ՀԻՐԻԿ, զամբեղ, հիրիկազգիների ընտանիքի կոճղարմատավոր կամ սոխուկավոր բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Ընդգրկում է շուրջ 250 տեսակ։ ՀՀ լեռնային գոտիներում, մարգագետիններում, անտառային և ճահճոտ վայրերում աճում է Հ-ի 14 տեսակ (կովկասյան սրաշաքիլ, նրբագեղ, տարօրինակ, ցանցավոր և այլն), որոնք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ Մշակության մեջ բաց գրունտում աճեցվում են Հ-ի բազմաթիվ տեսակներ ու սորտեր։ Հ. օգտագործում են եզրաշերտերի, ծաղկաթմբերի, ծաղկօջախների ձևավորումների համար, ալպյան բլրակներում, կտրած ծաղիկներ ունենալու նպատակով, ձմռանն աճեցնում են ջերմոցներում։

Առավել հայտնի են մորուքավոր Հ-ների սորտերն ու պարտեզային ձևերը, որոնք իրենց անվանումն ստացել են ծաղկապատի արտաքին տերևների վրա գունավոր մազիկներից առաջացած «մորուքի» պատճառով։ Բույսերն ունեն հաստ կոճղարմատ, արմատամերձ տափակ, թրաձև տերևներ։ Ծաղիկներն սպիտակ են, վարդագույն, դեղին, դարչնագույն, նարնջագույն, կարմիր, մանուշակագույն։ Ըստ ծաղկացողունի բարձրության մորուքավոր Հ-ները բաժանվում են 3 խմբի. ցածրաճ (25-37 սմ), միջաաճ (37-70 սմ), բարձրաճ (70 սմ և ավելի)։ Այդ խմբերի սահմաններում սորտերը դասակարգում են ըստ ծաղկի գունավորման՝ միագույն, երկգույն, երկերանգ, եզրազարդված, երփներանգ, ըստ ծաղկման ժամկետների՝ վաղահաս, միջահաս և ուշահաս։

Սիբիրական Հ-ները տարբերվում են ցրտադիմացկունությամբ և մշակության մեջ պահանջկոտ չեն։

Ճապոնական Հ-ներն ընդգրկում են Կեմփերիի կամ թրաձև Հ-ի սորտերը (երբեմն կոչվում են Կեմփերիի սորտեր)։ Բույսերը տարբերվում են ծաղկի մեծությամբ (մանր, միջին, խոշոր և շատ խոշոր), ծաղկի ձևով (պարզ, կրկնակի, լիաթերթ), ծաղկացողունի բարձրությամբ (շատ կարճ, կարճ, միջին, բարձր) և ծաղկման ժամկետով (շատ վաղահաս, վաղահաս, միջահաս, ուշահաս, շատ ուշահաս)։ Տարբերվում են ցածր ցրտադիմացկունությամբ, միջին գոտիներում ձմռանը պետք է լավ ծածկել։ Աճում են թույլ թթվային հողերում, ծաղկման շրջանում անհրաժեշտ է առատ ջրել։ Որպես գեղազարդիչ բազմամյա բույս լայնորեն օգտագործվում է Կեմփերիի Հ., որը հեշտությամբ կարելի է աճեցնել սերմերից։

Տեղի ընտրությունը. Հ. պետք է տնկել սառը և ուժեղ քամիներից պաշտպանված, բաց, արևոտ վայրերում (առանձնապես բարձր, մորուքավոր Հ֊ները)։ Որոշ տեսակներ և դրանց սորտերը (սիբիրական, ճահճային) կարող են աճել քիչ ստվերոտ վայրերում։

Հողը. Հ-ների համար պիտանի են ոռոգվող, բերրի, բավական թեթև (ավազակավային), չեզոքին մոտ կամ թույլ թթվային ռեակցիայով լավ ցամաքուրդված հողերը։ Բույսերը չեն դիմանում ջրի կանգին, հաճախ փտում են գարնանային վարարումների ժամանակ, ուստի գարնանը պետք է փորել կողմնատար առվակներ։ Հողի ավելցուկային խոնավությունը մասամբ թույլատրելի է սիբիրական և ճապոնական Հ-ների համար։ Տնկելուց առաջ հողը պետք է վերափորել, խնամքով առանձնացնել բազմամյա մոլախոտերի արմատներն ու կոճղարմատները։ Որպես հիմնական պարարտանյութ օգտագործել սուպերֆոսֆատ. 1 մ²–ին՝ 80-100 գ։

