Ճարպակալում
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 314
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ՃԱՐՊԱԿԱԼՈՒՄ, օրգանիզմի հյուսվածքներում ճարպերի չափից ավելի կուտակման հիմքում ընկած է նյութափոխանակության խանգարումը, որի դեպքում ճարպագոյացման գործընթացներն ընթանում են ավելի ինտենսիվ, քան կազմալուծմանը։

Ճ. առավել հաճախ կապված է անկանոն ապրելակերպի, գերսնման հետ, երբ սննդի կալորիականությունը (էներգիական պոտենցիալը) գերազանցում է օրգանիզմի էներգածախսերը։ Ընդ որում, կարևոր են ոչ թե օգտագործվող սննդամթերքի քանակն ու կալորիականությունը, այլ դրանց անհամապատասխանությունը օրգանիզմի կարիքներին։ Ուստի, Ճ-ման առաջացմանը նպաստում է քիչ շարժուն ապրելակերպը, շարժական ակտիվության նվազումը, ինչպես նաև ոչ ռացիոնալ սնունդը, դյուրամարս ածխաջրերի, առաջին հերթին շաքարի, հրուշակեղենի, քաղցրեղենի և կենդանական ճարպերի (կարագ, խոզի ճարպ, յուղոտ միս) ոչ չափավոր օգտագործումը։ Ճ-ման զարգացմանը նպաստում է նաև ալկոհոլային խմիչքների պարբերաբար օգտագործումը, քանի որ ալկոհոլի կալորիականությունը բարձր է, իսկ նրա օգտագործումը հաճախ ուղեկցվում է ուտելու անզուսպ պահանջով։

Ճ-ման առաջացման գործում որոշակի դեր են խաղում օրգանիզմի ժառանգական-կառուցվածքային առանձնահատկությունները։ Սակայն, մեծ մասամբ «ընտանեկան գիրությունը» նույնպես կապված է չափից ավելի սնվելու սովորության հետ։ Այդպիսի ընտանիքներում երեխաների գերսնումը (հատկապես վաղ տարիքում) հանգեցնում է նյութափոխանակության խանգարման և դեռևս մանուկ հասակում Ճ-ման առաջացման։ Այդ խանգարումները գնալով խորանում են, քանի որ ճարպային հյուսվածքը, ինչպես և օրգանիզմի ամեն մի հյուսվածք, սնունդ է պահանջում, ախորժակը լավանում է, և գերսնման հետևանքով զարգանում է Ճ.։ Որոշ դեպքերում Ճ. պայմանավորված է ներզատիչ գեղձերի հիվանդություններով։

Ճ. դրսևորվում է մարմնի զանգվածի զգալի ավելացմամբ։ Ընդունված է տարբերել Ճ-ման 4 աստիճան. 1-ին աստիճանի դեպքում մարմնի զանգվածը գերազանցում է նորմայից 30 %-ով. 2–րդի դեպքում 30-50 %-ով, 3-րդի դեպքում՝ 50-100 %-ով, 4-րդի դեպքում 100 %-ից ավելի։ Ճ-ման 1-ին և 2-րդ աստիճանների դեպքում աշխատունակությունը և կենսական ակտիվությունը սովորաբար չեն խախտվում, բայց հարկավոր է հիշել, որ Ճ-ման մի փուլն աստիճանաբար և երբեմն մարդու համար աննկատելիորեն անցնում է մյուսին։ Նյութափոխանակության փոփոխությունը, ոսկրերի և հոդերի աճող ծանրաբեռնվածությունը հանգեցնում են հենաշարժական ապարատի փոփոխությունների։ Արտահայտված Ճ-ման դեպքում անխուսափելի են շնչառական և սիրտանոթային համակարգի խանգարումները, որոնք կարող են հանգեցնել թոքային և սրտային անբավարարության։ Նույնիսկ Ճ-ման սկզբնական փուլերը վնասակար են օրգանիզմի համար, ավելորդ զանգվածը կարող է նպաստել շաքարախտի, հիպերտոնիկ հիվանդության, կրծքային հեղձուկի, սրտամկանի ինֆարկտի և այլ հիվանդությունների առաջացմանը։

Առանց բժշկի հետ խորհրդակցելու անցանկալի է նիհարելու նպատակով զբաղվել քաղցաբուժությամբ, ախորժակի վրա ազդող դեղորայք ընդունել։

Ճ-ման կանխարգելումը պետք է սկսել մանուկ հասակից։ Չի կարելի գերսնել երեխային, նրան հարկավոր է վարժեցնել բազմազան և չափավոր սննդի, ֆիզիկական ակտիվության, առավոտյան մարզանքի, ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելուն։ Հասուն տարիքում հարկավոր է հետևել սեփական մարմնի զանգվածին։ 35-40 տարեկանից աստիճանաբար պետք է պակասեցնել սննդի օրաբաժնի կալորիականությունը։