ՄԱՆԴԱՐԻՆ, աճեցնում են Սև ծովի ափերին, ԱՊՀ-ում՝ առավելապես Վրաստանում։ Մ-ի բերքը հավաքում են հոկտեմբերի վերջերին-նոյեմբերի սկզբներին։

Լավ են պահպանվում հասուն պտուղները, որոնք ունենում են դեղին կեղև։ Պահելու ընթացքում պտուղները կարող են փչանալ նույնիսկ աննկատելի վնասվածքներից և քերծվածքներից։ 2-3 °C ջերմաստիճանում Մ. կարելի է պահել 3-4 ամիս։ 2 °C–ից ցածր ջերմաստիճանում կեղևի վրա առաջանում են դարչնագույն կետեր, որոնք աստիճանաբար մեծանում են և փչացնում պտուղները։ Ավելի բարձր ջերմաստիճանում Մ. ախտահարվում է բորբոսով։ Պտուղները լավ պահպանվում են, եթե դրանք փաթաթում են ծխախոտի թղթով։

Մ. հարուստ է շաքարներով, պեկտինային նյութերով, կիտրոնաթթվով, վիտամիններով (առանձնապես C և P) և բույսերում առկա գրեթե բոլոր հանքային աղերով, պտուղներին յուրահատուկ համ տվող եթերայուղերով (կեղևում)։ Կեղևում C վիտամինը 130 մգ % է, պտղամասում՝ 38 մգ %:

Մ. առավելապես օգտագործվում են թարմ, ինչպես նաև հյութ, կոմպոտ, մուրաբա, շաքարաչիր պատրաստելու համար։