ՏՏՀ/Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ)

Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ)
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 312
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ՁԵՌՔԲԵՐՈՎԻ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ (ՁԻԱՀ), ռուս. ՍՊԻԴ, անգլ. ԱԻԴՍ, մարդու իմունային անբավարարության վիրուսային վարակ (ՄԻԱՎ վարակ), քրոնիկական ակտիվ վարակիչ հիվանդություն, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է (ՄԻԱՎ)։

Հիվանդությունն առաջին անգամ նկարագրվել է 1981-ին, ԱՄՆ-ամ։ 1983-ին, ֆրանսիացի և ամերիկացի գիտնականները հայտնաբերել են ՄԻԱՎ-ը և բացահայտել վերջինիս պատճառագիտական դերը։ ՄԻԱՎ-ը ռետրովիրուսների ընտանիքի ՌՆԹ և ֆերմենտներ պարունակող վիրուս է, որի արտաքին մակերևույթը ծածկված է ելուստներով կամ «սեպերով»։ Վերջիններս կապվում են թիրախ-բջիջների ընկալիչների հետ՝ դրանով իսկ ապահովելով վիրուսի ներթափանցումը բջիջներ։

Օրգանիզմից դուրս ՄԻԱՎ-ը անկայուն է և արագ ոչնչանում է 100°C պայմաններում, ինչպես նաև սպիրտի, ակտիվ քլոր պարունակող նյութերի և քիմ. այլ ախտահանիչ միջոցների ազդեցությունից։ ՄԻԱՎ վարակի միակ աղբյուրը վարակված մարդն է, որը վարակիչ է հետագա ամբողջ կյանքի ընթացքում։ Վարակված օրգանիզմում ՄԻԱՎ-ը հիմնականում պարունակվում է արյան, սերմնահեղուկի, հեշտոցային արտադրության, ինչպես նաև կրծքի կաթի մեջ։ ՄԻԱՎ-ը փոխանցվում է սեռական ճանապարհով, վարակված արյան փոխներարկման և օրգանների փոխպատվաստման ժամանակ, ինչպես նաև բժշկական գործիքների (ներարկիչներ, նշտարներ ևն) միջոցով։ Վարակված մայրը կարող է վարակը փոխանցել պտղին կամ երեխային։

Մարդու օրգանիզմ թափանցելուց հետո ՄԻԱՎ-ը սևեռվում է թիրախ-բջիջների մակերևույթին, այնուհետև վիրուսային և բջջային թաղանթները միաձուլվում են և վիրուսը թափանցում է բջջապլազմայի մեջ։ ՄԻԱՎ-ի հիմնական թիրախն արյան սպիտակ բջիջներն են՝ լիմֆոցիտներն ու մակրոֆագերը։ Ախտահարվում են նաև կենտր. նյարդ. համակարգի (ԿՆՀ), աղիքների և արգանդի վզիկի լորձաթաղանթի բջիջները ևն։ Վիրուսային վարակի հետևանքները պայմանավորված են ախտահարված բջիջների տեսակով։ Իմունային անբավարարության վճռական գործոններից մեկը ՝ T-հելփերներ (T-օգնականներ) կոչված լիմֆոցիտների ախտահարումն է։ Հիվանդության զարգացման ընթացքում տեղի է ունենում վարակված T-հելփերների զանգվածային ոչնչացում (օրական մահանում և վերականգնվում են մոտ 2 մլրդ բջիջ), որի հետևանքով աստիճանաբար նվազում է այդ բջիջների քանակությունը և զարգանում դրանց ֆունկցիայի կոպիտ խանգարումներ։ Քանի որ իմունային պատասխանի զարգացման գործընթացում հելփերները կենտրոն. օղակ են, ուստի դրանց կորուստը հանգեցնում է օրգանիզմի պաշտպանական ունակությունների կտրուկ անկման (իմունային անբավարարության առաջացման)։ Կարևոր նշանակություն ունի վարակված մակրոֆագերի ֆունկցիայի խանգարումը։ Ախտահարված մակրոֆագերի ներսում ՄԻԱՎ-ը լիովին պահպանում է իր կենսունակությունը։ Լինելով չափազանց շարժուն բջիջներ, մակրոֆագերը ՄԻԱՎ-ը տեղափոխում են հյուսվածքներ և հեռավոր օրգաններ, այդ թվում նաև ԿՆՀ։ Բացի այդ, վարակված մակրոֆագերն արտադրում են մեծ քանակությամբ հումորալ նյութեր (բորբոքային ցիտոկինիններ), որոնք վնասում են ԿՆՀ բջիջները։

Ըստ Վ.Ի.Պոկրովսկու կլինիկական դասակարգման (1989), ՄԻԱՎ վարակի ընթացքը բաժանվում է գաղտնի, առաջնային արտահայտությունների, երկրորդային հիվանդությունների և սահմանային շրջանների։

