Մազեր
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 314
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ՄԱԶԵՐ, մազը կազմված է երկու մասից՝ մաշկի մեջ գտնվող արմատից և մաշկի մակերևույթից վեր ելնող ցողունից։ Մազարմատը վերջանում է մազի կոճղեզով, որին կպած է մազապտկիկը։ Մազարմատը տեղավորված է մազապարկիկում, որը լայնանում է դեպի մաշկի մակերևույթը (մազապարկի ձագար)։ Մազապարկիկներն ունեն արյունատար անոթներ, նյարդեր և ճարպագեղձեր։ Մազապարկիկի մեջ են բացվում ճարպագեղձերի ծորանները, իսկ մկանը, որի կրճատման շնորհիվ Մ. բարձրանում են, նպաստում է ճարպագեղձից արտազատուկի դուրս մղմանը։ Յուրաքանչյուր մազ ունի աճի որոշակի տևողություն, որից հետո այն ընկնում է։ Ամենից արագ աճում են գլխի մազերը։ Հոնքերն ավելի դանդաղ են աճում։ Մ-ի աճի արագությունը 50 տարեկանից հետո զգալիորեն նվազում է։

Մ. մշտապես մեռնում և թափվում են։ Մեռած մազը դեռ որոշ ժամանակ գտնվում է մաշկի մեջ, սակայն ցանկացած մեխանիկական ազդեցությունից (լվանալիս կամ սանրելիս) հեշտությամբ ընկնում է։ Թափված Մ. փոխարինվում են նորերով։ Շատ հաճախ մազաթափությունը կապված է լինում օրգանիզմի հիվանդությունների (այղ թվամ վարակիչ, երկարատև քրոնիկական), ինչպես նաև ճարպազատման խանգարման (սեբոռեա) հետ։ Ուստի, ուժեղ մազաթափության ժամանակ անհրաժեշտ է դիմել բժշկի։

Մ-ի խնամքը։ Գլուխը պետք է լվանալ հոսող տաք ջրով։ Կոշտ ջուրը կարելի է փափկացնել խմելու սոդայով (1/2 թեյի գդալ 1 լ ջրին)։ Բնականոն Մ. խորհուրդ է տրվում լվանալ 7, չոր Մ.՝ 7-10, ճարպոտ Մ.՝ 5-7 օրը մեկ։ Ճարպոտ Մ-ի դեպքում գլուխը հաճախ լվանալը կարող է արագացնել ճարպազատումը։ Խորհուրդ չի տրվում Մ. լվանալ տնտեսական օճառով։ Օճառն անմիջապես Մ–ին քսելն անցանկալի է, ավելի լավ է Մ. պատել օճառափրփուրով և դանդաղ շրջանաձև շարժումներով ներմերսել գլխի մաշկի մեջ։ Պարզաջրին քացախ կամ կիտրոնի հյութ (1 ճաշի գդալ 1 լ ջրին) ավելացնելը Մ-ին տալիս է փայլ և փափկություն։ Բաց գույնի Մ. կարելի է պարզաջրել երիցուկի թուրմով, որը ոսկեգույն երանգ է տալիս։ Չոր Մ. ավելի լավ է լվանալ շատ ճարպ պարունակող օճառով, ինչպես նաև չոր Մ-ի համար նախատեսված շամպունով։ Օճառի փոխարեն կարելի է օգտագործել մածուն կամ ձվի դեղնուց. մածունն առատորեն քսել գլխի մաշկին և Մ-ին, գլուխը կապել գլխաշորով և 5-10 րոպեից հետո տաք ջրով խնամքով լվանալ։ Դեղնուցով լվանալու համար այն պետք է հարել քիչ ջրով, ստացված հեղուկով լվանալ Մ., ապա պարզաջրել տաք ջրով։ Մազարմատներն ամրացնելու և աճն արագացնելու նպատակով լավ է Մ. ողողել աղաջրի լուծույթով (1 լ ջրին՝ 1 ճաշի գդալ աղ), շաբաթը 2 անգամ սնուցել ձվի դեղնուցով. դեղնուցը քսել մազարմատներին, 15 րոպե պահելուց հետո գլուխը լվանալ գոլ ջրով։ Խորհուրդ է տրվում նաև Մ. լվանալուց 1-2 ժամ առաջ մաշկը շփել մի փոքր տաքացրած ձեթով (գերչակի, ձիթապտղի ևն)։ Ճարպոտ Մ. լվանալուց հետո լավ է ցողել եղինջի, եզան լեզվի, կաղնու տերևների թուրմով։ Օգտակար են նաև բուսական ծագում ունեցող միջոցները՝ հինայի, բասմայի, երիցուկի, սոխի և կանաչ ընկույզի կեղևի թուրմերը։ Խորհուրդ է տրվում Մ. չորացնել փափուկ սրբիչով։

Կարճ Մ. պետք է սանրել արմատից, իսկ երկար Մ.՝ ծայրերից։ Հատկապես զգուշորեն պետք է սանրել չոր Մ.։ Սանրը պետք է ունենա նոսր և ոչ սուր ատամներ։ Մ. ցանկալի է սանրել խոզանակով, որի շնորհիվ ճարպը հավասարաչափ տարածվում է մազի ամբողջ երկարությամբ, լավանում է գլխի մաշկի արյան շրջանառությունը։ Խոզանակը պետք է լինի կոշտ, բայց ոչ ծակծկող։ Ուրիշի սանրից և խոզանակից օգտվելն անթույլատրելի է։ Ծանր և նեղ գլխարկները, կեղծամների ամենօրյա օգտագործումը ճնշում են մաշկը և դժվարացնում օղի ներթափանցումը, որը նպաստում է մազաթափությանը։ Արևի, քամու, ծովի ջրի ազդեցությունից Մ. դառնում են խամրած, չոր, փխրուն, փոխվում է նրանց գույնը։ Ցուրտը նույնպես բացասաբար է անդրադառնում Մ-ի վրա, ուստի ցուրտ եղանակին անհրաժեշտ է գլխարկ դնել։ Փոշոտ աշխատանքի ժամանակ Մ. պետք է ծածկել գլխաշորով։ Ամուր ձգելուց, փաթաթելուց, ինչպես նաև մշտապես պինդ հյուսելուց Մ. դառնում են դյուրաբեկ և թափվում են։