Մանանեխի ծեփոն
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 315
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ՄԱՆԱՆԵԽԻ ԾԵՓՈՆ, մանանեխի փոշու շերտով պատված թղթի թերթիկ։ Օգտագործելուց առաջ Մ. ծ. հարկավոր է թրջել գոլ ջրում, իսկ այնուհետև կպցնել անմիջականորեն մաշկին կամ (եթե մաշկը շատ զգայուն է) լրագրի, թանզիֆի, քաթանի վրայից։ Մ.ծ. հարկավոր է պահել մինչև մաշկի կարմրելը (սովորաբար 5-10 րոպե)։ Ծեփոնը հանելուց հետո մանանեխի մնացորդը հարկավոր է մաշկից հեռացնել գոլ ջրով, ապա մաշկը զգուշորեն ցամաքեցնել, իսկ զգալի կարմրության դեպքում վազելին քսել։ Տնային պայմաններում Մ.ծ. պատրաստելու համար չոր մանանեխը (երեխաների համար՝ ցորենի ալյուրի կամ օսլայի հետ 1:1 հարաբերությամբ խառնած) բացել գոլ ջրով մինչև թանձր զանգված ստանալը։ Զանգվածը քսել խիտ գործվածքի վրա՝ մոտավորապես 1/2 սմ հաստության շերտով, վրայից ծածկել գործվածքով և դնել մաշկի վրա։ Ծեփոնը կիպ սեղմել՝ պահելով ձեռքով կամ վիրակապով կապելով։ Վերին շնչառական ուղիների բորբոքման դեպքում ծեփոնները դրվում են կրծքին (կրծքավանդակի կենտրոնում) և ձկնամկաններին, հիպերտոնիայի դեպքում՝ ծոծրակի շրջանում ևն։ Մ.ծ–ի օգտագործումը հակացուցված է զանազան մաշկային հիվանդությունների դեպքում։ Կրծքի և մսուրային տարիքի երեխաներին խորհուրդ է տրվում փաթաթել մանանեխի լուծույթով թրջած շորով. քաթանը թրջել մանանեխի գոլ լուծույթով (1 թեյի գդալ չոր մանանեխ՝ 0,5 լ ջրին), քամել, արագ փաթաթել մարմնի անհրաժեշտ մասը, երեխային ծածկել սավանով և վերմակով (կարելի է պահել 3-ից մինչև 10 րոպե)։