է ոտնաթաթի երկարությունը՝ արտահայտված սանտիմետրերով։ Դրան համապատասխան կիրառվում է Կ-ի ըստ համարների և խմբերի հետևյալ դասակարգումը (կից համարների միջակայքը՝ 0,5 սմ)։

Կոշիկի անվանումը Կոշիկի համարը, սմ Կոշիկի համարը, շտիխ
Փափուճներ 9-10,0 14-16
Հուսարիկներ 10,5-13 17-21
Փոքրահասակ երեխաների 13,5-16,5 22-26
Մանկական 17-19 27-30
Դպրոցահասակ աղջիկների 19,5-21,5 31-34
Աղջիկների 21,5-24 35-38
Դպրոցահասակ տղաների 19,5-22 31-34
Տղաների 22,5-24,5 35-38
Կանացի 21,5-27,5 33-41
Տղամարդու 24,5-30,5 38-46

Նույն երկարության ոտնաթաթերն իրարից տարբերվում են լայնական չափերով։ Դրա համար էլ նույն համարի Կ–ները պետք է ունենան տարբեր լայնական չափեր, որոնցով որոշվում է լիքությունը։ Վերջինը բնութագրվում է ոտնաթաթի՝ թաթամատային հատվածի շրջագծով և պայմանականորեն նշանակվում է թվանշանով կամ տառով։

Կ-ի խնամքը։ Կ-ի երեսին փայլաքսուք քսելուց առաջ պետք է այն լավ մաքրել փոշուց և կեղտից։ Կ-ին փայլ տալու համար պետք է փայլաքսուք կամ էմուլսիա քսելուց 10-15 րոպե հետո խնամքով փայլեցնել սկզբում խոզանակով, ապա փափուկ խավոտ լաթով (ավելի լավ է թավշալաթով)։

Կաշվե Կ-ի խնամքի համար նախատեսված փայլաքսուքներում պարունակվում են նյութեր, որոնք փափկեցնում են կաշին և մեծացնում ջրակայունությունը։ Կ-ին նստած փոշին և կեղտը ներծծում են կաշվի մեջ պարունակվող ճարպը, որի հետևանքով կաշին դառնում է կոշտ և ջրանցիկ։ Խոնավ պայմաններում օգտագործվող Կ-ին պետք է պարբերաբար պինդ ճարպեր կամ գերչակի ձեթ քսել և փայլեցնել։

Տեքստիլային երեսամասով սպիտակ Կ. կարելի է թարմացնել ջրով բացած ատամի փոշիով՝ նախապես Կ. խոզանակով մաքրելուց հետո։ Տեքստիլային Կ–ից ճարպաբծերը կարելի է հեռացնել բենզինով։

Ձևը պահպանելու համար Կ-ի մեջ պետք է դնել ուղղորդ կաղապարներ կամ կիպ նստող ձողիկներ կամ էլ քթամասերը խցել թղթով։ Կ. հագնելիս խորհուրդ է տրվում օգտվել կոշկաթիակից։

Կաշվե Կ. պետք է չորացնել 50 °C–ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում, հակառակ դեպքում այն կարող է ծռմռվել։ Չորացնելիս Կ. պետք է դնել այնպես, որ ողջ մակերևույթը (և՛ ներքին, և՛ արտաքին), բաց լինի խոնավության գոլորշիացման համար։ Ռետինե ներբանով տեքստիլային Կ. կարելի է չորացնել ավելի բարձր ջերմաստիճանում, եթե ներբանը երեսամասին ամրացված է թելով, քանի որ ներբանի սոսինձը 70 °C ջերմաստիճանում սկսում է հալվել։ Խորհուրդ է տրվում թավշակաշվե Կ. մաքրել հատուկ խոզանակով, որի վրա, ցցամազերից բացի, ագուցված են մետաղալարիկներ (խավը վերականգնելու համար)։

Կ-ի խնամքի համար օգտագործվում են տարբեր միջոցներ. մածուկներ, էմուլսիաներ, հեղուկ փայլաքսուքներ, որոնք պարունակում են մոմ, ցերեզին, կոշտ պարաֆին, լուծիչներ (ուայթ-սպիրտ, բևեկնայուղ կամ դրանց խառնուրդները, ճարպա– և ջրալուծիչ ներկանյութեր)։ Կաշվե Կ. մաքրելու համար թողարկվում են օրգանական լուծիչների հիմքով փայլաքսուքներ։ Դրանք Կ. մաքրում են կեղտից, գոյացնում պաշտպանական փայլուն ջրամերժ թաղանթ, թարմացնում Կ.։ Կ. մաքրելու, փայլեցնելու և նրան ջրամերժ հատկություններ հաղորդելու համար թողարկվում են գործվածքի և թղթի հիմքով հատուկ անձեռոցիկներ։

Սպիտակ կաշվե Կ. կարելի է թարմացնել օճառի թույլ լուծույթով կամ անգույն փայլաքսուքով։ Մարզական և կաշվե կոպիտ Կ-ների խնամքի համար նախատեսված միջոցներին, թաղանթագոյացնող նյութերից և լուծիչներից բացի, ավելացնում են ծովային կաթնասունների ճարպ և ձկան յուղ։ Դրանք Կ. դարձնում են ավելի փափուկ, ճկուն, իսկ դրանց գոյացրած թաղանթն օժտված է ավելի բարձր ջրակայունությամբ, քան սովորական փայլաքսուքներինը։ Կ. ջրակայուն դարձնելու համար կարելի է օգտագործել ձյութ, ձկան յուղ կամ գերչակի ձեթ, որոնցով կաշին տոգորելուց հետո բարակ շերտով քսում են Կ-ի սովորական փայլաքսուք։

Թավշակաշվե Կ-ի մաշափայլ մասերի նորացման համար անհրաժեշտ է կոշտ խոզանակով մաքրել փոշին ու կեղտը, ապա տրորել կերակրի չոր աղով կամ մաքրել թանաքի ռետինով։

Լաքապատ կաշվե Կ-ին, հատուկ պատրաստուկներով կամ փափուկ լաթով մաքրելուց հետո, քսում են գերչակի ձեթ և մաքրում փափուկ լաթով։ Թողարկում են նաև Կ-ի ինքնափայլ միջոցներ։

Կ-ի խնամքի օժանդակ միջոցներից են կաշվի ներկերը և լաքերը, դրանց հեռացման միջոցները, ջրամերժ տոգորանյութերը, Կ-ի լայնացման, ներքին մակերևույթի հոտազերծման միջոցները ևն։ Տնային պայմաններում Կ. ներկելու համար թողարկում են նիտրաարծնային ներկայնութեր (տարբեր գույների)։ Ռետինե Կ-ի փայլը պահպանելու համար խորհուրդ է տրվում այն լվանալ գոլ ջրով, ապա չորացնել և տրորել գլիցերինով (մի քանի կաթիլ) թրջած փափուկ լաթով։