ՏՏՀ/Հնդկոտեմ
ՀՆԴԿՈՏԵՄ, աքրիզան. հնդկոտեմազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Ընդգրկում է 50 տեսակ։ Մշակության մեջ տարածված են մեծ Հ. և մշակովի (հիբրիդային) Հ-ի սորտերը։
Օգտագործվում են պատուհանների, պատշգամբների, թփային ձևերը՝ ծաղկաթմբերի, եզրազարդերի և այլ ձևավորումների համար։ Մեծ Հ., բազմամյա բույս է, աճեցվում է որպես միամյա։ Ունի հյութալի, ճյուղավորված, հավաք (բարձրությունը մինչև 30 սմ) կամ փռված (երկարությունը մինչև 3 մ) ցողուններ։ Արմատային համակարգը առանցքային է, ոչ խոր։ Տերևները՝ վահանաձև, երկար կոթուններով։ Ծաղիկները՝ հոտավետ, պարզ կամ լիաթերթ, մեկական, երկար ծաղկակիրներով, դեղին, նարնջագույն, վառ կարմիր, դարչնավուն, թավշյա։
Մշակովի Հ. միավորում է 2-3 մ երկարության սողացող ցողուններով և 25–30 սմ բարձրության հավաք թփային սորտեր։ Ծաղիկները բաց դեղնավուն են, կարմիր, մուգ բալեգույն, ծիրանագույն։ Առավել զգայուն են ցրտի և խոնավության նկատմամբ, սակայն մի փոքր վաղ և առատ են ծաղկում։
Հ. լուսասեր և ջերմասեր բույս է (չի դիմանում նույնիսկ ամենաթեթև ցրտահարություններին), ուստի պետք է ընտրել բաց, արևոտ, սառը քամիներից պաշտպանված վայրեր։ Ավելի լավ է Հ. աճեցնել կավավազային և ավազային, ցամաքուրդված, ֆոսֆորով բավարար պարարտացված հողերում։ Բույսը վատ է ընդունում թարմ օրգանական պարարտանյութերը և կիրը, ինչպես նաև խոնավության և ազոտի ավելցուկը։
Սերմերը պետք է ցանել մոտավորապես մայիսի կեսերից մինչև վերջերը, որպեսզի ծիլերը չընկնեն ուշ ցրտահարությունների տակ։ Պետք է ցանել փոսիկներում, յուրաքանչյուրում 3–4–ական։ Սերմերը ծլում են 2 շաբաթից հետո, ծաղկումը սկսվում է ծիլերի առաջացումից 40-50 օր հետո և շարունակվում մինչև առաջին ցրտահարությունները։ Թփային սորտերը պետք է աճեցնել 25-30 սմ, փաթաթվողները՝ 35-40 սմ հեռավորության վրա։
Խնամքը. պահանջում է առատ ջրել, հողը փխրեցնել, բույսերի շուրջ եղած մոլախոտերը քաղհանել, սնուցել ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով։
Հ. երբեմն ախտահարվում է խայտաբղետությամբ, օղակաձև բծավորությամբ, տարասպորակրությամբ։ Վնասում են լվիճները, ականաճանճիկները։ Պայքարի միջոցները նույնն են, ինչ մյուս բույսերինը։ ՀՀ-ում (առավելապես հյուսիսարևելյան շրջաններում) բաց գրունտում և ջերմատներում մշակվում են մեծ Հ. և հիբրիդային Հ-ի շատ սորտեր։