Տնկումը. Հ-ները վերատնկում են վաղ գարնանը և ամռան վերջին, ծաղկման ավարտից 2-3 շաբաթ հետո, երբ սկսվում է արմատների ակտիվ աճը։ Միևնույն տեղում լավ աճում են 4-5 տարի, այնուհետև պետք է վերատնկել։ Տնկելուց առաջ արմատները կտրել՝ թողնելով 8-10 սմ։ Յուրաքանչյուր բաժանված մաս պետք է ունենա կոճղարմատի տարեկան օղակ՝ արմատների փնջով և տերևների հովհարով։

Անհրաժեշտ է տնկել փոսիկների մեջ, արմատներն ուղղել հորիզոնական ուղղությամբ, հողը ձեռքերով պնդացնել և առատ ջրել։ Մորուքավոր Հ-ների կոճղարմատը պետք է լինի հողի մակարդակին, սիբիրական և ճապոնականներինը՝ 3-5 սմ խորության վրա։

Խնամքը. Հ-ները պահանջկոտ բույսեր են։ Վեգետացիայի շրջանի ընթացքում անհրաժեշտ է կանոնավոր կերպով հողը փխրեցնել, մոլախոտերը հեռացնել, չորային եղանակին և առանձնապես ծաղկման շրջանում ջրել։ Գարնանը, ձյունը հալվելուց հետո, ծածկույթները շուռումուռ տալ, սակայն չշտապել դրանք հանել, քանի որ ուշ գարնանային ցրտահարությունները կարող են վնասել։ Կայուն տաք ջերմաստիճանի հաստատումից հետո ծածկույթները հանել և անմիջապես հեռացնել ձմռանը մահացած տերևներն ու կոճղարմատի օղակները, հողը փխրեցնել։ Չոր եղանակին բույսերը ջրել երեկոյան՝ ծաղիկները պաշտպանելով ջրի ցայտերից։ Փնջերի համար ծաղիկները կտրել առավոտյան։ Ծաղկման ժամանակ մշտապես հեռացնել թառամած ծաղիկները, իսկ ծաղկման ավարտից հետո ծաղկակիրը հիմքից կտրել։

Ամռան 2-րդ կեսին, առանձնապես անձրևոտ եղանակին, Հ-ի տերևները պատվում են գորշ բծերով, որոնք պետք է պոկել և այրել։

Ձմռանը Հ-ներն անհրաժեշտ է ծածկել եղևնու ճյուղերով, չոր տերևներով, խոտով, տորֆով, մամուռով՝ նախապես կտրելով կանաչ տերևները (մոտ 20 սմ բարձրությամբ)։ Տաքացնող նյութը փռել 15 սմ հաստության շերտով, տերևների տակ դնել ճյուղեր։

Պարարտանյութերը. վեգետացիայի շրջանում Հ-ները պետք է սնուցել 2-3 անգամ, գարնանը օգտագործել ազոտֆոսֆոր-կալիումական պարարտանյութեր (1 մ²-ին՝ 80-100 գ), կոկոնակալման սկզբում նույն հաշվարկով՝ ավելացնելով միայն կալիումի քանակը, ծաղկման վերջում՝ ֆոսֆոր-կալիումական (1 մ²-ին՝ 50-60 գ)։

Բազմացումը. Հ-ները բազմացնում են սերմերով կամ վեգետատիվ եղանակով՝ կոճղարմատներով ու բողբոջներով։ Կեմփերիի Հ-ի սերմերը լավ ծլում են ինչպես գարնանային, այնպես էլ աշնանային ցանքի դեպքում։ Սիբիրական և մորուքավոր Հ-ների սերմերը գերադասելի է ցանել ուշ աշնանը, որպեսզի անցնեն ցրտահարությունների շրջանը։ Կարելի է ցանել նաև փետրվարին և 10-12 օր պահել սենյակում, առատ ջրել, որպեսզի սերմերն ուռչեն, այնուհետև տեղափոխել ձյան տակ կամ 2-3 շաբաթ դնել սառնարանում, որից հետո նորից պահել սենյակում։ Որոշ Հ-ների սերմերը ծլում են մի քանի տարվա ընթացքում։