ՄԻԱՎ վարակի կլինիկական պատկերը չափազանց բազմազան է։ Առաջին կլինիկական ախտանշանները կարող են առաջանալ վարակվելուց կարճ ժամանակ անց: Ի հայտ են գալիս ընդհանուր թուլություն, տենդ, մարմնի զանգվածի անկում, հոդացավեր և մկանացավեր, ըմպանաբորբ, մաշկային ցան, ավշահանգույցների ժամանակավոր մեծացում, երբեմն մենինգիտի կամ գլխուղեղի բորբոքման ախտանշաններ, որոնք պահպանվում են 2-4 շաբաթ, ապա ինքնուրույն անցնում և, որպես կանոն, ախտորոշվում են հետադարձ կերպով։ Այնուհետև վարակված անձը կարող է 8-12 տարի մնալ արտաքուստ առողջ և ոչ մի գանգատ չունենալ, սակայն նրա արյան մեջ հայտնաբերվում են ՄԻԱՎ-ի դեմ ուղղված հակամարմիններ, և նա ընդունակ է տարածել վարակը։ Ախտանշանային շրջանին հաջորդում է ավշահանգույցների կայուն տարածուն մեծացումը (տարածուն լիմֆադենոպաթիայի համախտանիշ)։ Շոշափելիս ավշահանգույցները չափավոր պինդ են, անցավ, ձուլված չեն շրջակա հյուսվածքների հետ։ Վարակված անձանց աշխատունակությունը և լավ ինքնազգացումը լիովին պահպանվում են։ Ավելի ուշ ի հայտ են գալիս վարակական և ուռուցքային բարդությունների ախտանշաններ, որոնք և ազդարարում են ՁԻԱՀ-ի զարգացումը։ Նախ առաջանում են մաշկի թարախակույտային, այնուհետև մաշկի, լորձաթաղանթների և ներքին օրգանների վիրուսային, սնկային, բակտերիային և այլ բնույթի ախտահարումներ, ապա Կապոշիի սարկոմա կոչված ուռուցքային հիվանդություն, ավշային հյուսվածքի չարորակ նորագոյացություններ։ Վարակական և ուռուցքային բարդությունները հարաճուն բնույթ ունեն և 1-2 տարվա ընթացքում հանգեցնում են մահվան։ ՁԻԱՀ-ով հիվանդների որոշ տոկոսի մոտ գերազանցում են ԿՆՀ-ի ախտահարումները, թուլամտության զարգացումը, երկարատև տենդը, լուծը, մարմնի զանգվածի կտրուկ անկումը և այլ համախտանիշներ։

ՄԻԱՎ վարակն ախտորոշվում է վարակված օրգանիզմում վիրուսի առկայության ախտանշանների, ինչպես նաև տարբեր լաբորատոր մեթոդներով՝ արյան մեջ, այլ կենսական հեղուկներում ու օրգաններում վիրուսի, վիրուսային հակածինների, վիրուսային նուկլեինաթթուների կամ հակավիրուսային (առավել հաճախ շիճուկային) հակամարմինների հայտնաբերմամբ։

Բուժումը. օգտագործվում են երկու խմբի հակառետրովիրուսային (վիրուսային ֆերմենտներն ընկճող և վիրուսի վերարտադրությունն արգելակող) դեղանյութեր, ինչպես նաև նորագոյացությունների բուժման բազմազան եղանակներ։

Արդյունավետ հակա-ՄՒԱՎ պատվաստման միջոցներն առայժմ բացակայում են։ ՄԻԱՎ վարակի կանխարգելումն իրագործվում է առողջապահության համակարգի մակարդակով (փոխներարկման ենթակա արյան, սերմնահեղուկի և փոխպատվաստման ենթակա օրգանների պարտադիր ստուգում, բժշկ. գործիքների պատշաճ մանրէազերծում և ախտահանում, զանգվածային տեղեկատվական-ուսուցողական աշխատանքի անցկացում) և անհատական միջոցառումներով (պատահական սեռական կապերի բացառում, սեռական հարաբերության ժամանակ պահպանակի օգտագործում, անձնական հիգիենայի կանոնների պահպանում)։ ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի կանխարգելման աշխատանքները համակարգում է Առողջապահության նախ-յան ՁԻԱՀ-ի հսկողության և կանխարգելման հանրապետ. կենտրոնը (հիմն. 1989-ի նոյեմբերին)։ ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրի շրջանակներում կենտրոնն իրականացնում է ՁԻԱՀ-ի համաճարակաբան. հսկողությունը, կանխարգելիչ միջոցառումների պլանավորումն ու իրագործումը, ինչպես նաև նշված բնագավառի կադրերի պատրաստումը, ՄԻԱՎ վարակի ախտորոշումն ու բուժումը ևն։

1997-ի փետրվարի 3-ին Ազգային ժողովն ընդունել է «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքը։