ՏՏՀ/Ձվածեղ
ՁՎԱԾԵՂ, պատրաստում են ձվով կամ ձվով ու տարբեր մթերքով՝ մսեղենով (խոզապուխտ, երշիկ, միս, խոզի ճարպ), բանջարեղենով (կանաչ սոխ, պոմիդոր), կաթնամթերքով (պանիր, սերուցք, թթվասեր, կաթ), մուրաբայով, մեղրով, խնձորով ևն։ Ձ. պատրաստում են կարագով կամ յուղով, մարգարինով կամ խոզի ճարպով։
Ձ. հարած ձվով. կարագը հալել տապակի մեջ, այն վերցնել կրակից, վրան ջարդել ձվերը, մի քիչ կաթ լցնել, աղ ցանել և հարել։ Այնուհետև դնել կրակի վրա և, անընդհատ խառնելով, տապակել։ Երբ Ձ. հեղուկ շիլայի տեսք ստանա՝ վերցնել կրակից, լցնել ափսեի մեջ և շուրջը շարել յուղով բոված սպիտակ հացի կտորներ։
3 ձվին՝ 1 ճաշի գդալ կարագ կամ մարգարին, 2 ճաշի գդալ կաթ։
Ձ. պոմիդորով և սոխով. պոմիդորը կեղևել, շերտերով կտրտել և տապակել, այնուհետև վրան լցնել ձուն և 7-8 րոպե տապակել առանց խառնելու, աղ և պղպեղ ցանել։ Գլուխ սոխը կլոր-կլոր կտոտել, առանձին տապակել և մատուցել Ձ-ի հետ։
3-4 պոմիդորին (250-300 գ)՝ 4-5 ձու, 4 ճաշի գդալ կարագ կամ մարգարին, 4-5 գլուխ սոխ։
Ձ. կանաչ սոխով. կանաչ սոխը լվանալ, մաքրել, սրբիչով չորացնել, կտրտել, այնուհետև ձուն ջարդել, խառնել սոխի հետ, աղ ցանել և տապակել։
Ձ. պանրով. ձուն ջարդել, խառնել խոշոր քերիչով քերած պանրին և կարագով տապակել։
6 ձվին՝ 75 գ պանիր, 4-5 ճաշի գդալ կարագ կամ մարգարին։
Ձ. խնձորով. խնձորները կեղևել, միջուկը հանել, 0,5 սմ հաստության շերտերով կտրտել, թաթախել ալյուրի մեջ և կարագով տապակել։ Այնուհետև խնձորի վրա լցնել ձուն, աղ ցանել և դնել ջեռոցը։
Ձ-ով ջեռեփուկ. հում ձուն և ալյուրը խառնել, ավելացնել հալած կարագ և կրկին խառնել։ Ստացված խառնուրդն աստիճանաբար բացել գոլ կաթով և անցկացնել ցանցով։ Զանգվածը լցնել յուղած տապակի մեջ և դնել ջեռոցը։ Մատուցել տաք և վրան յուղ լցնել։
- 3 ձվին՝ 2 1/2 ճաշի գդալ կաթ, 1 թեյի գդալ ալյուր, 2 թեյի գդալ հալած կարագ։