Սորտային Հ-ները խորհուրդ է տրվում բազմացնել կոճղարմատների բաժանմամբ կամ բողբոջների կտրոնավորմամբ։ Լավ կլինի թուփը բաժանել տարեկան օղակների, այնպես որ յուրաքանչյուրն ունենա տերևների փունջ։ Բողբոջներով բազմացնելիս կոճղարմատի օղակը (առանց տերևների) պետք է բաժանել մի քանի մասերի, որպեսզի յուրաքանչյուրն ունենա բողբոջ։ Կոճղարմատի մասերը պետք է թողնել չոր շինությունում, որպեսզի դրանք չորանան և կտրվածքները կեղևակալեն (կտրվածքների վրա կարելի է շաղ տալ փայտի ածուխ)։ Այնուհետև բողբոջային կտրոնները տնկել ավազի կամ թեթև հողի մեջ և ջրել։

Հիվանդությունները. Հ-ների համար առավել վտանգավոր է բակտերիոզը (կոճղարմատի բակտերիային թաց փտումը)։ Հիվանդության զարգացմանը նպաստում են տաք և խոնավ եղանակը, բույսերի խոր տնկումը, ծանր հողը։ Տերևների ծայրերը դեղնում են, ապա գորշանում, կոճղարմատը փտում է՝ արձակելով տհաճ հոտ։

Պայքարի միջոցները. կոճղարմատի ախտահարված մասը կտրել մինչև առողջ հյուսվածքը և ոչնչացնել, կտրվածքի վրա լցնել կալիումի պերմանգանատի ուժեղ լուծույթ և թողնել բաց վիճակում արևի ճառագայթների տակ։

Հետերոսպորոզն առաջացնում են սնկերը, ամռան 2-րդ կեսին։ Ախտահարվում են տերևները, որոնք պատվում են խոշոր, երկարավուն, գորշ բծերով։ Բծավորության ուժեղացմանը նպաստում են օդի բարձր խոնավությունը, հողի մեջ ֆոսֆորի և կրի անբավարարությունը։

Պայքարի միջոցները. ախտահարված տերևները պոկել և ոչնչացնել, բույսը մշակել պղինձ պարունակող պատրաստուկներով։

Ժանգի դեպքում տերևների վրա հայտնվում են երկայնակի դարչնագույն շերտեր, տերևները ժամանակից շուտ չորանում են։

Պայքարի միջոցները. ուժեղ ախտահարված տերևները պոկել և ոչնչացնել, սրսկել պղինձ պարունակող պատրաստուկներ։

Նեմատոդը ախտահարում է կոճղարմատներն ու արմատները՝ առաջացնելով բույսի ընդհանուր ընկճվածություն։ Հ-ները վատ են ծաղկում և որոշ ժամանակ անց ոչնչանում։

Պայքարի միջոցները. հիվանդ բույսերը հեռացնել, մոլախոտերը քաղհանել, կատարել բույսերի հաջորդափոխում՝ աճեցնելով թավշածաղիկ և վաղենակ։ Աննշան ախտահարման դեպքում կոճղարմատները երեք ժամ տաքացնել 43°C ջրով։

Վնասատուները. Հ-ին ախտահարում է թրաշուշանի տրիպսը, որը մանր թևավոր միջատ է, ծծում է տերևների, ծաղիկների, կոճղարմատների հյութը։ Բույսը ձևափոխվում է, ընկճվում։ Բույսերի հյութը ծծում են նաև տարբեր տեսակի ուտիճները։

Պայքարի միջոցները. բույսերի մնացորդների ոչնչացում, հողի աշնանային վերափոխում, բույսերի հաջորդափոխում, հատուկ պատրաստուկներով մշակում (տես Եռագույն մանուշակ): Անձրևոտ ամռանը Հ-ների տերևները վնասում են լորձնախխունջները։

Պայքարի միջոցները. լորձնախխունջները հավաքել և ոչնչացնել։ Բույսերի մոտ կարելի է տախտակներ դասավորել, որոնց տակ օրվա ընթացքում կուտակվում են լորձնախխունջները։ Երեկոյան բարձրացնելով տախտակները՝ կարելի է դրանք հեշտությամբ հավաքել։ ՀՀ-ում մշակվում են Հ-ի շատ տեսակներ։ Բնական կամ արհեստական լճակների ափերի կանաչ ձևավորումներում հաճախ օգտագործվում է ոսկեգույն Հ., որը կոչվում է նաև ջրահիրիկ: Ծաղկում է հունիսին։